Այսօր լրանում է 2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ բողոքի ակցիան իշխանությունների կողմից բիրտ ուժի կիրառմամբ ցրելու մեկ տարին։ Այդ իրադարձությունների ժամանակ ֆիզիկական բռնության ենթարկվեցին նաեւ 13 լրագրող եւ օպերատոր, խոչընդոտվեց տարբեր ԶԼՄ-ների 24 աշխատակիցների օրինական մասնագիտական գործունեությունը։
Ոստիկանական ստորաբաժանումների այս գործողությունները նպատակաուղղված բնույթ էին կրում, ինչի ապացույցներն են լրագրողների նկարահանող սարքերը միտումնավոր ջարդելու, դրանց հիշողության քարտերը ապօրինի առգրավելու, լրատվամիջոցների աշխատակիցներին տարբեր բաժիններ բերման ենթարկելու, տեսագրություններն ու լուսանկարները ոչնչացնելու բազմաթիվ փաստերը։
Տասը օր հետո կլրանա նաեւ այս դեպքերով հարուցված քրեական գործի մեկ տարին։ Համաձայն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հարցմանն ի պատասխան Հատուկ քննչական ծառայության տրամադրած տեղեկությունների՝ այն երկարաձգվել է մինչեւ ս. թ. օգոստոսի 17-ը։ Նախաքննության ընթացքում հարցաքննվել են ԶԼՄ-ների 25 ներկայացուցիչներ, որոնցից 21-ը տուժող են ճանաչվել։
Սակայն զավեշտալին այն է, որ մինչ օրս գործով չկա եւ ոչ մի մեղադրյալ կամ կասկածյալ։ Եվ դա այն դեպքում, երբ համացանցը ողողված է տեսանյութերով, որտեղ բացահայտ երեւում է, թե ովքեր են վայրագություններ իրականացնողները։ Այս ամենը վկայում է քրեական գործը ձեւական վարելու եւ այն կոծկելու միտումի մասին։
Մենք՝ ներքոստորագրյալներս, կրկին արտահայտելով մեր վրդովմունքը 2015 թվականի հունիսի 23-ին իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ, վերահաստատում ենք իշխանություններին ուղղված մեր պահանջները. անաչառ եւ պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել հարուցված քրեական գործի նկատմամբ եւ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ զբաղեցրած պաշտոններից։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ