Այսօր լրանում է ս.թ. հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների 6 ամիսը։ Բիրտ ուժ կիրառելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարների դեմ, ոստիկանության ստորաբաժանումները ֆիզիկական բռնության ենթարկեցին նաեւ 14 լրագրողի եւ օպերատորի, խոչընդոտեցին տարբեր ԶԼՄ-ների ավելի քան 20 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը։
Ոստիկանների գործողությունները նպատակաուղղված բնույթ էին կրում, ինչի ապացույցներն են լրագրողների նկարահանող սարքերը միտումնավոր ջարդելու, դրանց հիշողության քարտերը ապօրինի առգրավելու, ԶԼՄ-ների աշխատակիցներին տարբեր բաժիններ բերման ենթարկելու, տեսագրությունները ու լուսանկարները ոչնչացնելու բազմաթիվ փաստերը։
Այդ դեպքերից կես տարի անց որեւէ մեկը օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության չի ենթարկվել։ Թեպետ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցել, դրանում ներգրավված լրագրողների պնդմամբ՝ այն ձեւական է ու անարդյունավետ։ Դրա մասին է վկայում նաեւ այն, որ չնայած նախաքննության ընթացքում գործով տուժող է ճանաչվել 31 անձ, առայսօր ոչ մի մեղադրյալ կամ նույնիսկ կասկածյալ չկա։ Եվ դա այն դեպքում, երբ համացանցը ողողված է տեսանյութերով, որտեղ բացահայտ երեւում է, թե ովքեր են վայրագություններ իրականացնողները։
Անպատժելիության այս մթնոլորտը նոր նմանատիպ օրինախախտումներ է առաջացնում։ Դրա ականատեսը մենք եղանք նաեւ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրը, երբ ֆիզիկական բռնության ենթարկվեցին 3, մասնագիտական գործունեության այլ խոչընդոտումների՝ 14 լրագրող ու օպերատոր։
Մենք, ներքոստորագրյալներս, կրկին արտահայտելով մեր վրդովմունքը իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ, վերահաստատում ենք նախորդ հայտարարություններում ներկայացված պահանջները. Հատուկ քննչական ծառայությանը՝ անաչառ եւ պատասխանատու մոտեցում ցուցաբերել գործը քննելիս, ՀՀ դատախազությանը՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել այս քրեական գործի նկատմամբ։
Մենք նաեւ հավաստիացնում ենք մեր գործընկերներին, որ շարունակելու ենք ուշադիր հետեւել իշխանությունների գործողություններին եւ օգտագործելու ենք թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային ատյաններում բոլոր հնարավորությունները լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքները պաշտպանելու համար։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ