Նախորդ ընտրությունների, ինչպես նաև հանրաքվեի ժամանակ, ըստ երևույթին, իշխանությունները նկատեցին, որ լրագրողները լուրջ դերակատարություն են ունենում որպես վերահսկող կողմ: Իսկ նման փոփոխությամբ որոշել են սահմանափակել նրանց գործունեությունը: NewsBook-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն՝ անդրադառնալով նոր Ընտրական օրենսգրքի նախագծի այն կետին, համաձայն որի՝ ընտրական յուրաքանչյուր տեղամասում միաժամանակ գտնվող տեղացի դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների ընդհանուր թիվը սահմանափակվել է 8-ով: «Նախ հարց է ծագում՝ ինչո՞ւ 8 և ոչ օրինակ՝ 6 կամ 10: Որևէ կերպ դրա հիմնավորումը չկա: Առհասարակ, այս սահմանափակումն արգելք է»,- նկատեց մեր զրուցակիցը: Աշոտ Մելիքյանի խոսքով՝ փոփոխությունը լրացուցիչ խնդիրներ կստեղծի. «Փաստորեն, այն լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք այդ 8-ի մեջ տվյալ պահին չեն գտնվի, ստիպված են լինելու հերթ կանգնել: Արդյունքում ավելորդ կուտակումներ են գոյանալու և դա կարող է խոչընդոտել ընտրական գործընթացը: Էլ չեմ ասում, որ այս քայլը կարող է արգելք հանդիսանալ այդ գործընթացն օբյեկտիվորեն լուսաբանելու համար, քանի որ ներսում գտնվողները սահմանափակ ժամանակով պետք է գտնվեն այնտեղ, որպեսզի կարողանան իրենց գործընկերներին զիջել»: Դիտարկմանը, թե ներսում գտնվելու ժամանակահատվածի մասին ոչինչ նշված չէ և նույնիսկ նշված չէ, թե այդ 8-ից քանիսն են լրագրողներ լինելու, քանիսը՝ դիտորդներ, Աշոտ Մելիքյանը նկատեց, որ ավելի վատ, որ նշված չէ: «Հիմա, փաստորեն, առաջին 8 հոգին որ գան, դրանից հետո որևէ այլ լրատվամիջոցի ներկայացուցիչ չի կարողանա այդտեղ ներկա գտնվել: Դա արդեն լուսաբանման խոչընդոտ կարող է առաջացնել, ինչը հակասում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին և, առհասարակ, ընտրական գործընթացի տրամաբանությանը»,- նկատեց նա: Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ նման փոփոխությունը բացի լրացուցիչ խոչընդոտներից, կարող է նաև լրատվամիջոցների նկատմամբ ընտրովի մոտեցում նախատեսել: «Այսինքն՝ իրենք կարող են իրենց յուրայիններին թողնել, ոչ յուրայիններին էլ չթողնել: Այստեղ բավականին լուրջ խնդիրներ են ծագելու: Լրագրողական հանրությունը քննարկումների ընթացքում պետք է հասնի նրան, որպեսզի վերանայվի այդ դրույթը»,-ասաց Աշոտ Մելիքյանը՝ հավելելով, որ առհասարակ, մինչ այսօր Ընտրական օրենսգրքի ամբողջ գործընթացը խիստ փակ է ընթացել: Այդ փուլում, փաստորեն, ժողովրդի կարծիքը հաշվի չի առնվել: Մենք պահանջում ենք քննարկումներ կազմակերպել, փաստաթուղթը դնել շրջանառության մեջ և ոչ թե հապճեպորեն ընդունել»,- ասաց ԽԱՊԿ նախագահը:
http://newsbook.am/?p=77521/zlm-neri+nkatmamb+yntrovi+motecum+klini+ashot+meliqyan&l=am