Արդեն լրացել է հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու փաստով հարուցված քրեական գործի հարուցման երկու ամիսը։
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» հարցում է ուղարկել Հատուկ Քննչական Ծառայություն՝ պարզելու հետևյալ հարցերի պատասխանները՝ գործում ներգրավված քանի՞ լրագրող է հարցաքննվել, կա՞ արդյոք գործում ներգրավված կասկածյալ, քանի՞ քննիչ է վարում քրեական գործը և այլն։
ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ իրենց այս հարցերին ի պատասխան՝ ՀՔԾ-ն երկու նամակ է ուղարկել. «Առաջին նամակում ընդամենը երկու նախադասություն է, մեկում ասվում է, որ հարուցվել է քրեական գործ, երկրորդ նախադասությամբ էլ նշվում է. «Ձեր կողմից խնդրարկված տվյալները նախնական քննության տվյալներ են հանդիսանում և հրապարակման ենթակա չեն»։ Երկրորդ նամակին ևս ՀՔԾ-ի կողմից տրվել է նույն պատասխանը»,- ասում է պարոն Մելիքյանը։
Ըստ նրա՝ այստեղ խնդիր կա, քանի որ օրենքը չի սահմանում, թե ինչն է հանդիսանում նախնական քննության տվյալ և ինչը հրապարակման ենթակա չէ.
«Մեր գործընկեր իրավաբանները համարում են, որ սա օրենքի բաց է և պատասխանների հիման վրա մենք դիմելու ենք ՀՀ Դատախազություն, հետո արդեն դատական ատյաններ՝ տեսնելու, թե պետության արձագանքը ինչպիսին է։ Դրանից հետո իրավաբանները համարում են, որ արժի դիմել Սահմանադրական դատարան՝ այդ օրենսդրական բացը լուծելու համար»։
Ըստ նրա՝ պետական մարմինների կողմից նման անտարբեր վերաբերմունքի պատճառով է, որ Հայաստանը միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից ամեն տարի հայտնվում է անազատ խոսք ունեցող երկրների ցանկում։