Սեպտեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ցուցում է տվել Հատուկ քննչական ծառայությանը ձեւավորել քննչական խումբ՝ հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստերով հարուցված քրեական գործը քննելու համար։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ՀՀ դատախազության եւ ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի՝ Երեւանում կազմակերպած «կլոր սեղանի» քննարկումների ընթացքում հաղորդեց, որ ծավալուն քրեական գործը վարում է ընդամենը մեկ քննիչ, եւ դրա հետեւանքով երկու ամսվա ընթացքում տուժած լրագրողներից եւ օպերատորներից 6-ը չեն հարցաքննվել։
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած նստացույցը ցրելիս ոստիկանության ստորաբաժանումները խոչընդոտել էին տարբեր ԶԼՄ-ների 24 աշխատակիցների՝ լրագրողների, օպերատորների, լուսանկարիչների մասնագիտական աշխատանքը, ֆիզիկական բռնության ենթարկել նրանց, կոտրել, վնասել նրանցից շատերի նկարահանող սարքերը, ոչնչացրել տեսագրություններ ու լուսանկարներ, առգրավել հիշողության քարտերը:
Դեպքից 10 օր անց՝ հուլիսի 3-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվեց քրեական գործ։ Օրեր անց ոստիկանությունը սկսեց վերադարձնել լրագրողներից առգրաված տեսանկարահանող սարքերն ու հիշողության քարտերը։ Սակայն լրատվամիջոցների աշխատակիցները շատ շուտ նկատել են, որ լուսանկարներն ու տեսանյութերը մասամբ կամ ամբողջովին ջնջված են…
«iLur.am» լրատվական կայքի թղթակից Հակոբ Կարապետյանը լուսանկարել էր, թե ինչպես է ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը խլում եւ կոտրում «1in.am» կայքի օպերատորի տեսախցիկը: Թեեւ փաստն արձանագրելուց հետո լրագրողը թաքցրել էր հիշողության քարտը, սակայն ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի հրամանով ոստիկանները խուզարկել ու լրագրողի գրպանից գտել էին այն… «Գտածոն» վերցնելուց հետո Հունան Պողոսյանը հայտարարել էր՝ «կգաս, մաքուր չիպը կստանաս»:
Միջադեպից երեք օր անց` հունիսի 26-ին, լրագրողը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին: Նրան հրավիրել են ոստիկանության Ներքին անվտանգության վարչություն: Առաջարկել են գործարք. կվերադարձնեն հիշողության քարտը, եթե նա հետ վերցնի հաղորդումը: Հակոբ Կարապետյանը չի համաձայնել այդ պայմանին եւ պնդել է, որ քրեական գործ հարուցվի` ընդգծելով՝ իր դիմումի իմաստը լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելն է: Ոստիկանությունը հաղորդումն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:
…Սեպտեմբերի 3-ին լրացավ քրեական գործի՝ նախաքննության համար նախատեսված երկամսյա ժամկետը։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը օրենքով սահմանված կարգով լրացուցիչ ժամկետ ստացավ իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու համար։ Սակայն երկամսյա ժամկետը լրանալուց հետո անգամ գործի ընթացքի վերաբերյալ ՀՔԾ-ն որեւէ տեղեկություն չհաղորդեց:
Հաշվի առնելով լրագրողների նկատմամբ բռնությունների անպատժելիությունը Հայաստանում, ինչպես նաեւ հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ԶԼՄ-ների աշխատակիցների դեմ բիրտ ուժի կիրառման աննախադեպ ծավալը՝ ԽԱՊԿ-ը ձեռնամուխ եղավ քրեական գործի ընթացքին հետեւելուն:
Կոմիտեն հարցում ուղարկեց Հատուկ քննչական ծառայություն՝ պարզելու հետեւյալ հարցերի պատասխանները՝ երկու ամիսը լրանալուց հետո քրեական գործի ընթացքը երկարաձգվելո՞ւ է, թե ոչ, կա՞ն արդյոք լրագրողներ, ովքեր դեռ չեն հարցաքննվել, քանի՞ լրագրող է այս գործով տուժող ճանաչվել, քանի՞ քննիչ է վարում այդ գործը, մեղադրյալներ կամ կասկածյալներ կա՞ն, թե ոչ:
Մի քանի կետերից բաղկացած այս հարցմանը ՀՔԾ-ն պատասխանեց ընդամենը երկու նախադասությամբ. առաջինով հիշեցրեց, որ քրեական գործ է հարուցվել, երկրորդ նախադասությամբ նշեց, թե ԽԱՊԿ-ի պահանջած տվյալները նախաքննության գաղտնիք են համարվում, ուստի հրապարակման ենթակա չեն: ՀՔԾ-ից ակնկալվող տեղեկությունները չստանալով` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն փորձեց սեփական ուժերով հայթայթել փաստեր՝ գործի ընթացքի վերաբերյալ: ԽԱՊԿ-ը կապ հաստատեց հունիսի 23-ին տուժած բոլոր լրագրողների հետ: Արդյունքում պարզ դարձավ, որ 24 տուժած լրագրողներից 6-ը երկու ամսվա ընթացքում դեռ չեն հարցաքննվել: ԽԱՊԿ-ի ուշադրությունը գրավեց հատկապես այն փաստը, որ այս ծավալուն գործով միայն մեկ քննիչ է զբաղվում, ինչը անհնարին է դարձնում այդ գործի պատշաճ քննությունը։
ԽԱՊԿ-ի նախաձեռնությամբ լրագրողական 9 կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ՝ ՀՀ քննչական ծառայությունից պահանջելով կազմավորել ներկայացուցչական քննչական խումբ, որն ի զորու կլինի խորությամբ եւ օբյեկտիվորեն քննելու այս գործը:
Երբ սեպտեմբերի 15-ին ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը իրավիճակը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, վերջինս նախ զարմացել է, ապա ճշտել այդ տեղեկությունը եւ համոզվելով, որ այն համապատասխանում է իրականությանը, ցուցում է տվել ՀՔԾ-ին՝ այս գործը քննելու համար ձեւավորել քննչական խումբ։
Այս պարագայում առնվազն տարօրինակ է ՀՔԾ-ի ծայրահեղ գաղտնի գործելաոճը։ «Նախաքննության գաղտնիքի» անվան ներքո փորձելով հանրությունից ամեն կերպ թաքցնել նույնիսկ ընդհանուր բնույթի տեղեկությունները, այս մարմինը կարող է վերջնականապես կորցնել քաղաքացիների վստահությունն իր նկատմամբ ընդհանրապես եւ այս կարեւորագույն գործի առումով մասնավորապես։
Անկասկած, քննչական խումբը կարող է շատ ավելի արդյունավետ գործել, քան մեկ քննիչը։ Այս առումով արդյո՞ք ավելի կարեւոր չէր հասարակական կազմակերպության տեղեկացվածությունը ՀՔԾ-ի կողմից «գաղտնիք» որակվող փաստի մասին, քան այդ մարմնի «գաղտնիության» շղարշը, որով կարող են քողարկվել թերություններն ու անգործությունը։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե