Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերի 23-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպեց «կլոր սեղան»-քննարկում`«Տեղեկատվության ազատությունը Հայաստանում. օրենսդրությունն ու պրակտիկան» թեմայով։ Քննարկմանը մասնակցում էին լրագրողներ, մեդիա փորձագետներ, իրավապաշտպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Այս «կլոր սեղանի» թեման ավելի արդիական ու հրատապ դարձավ, քանի որ հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունեց լրագրողների կողմից շատ սպասված՝ «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը»:
Քննարկումը վարող ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը շնորհավորեց լրագրողներին կարգի ընդունման կապակցությամբ՝ ընդգծելով, որ նախկինում տեղեկություն տրամադրելու առումով բազմաթիվ խնդիրներ էին առաջանում։ 12 տարվա հետեւողական պայքարի արդյունքում վերջապես կարգն ընդունվեց ու կարելի է այդ խնդիրները գոնե նորմատիվ առումով լուծված համարել։
Աշոտ Մելիքյանը քննարկումն սկսեց տեղեկություններ ստանալու իրավունքի խախտման թարմ օրինակով։ Նրա խոսքով՝ քանի որ ԽԱՊԿ-ն շարունակում է հետեւել հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի ընթացքին, պարբերաբար հարցումներ է ուղարկում պետական ատյաններին: «Հատուկ քննչական ծառայությանն ուղարկած վերջին նամակով ցանկանում էինք իմանալ՝ արդյո՞ք ՀՔԾ-ն դատախազության ցուցումից հետո կազմավորել է քննչական խումբ, եթե այո, ապա քանի՞ քննիչ է ներգրավված այդ խմբում, եւ այլ իրավապահ մարմիններից մասնագետներ ընդգրկվե՞լ են, թե՞ ոչ»: Եթե կոմիտեի նախորդ նամակին ՀՔԾ-ն պատասխանել է, թե պահանջվող տեղեկությունները նախաքննության գաղտնիք են ու հրապարակման ենթակա չեն, ապա այս անգամ երեք հարցերից պատասխանել են ընդամենը մեկին՝ տեղեկացնելով, որ քննչական խումբն է քննելու գործը։ «Փաստորեն, ոչ ամբողջական պատասխան տալու առումով ՀՔԾ-ն իր ոճի մեջ է մնացել», – նկատեց ԽԱՊԿ նախագահն ու խոսքը փոխանցեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նոր ղեկավար Լիանա Դոյդոյանին։
ԻԱԿ նախագահը նշեց, որ իրականում պետական մարմինների շրջանում նոր ավանդույթ է ձեւավորվում. «Եթե նախկինում տեղեկություններ ստանալու հարցումներին պետական մարմինների արձագանքը լինում էր լուռ մերժումը, ապա այսօր այն փոխարինվել է լղոզված պատասխաններով: Նոր ընդունված կարգն այս խնդրին հստակ լուծում է տվել։ Եթե հարցումը համարակալված է, բաղկացած է մի քանի կետերից, պատասխանը նույնպես պետք է համարակալված լինի։ Հակառակ դեպքում այն կհամարվի ոչ պատճաշ պատասխան»:
Լիանա Դոյդոյանը ներկայացրեց, թե կարգն էլ ինչ խնդիրներ է լուծում ու ինչ նորություններ է պարունակում։ Մասնավորապես, նա անդրադարձավ էլեկտրոնային հարցումների կարգավորման, տեղեկատվության համար պատասխանատու պաշտոնյաների, տեղեկության տրամադրման համար գանձվող վճարների խնդիրներին։ «2016 թ. հունվարի 1-ից գրավոր և բանավոր հարցումների նման էլեկտրոնայինը եւս կհամարվի իրավական պաշտոնական տեղեկություն ստանալու հարցում, որին պետք է պատասխան տրվի նույն ընթացակարգով: Նոր կարգով լուծվել է նաեւ տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձերի խնդիրը: Նախկինում լրագրողները, քաղաքացիները շղթայական զանգեր էին կատարում, որպեսզի ստանան իրենց հետաքրքրող տեղեկությունները։ Նոր կարգի համաձայն՝ յուրաքանչյուր գերատեսչություն տեղեկատվության համար պատասխանատու պաշտոնյա պետք է ունենա»:
Ինչ վերաբերում է տեղեկության տրամադրման համար գանձվող վճարներին, ապա Լիանա Դոյդոյանի խոսքով՝ նոր կարգի համաձայն՝ մինչև 10 էջ տրամադրվող ինֆորմացիան անվճար է, 11-րդ էջից սկսած՝ մեկ էջի գումարը սահմանվելու է մինչև 10 դրամ։
ԻԱԿ իրավաբան Գեւորգ Հայրապետյանն էլ իր ելույթում անդրադարձավ տեղեկատվության ոլորտում առկա դատական պրակտիկային։ Նրա խոսքով՝ այստեղ հանդիպող հիմնական խնդիրները կապված են տեղեկությունների տրամադրման ժամկետների, «խորամանկ» պատասխանների, հրապարակային աշխատելու մշակույթի բացակայության հետ։
Գեւորգ Հայրապետյանն ընդգծեց, որ պետական մարմինների գործելաոճում նկատելի է փոփոխություն. «Այժմ նրանք ոչ թե սկսել են լավ աշխատել, այլ սկսել են ցույց տալ, թե լավ են աշխատում: Կտրուկ պակասել է հարցումներին չպատասխանելու, լուռ մերժումների թիվը։ Նախկինում նման «արձագանքի» արժանացած հարցումների թիվը կազմում էր 30 տոկոս, այժմ՝ 6 տոկոս։ Երեւի հասկացել են, որ չպատասխանելու դեպքում խոցելի են դառնում ու սկսել են ձեւավորել նոր՝ լղոզված, «խորամանկ» պատասխաններ տալու պրակտիկա:
Չնայած վերոհիշյալ խնդիրներին, Գեւորգ Հայրապետյանը, այդուհանդերձ, նշեց, որ պետական մարմինների աշխատանքում՝ տեղեկություններ տրամադրելու առումով առաջընթաց է նկատում։ Սակայն քննարկման մասնակից, «Newsbook.am» լրատվական կայքի խմբագիր Գոհար Վեզիրյանը չհամաձայնեց ԻԱԿ իրավաբանի հետ ու նշեց, որ լրագրողական պրակտիկան այլ բան է վկայում։ «Նախկինում պետական մարմիններն էլ ավելի թափանցիկ ու լավ էին աշխատում, ուշացնելու դեպքում էլ զգուշացնում, տեղեկացնում էին այդ մասին, հիմա՝ ոչ: Բավական չէ՝ չեն պատասխանում, դրան էլ գումարած այնքան են ձգձգում պահանջվող տեղեկության տրամադրումը, հոդվածը կորցնում է իր հրատապությունը։ Լրագրողը հոգնում է ու այլեւս չի էլ հետաքրքրվում իր հարցման ճակատագրով»։
ԻԱԿ ներկայացուցիչները նշեցին, որ փորձնական նույն հարցն ուղարկել են պետական մարմիններին եւ իրենք, եւ լրագրողները, եւ շարքային քաղաքացիները։ Կենտրոնին պատասխանել են, իսկ լրագրողներին ու քաղաքացիներին՝ ոչ։ «ԻԱԿ-ին պատասխանում են, քանի որ գիտեն, որ հակառակ դեպքում կդիմենք դատարան, իսկ լրագրողին չեն պատասխանում, քանի որ նրանց մեծ մասը չի դիմում», – նշեցին բանախոսները՝ կոչ անելով ԶԼՄ-ներին ու դրանց աշխատակիցներին նման դեպքերում դիմել դատարան։ Դա անհրաժեշտ է, որպեսզի պետական մարմինները դադարեն լղոզված, խուսափողական ու խորամանկ պատասխաններ տալ։ Բանախոսները, դիմելով քննարկման մասնակիցներին առաջարկեցին. եթե նույնիսկ ժամանակ չունեք, խնդրի մասին տեղյակ պահեք ԻԱԿ-ին, «մենք ձեր փոխարեն կդիմենք»։
Ամփոփելով քննարկումը ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը եւս խորհուրդ տվեց լրագրողներին՝ կամ անձամբ դիմել դատարան, կամ ԻԱԿ-ի միջոցով դա անել։ Նրա խոսքով՝ միայն այդկերպ է հնարավոր սովորեցնել պետական պաշտոնյային հաշվի նստել լրագրողի հարցման հետ:
Լիլիթ Հովհաննիսյան