Կարծում եմ` նման ցինիկ պատասխանը հարցի լուծում չի կարող լինել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Վերջինս նման գնահատական տվեց լրագրողի ներկայացրած փաստին, համաձայն որի` վերջերս «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոնիսյանը մի հարցում էր ուղարկել Ոստիկանություն: Հաշվի առնելով, որ հունիսի 23-ին ուժային գործողություններում ամենաակտիվ դերակատարներից մեկը Լևոն Երանոսյանն էր, ով բացի փոխոստիկանապետ լինելուց, նաև ոստիկանական զորքերի հրամանատարն է, Դանիել Հովհաննիսյանը հարց է ուղղել, թե ինչ իրավունքով է ոստիկանական զորքերի հրամանատարը գտնվել այնտեղ, այն դեպքում, երբ, ըստ օրենքի, ոստիկանական զորքերը իրավունք չունեն խաղաղ ցույց ցրել:
Իսկ պատասխանն այսպիսին է եղել. «Լևոն Երանոսյանն այդ օրը չի գտնվել որպես ոստիկանական զորքերի հրամանատար»:
Աշոտ Մելիքյանն այս առիթով նաև ընդգծեց, որ երբ պետական ատյանը քաղաքացուն կամ հասարակական կազմակերպությանը նման պատասխան է տալիս, ապա տվյալ ատյանը չպետք է ակնկալի որևէ հարգանք ու վստահություն իր նկատմամբ:
«Հարգանքն ու վստահությունն այդքան էլ չեն կարևորում մեր իրավապահ մարմինները` հակառակ դեպքում ՀՔԾ-ն մեր հարցումներին էլ ավելի հարգանքով կմոտենար»,- նկատեց Աշոտ Մելիքյանը:
Վերջինս նաև նշեց, որ հստակ չի կարող ասել, թե վերջին շրջանում մի շարք լրատվամիջոցների, մասնավորապես Առաջին լրատվականի և Գալայի աշխատակիցների աշխատանքից ազատվելու դեպքերը որքանո՞վ կարող են կապ ունենալ Բաղրամյանի դեպքերի, հարուցված քրեական գործի հետ:
«Դա ենթադրությունների ոլորտից կլինի: Պետք է այդ հարցը տալ լրատվամիջոցների ղեկավարներին: Մեր աշխատակիցը հեռախոսազրույց է ունեցել նրանց աշխատակիցների հետ, թե արդյոք իրենք հարցաքննվել են հունիսի 23-ի դեպքերի մասով, թե՝ ոչ»,-ասաց Աշոտ Մելիքյանը:
Ասուլիսին ներկա աշխատակիցը՝ Լիլիթ Հովհաննիսյանն էլ արձագանքեց, որ խոսել են նաև աշխատանքից նրանց հեռացնելու մասին:
«Ասել են, որ չգիտեն` ինչն է պատճառը: Իրենց ոչ մի հիմնավորում չեն տվել:
Փորձել ենք կապ հաստատել ղեկավարի հետ, բայց ղեկավարը չի ուզում նշել որևէ հիմնավորում, և այլևս ոչ մի զրույց այդ թեմայով չի ցանկանում ունենալ»,- եզրափակեց Լիլիթ Հովհաննիսյանը: