2010 թվականին թվային հեռարձակման լիցենզիա չստացած մարզային հեռուստաընկերությունների ապագան շարունակում է մնալ մշուշոտ։ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց կառավարության ներկայացրած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, սակայն դրանով ամենեւին էլ բոլոր հարցերի պատասխանները չտրվեցին:
Ի սկզբանե անալոգայինից թվային հեռարձակման անցնելիս պետությունը նախատեսում էր ամեն մարզում միայն մեկ տեղական հեռուստաընկերության առկայություն, մնացածները պետք է դադարեին գործել։ Թվայնացման պայմաններում դա միանգամայն անընդունելի մոտեցում էր, ինչի մասին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ու գործընկեր կազմակերպությունները բազմիցս են ասել։ Հիմա ըստ վերոհիշյալ օրենքի` հանրային հեռարձակման թվային ցանցից դուրս մնացած մարզային հեռուստաընկերություններին հնարավորություն տրվեց շարունակել անալոգային հեռարձակումը մինչեւ մասնավոր մուլտիպլեքսի ստեղծումը կամ մինչեւ նոր մրցույթների անցկացումը։
Առաջին հայացքից դա փրկություն էր թվում։ Տեղական որոշ հեռարձակողներ նույնիսկ էյֆորիայի մեջ ընկան։ Մինչդեռ, իրականում այս փոփոխությամբ փորձ արվեց խնդիրը լուծել միայն արտաքուստ. պետությունը չցանկացավ ակնհայտորեն իր ձեռքով փակել այդ հեռուստաընկերությունները, քանի որ դա կհակասեր թվայնացման գործընթացի տրամաբանությանը: Փոխարենը ստեղծվեցին մրցակցային անհավասար պայմաններ, ինչը կարող է հեռուստաընկերություններին դանդաղ մահվան տանել: Տրամաբանական է՝ եթե նույն մարզում գործի թվային հեռարձակման արտոնագիր ունեցող միայն մեկ հեռուստաընկերություն, իսկ մնացածը շարունակեն հեռարձակվել անալոգային եղանակով, թվային հեռարձակում ունեցող հեռուստաընկերությունը շատ ավելի շահեկան վիճակում կլինի։ Նախ՝ տեխնոլոգիական առումով թվայինը ավելի որակյալ է, քան անալոգայինը, ապա՝ թվային ընդունիչ (հեռուստացույց կամ ապակոդավորող սարք) ունեցողները այլեւս չեն դիտի անալոգային հեռարձակումը, ինչը թվային հեռարձակողների համար գերազանցություն կապահովի նաև ֆինանսական առումով՝ գովազդատուները հակված կլինեն այս հեռուստատեսությանը գովազդ տալ:
Իշխանությունները հայտարարել են, որ անցած տարվա հուլիսից թվային հեռարձակումը գործում է երկրի ամբողջ տարածքում, եւ անալոգայինը առայժմ չի անջատվում միայն մեկ պատճառով. պետությունը դեռ չի հասցրել բոլոր անապահով ընտանիքներին անվճար տրամադրել թվային կցուրդներ (ապակոդավորող սարքեր), ինչը պարտավոր է անել։ Բայց մոտակա 3-4 ամիսներին այդ գործընթացն էլ կավարտվի, եւ անալոգային հեռարձակումը կդադարեցվի։ Այսինքն՝ բոլոր հեռուստադիտողները կընդունեն թվային ազդանշանները, իսկ մարզերում գործող տասնյակ հեռուստաընկերություններ կշարունակեն հեռարձակվել անալոգայինո՞վ։ Համենայն դեպս, օրենքը դա է ասում։ Աբսուրդ է, չէ՞։ Ընդ որում՝ ակնհայտ է, որ այդ իրավիճակը կստեղծվի շատ ավելի շուտ, քան ի հայտ կգա մասնավոր մուլտիպլեքսորը, որը պետք է ներգրավի նաեւ այս տեղական հեռուստաընկերություններին։ Արդյո՞ք վերջիններս կգոյատեւեն մինչեւ այդ ժամանակները։ Դժվար է ասել։
Այս հեռուստաընկերություններին սպասվելիք նման ճակատագիրը լրագրողական կազմակերպությունների համար կանխատեսելի էր։ Նրանց փակվելու վտանգից զերծ պահելու համար դեռ 2014-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ՀՀ Ազգային ժողով ներկայացրեցին իրենց մշակած օրենսդրական փաթեթը, որտեղ նշել էին անալոգայինից թվային հեռարձակման անցնելու հիմնախնդիրներն ու դրանց լուծման առաջարկությունները։ Մասնավորապես, փաթեթով առաջարկվում էր հրաժարվել հնացած լիցենզավորման կարգից և անցնել պարզ լիցենզավորման՝ նպաստելով ոլորտում ազատ և արդար մրցակցության զարգացմանը։ Սակայն 2015 թ. դեկտեմբերի 17-ին ընդունված օրենքը, որը մշակվում էր խիստ գաղտնի պայմաններում եւ առանց որեւէ բաց քննարկման, ոչ միայն անտեսեց լրագրողական կազմակերպությունների առաջարկները, այլ էլ ավելի վատթարացրեց ու խճճեց իրավիճակը:
Ասվածը վերաբերում է նաեւ մասնավոր մուլտիպլեքսորի հիմնադրմանն ու գործունեությանը։ Օրենքում սահմանվում է. «Մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է մուլտիպլեքսն իրականացնել սեփական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով, որի սփռման տարածքը չպետք է լինի ավելի փոքր, քան Հայաստանի Հանրապետության հանրային հեռարձակման թվային ցանցի սփռման տարածքը»։ Օրինագծով առաջարկված այս պայմաններին կարող են բավարարել միայն խոշոր ձեռնարկատերերը։ Ուստի ակնհայտ է, որ հայաստանյան իշխանությունները, օրինագծում նման սահմանում ձևակերպելով, դաշտում ձևավորում են մենաշնորհ և բացառում փոքր ու միջին բիզնեսի առկայությունն այս ոլորտում։
Մինչդեռ Վրաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու փուլում զարկ են տվել հենց փոքր ու միջին բիզնեսին՝ թվայնացնելով ու մարզային հեռուստատեսություններին անվճար տրամադրելով իրենց իսկ զբաղեցրած հաճախականությունները։ Դրանով այդ հեռարձակողները դարձել են փոքր մուլտիպլեքսորներ, եւ դա է այս ոլորտը զարգացնելու ճիշտ ուղին։
Հայաստանի մարզերում անալոգային ռեժիմով գործող հեռուստաընկերությունները բազմիցս հայտարարել են, որ եթե օրենսդրությամբ թույլատրվի, իրենք պատրաստ են դառնալ մասնավոր մուլտիպլեքսոր։ «Եթե բախտակից մյուս հեռուստաընկերություններով միավորվեինք, ներդրում կատարեինք, կարող էինք ունենալ մեր սեփական մարզային սփռման մուլտիպլեքսն ու թվային հեռարձակում իրականացնել, ինչպես Վրաստանում», – ԽԱՊԿ-ի հետ զրույցում նշեց Արմավիրի «Ալտ» հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանը։ Սակայն օրենքը թույլ չի տալիս։ Խ. Դանիելյանի խոսքով՝ «Ալտ» հեռուստաընկերությունն անորոշ վիճակում է հայտնվել. լիցենզիան երկարաձգելով խնդիրը չի լուծվում։
Ի տարբերություն «Ալտ» հեռուստաընկերության տնօրենի՝ փոփոխությունները չեն ընկճել «Հրազդան» հեռուստաընկերության տնօրեն Մնացական Հարությունյանին։ Հակառակը՝ նա լավատեսորեն է տրամադրված ու առաջնորդվում է «չկա չարիք առանց բարիքի» կարգախոսով։ «Մեզ տրված լիցենզիայի վրա գրված չէ, որ անալոգայինն ընդհանրապես դադարեցնելու դեպքում մենք եթերից զրկվում ենք, գրված է, որ մեր լիցենզիայի ժամկետը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև հայտարարվի նոր մրցույթ», – ԽԱՊԿ-ի հետ զրույցում նշեց Մ. Հարությունյանը։ Նրա խոսքով՝ եթե անջատվի անալոգային հեռարձակումը, ապա հեռուստաընկերությունը կներառվի հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող որևէ ընկերության փաթեթում։ Առաջարկներ արդեն կան՝ «Ռոստելեկոմ»-ից ու «Յուքոմ»-ից։ «Ինչ էլ արեցին, մեզ չկարողացան ճնշել ու մեծ հարված հասցնել։ Մենք շարունակելու ենք գործել մինչև նոր մրցույթի հայտարարումը», – ասաց Մ. Հարությունյանը։
Լիլիթ Հովհաննիսյան
ԽԱՊԿ փորձագետ