2015 թվականը չափազանց բարդ ու լարված տարի էր լրագրողների և լրատվամիջոցների համար, աննախադեպ էր ֆիզիկական բռնությունների տեսանկյունից։ Անցած տարի մասնագիտական աշխատանքի ժամանակ հարձակման է ենթարկվել ավելի քան 20 լրատվամիջոցի ներկայացուցիչ։
Հատկապես լարված էր հունիսը, երբ լրագրողները լուսաբանում էին Բաղրամյան պողոտայի շուրջօրյա բողոքի ակցիաները հոսանքի թանկացման դեմ։ Հունիսի 23-ի առավոտյան լրատվամիջոցների 13 ներկայացուցիչներ տուժեցին Բաղրամյանում, երբ ոստիկանները բռնի ուժով ցրեցին ցուցարարներին, ջարդուփշուր արեցին տեսախցիկները, առգրավեցին հիշողության կրիչներ, ապա վերադարձրին, սակայն հաճախ առանց տեսանյութերի ու լուսանկարների։
Բռնության ևս մի քանի դեպքեր եղան դեկտեմբերի 6-ին՝ սահմանադրական հանրաքվեն լուսաբանող լրագրողների նկատմամբ։
«Եթե նույնիսկ համեմատություն անենք տխրահռչակ 2008 թվականի հետ, ներառյալ մարտի 1-ի իրադարձությունները, այնուամենայնիվ, 2008-ին ավելի քիչ էր ֆիզիկական բռնությունների քանակը, քան 2015 թվականին։ Եվ սա խոսում է գործունեության խիստ անբարենպաստ պայմանների մասին»,- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Նանե Սահակյան