Պետությունը շարունակում է ներկրել ու բաժանել սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված ապակոդավորող սարքերը, որոնք թույլ կտան այս ընտանիքներին ընդունել թվային հեռուստաազդանշանները։
Հիշեցնենք, որ տարեսկզբին բնակչության անապահով խավի համար երկիր ներկրվեց ընդամենը 48.733 սարք, որից 2000-ը տրամադրվեց ԼՂՀ-ին, մնացածն անվճար տրամադրվեց Հայաստանի 10 մարզերի կարիքավոր ընտանիքներին։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ գործընկեր կազմակերպությունները բազմիցս են նշել, որ այս քանակը խիստ անբավարար է մեր երկրի համար, որի մեկ երրորդը աղքատ է։ Եվ ահա մարտի սկզբին կառավարությունը որոշեց ձեռք բերել եւ բաժանել եւս 61 433 սարք։
«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը ԽԱՊԿ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ խմբաքանակից 18 300-ն արդեն բաժանվել է բնակիչներին, առաջիկա օրերին պատրաստվում են ընդունել եւս 35 հազարը։ Մոտ մեկ շաբաթվա ընթացքում կներկրվի ու բնակիչներին կբաժանվի նաեւ մնացած քանակը։ «Ակնկալում ենք մինչև հուլիսի վերջ ավարտին հասցնել գործընթացը։ Իսկ օգոստոսից այն մարզերում, որտեղ արդեն բաժանվել են անվճար ապակոդավորող սարքերը, անալոգային հեռարձակումը կսկսենք անջատել», – նշեց Գ. Ամալյանը։
Թեեւ 2015թ. դեկտեմբերին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունումից հետո թվային հեռարձակման լիցենզիա չունեցող մարզային հեռուստաընկերություններին հնարավորություն տրվեց շարունակել անալոգային հեռարձակումը մինչեւ մասնավոր մուլտիպլեքսի ստեղծումը կամ մինչեւ նոր մրցույթների անցկացումը, այդուհանդերձ, այս հեռուստաընկերությունների ճակատագիրը շարունակում է մնալ մտահոգիչ։
Անալոգային հեռարձակումն անջատելուց ու ամբողջական թվայինին անցնելուց հետո կստեղծվեն ծայրահեղ անհավասար պայմաններ, եւ մարզերում անալոգային ռեժիմով գործող հեռուստաընկերությունները չեն կարողանա շարունակել իրենց բնականոն աշխատանքը։ Մեծ է հավանականությունը, որ նրանք կկորցնեն իրենց լսարանը, հետեւաբար՝ նաեւ գովազդատուներին։ Այդ ամենն ի վերջո կհանգեցնի ֆինանսատնտեսական կոլապսի, ինչի պատճառով այդ հեռուստաընկերությունները ավելի շուտ կդադարեցնեն իրենց գործունեությունը, քան մասնավոր մուլտիպլեքսը կհասցնի մուտք գործել շուկա։ Ամենայն հավանականությամբ՝ հենց սա է եղել դեկտեմբերյան օրենքի հեղինակների եւ առհասարակ այս ոլորտում որոշումներ կայացնողների նպատակը։ Ու թեեւ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հայտարարել է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթ, սակայն անորոշ է, թե երբ կավարտվի այդ մրցույթը, ու երբ ի հայտ կգա այդ մուլտիպլեքսորը։
Այս մտահոգությունների վերաբերյալ ԽԱՊԿ-ը մեկնաբանություն խնդրեց ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանից։ Նա նախ «պատմական» էքսկուրս կատարեց՝ հիշեցնելով, որ դեռ 2010 թվականին ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում էր գրված, որ թվային հեռարձակման անցնելու դեպքում մրցույթում չհաղթած անալոգային հեռուստաընկերությունների գործունեությունը դադարեցվելու է։ «2010-ին այս հեռուստաընկերությունները մասնակցել են մրցույթին ու չեն հաղթել։ Եվ միայն 2015-ի կեսերից են սկսել արտահայտել իրենց դժգոհությունները։ Մինչդեռ մրցույթում հաղթած հեռուստաընկերությունները 2010-ից սկսած վճարել են մեկ միլիոն դրամ գումար, պատրաստվել են թվային հեռարձակման, կատարել են համապատասխան ներդրումներ այն ակնկալիքով, որ թվային հեռարձակման անցնելու դեպքում կմնան միակ ընկերությունը մարզում», – նշեց Գ. Բունիաթյանը։ Ըստ նրա՝ ՀՌԱՀ-ը կրկին ընդառաջել է ու հնարավորություն տվել անալոգային հեռուստաընկերություններին հավասար պայմաններով գործել արտոնագիր ստացած հեռուստաընկերությունների հետ մինչև մասնավոր մուլտիպլեքսորի ի հայտ գալը։
Գագիկ Բունիաթյանը միայն մի հարցում է լիովին իրավացի. երբ խնդիրների մասին խոսելիս հղում է կատարում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքին։ Այն օրենքին, որը դեռ 2010 թվականից սուր քննադատության է արժանանում ոչ միայն հայաստանյան լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպությունների, այլեւ միջազգային հեղինակավոր կառույցների եւ փորձագետների կողմից։ Մնացած հարցերում ՀՌԱՀ-ի ղեկավարի փաստարկները որեւէ քննադատության չեն դիմանում։ Նախեւառաջ, ամենեւին էլ այնպես չէ, որ մարզերում գործող բոլոր հեռուստաընկերություններն են 2010-ին մասնակցել մրցույթներին։ Չեն մասնակցել, ոչ թե այն պատճառով, որ չեն ցանկացել կամ չեն կարողացել. ուղղակի նրանց «բարի» խորհուրդ էին տվել՝ հայտ չներկայացնել, քանի որ հաղթողները նախապես հայտնի էին։ Այսինքն՝ մրցույթներն ի սկզբանե խիստ ձեւական էին եւ ծայրահեղ անարդար։
Երկրորդ՝ ստեղծված իրավիճակի հետ կապված իրենց մտահոգություններն ու դժգոհություններն այդ հեռուստաընկերություններն արտահայտել են ամենեւին էլ ոչ թե 2015-ի կեսերից, այլ շատ ավելի վաղ. օրինակ դեռ 2014-ի դեկտեմբերին 8 տեղական հեռուստաընկերություն նամակով դիմեցին ՀՀ նախագահին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել օրենսդրական փոփոխություններ իրականացնելու եւ այդ հեռուստաընկերություններին փակվելու վտանգից զերծ պահելու ուղղությամբ։ Էլ չենք խոսում երեք լրագրողական կազմակերպությունների մասին (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Երեւանի մամուլի ակումբ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն), որոնք ե՛ւ մինչեւ 2010-ը, ե՛ւ առավել եւս դրանից հետո էլ ավելի ակտիվ էին բարձրաձայնում հեռարձակման ոլորտի խնդիրների մասին ու օրենսդրական փոփոխությունների փաթեթ առաջարկում։ Ցավոք, այդ ջանքերն ապարդյուն էին։
Երրորդ՝ թվային ու անալոգային հեռարձակողների գործունեության պայմանները հավասար անվանելն առնվազն զավեշտալի է։ Չենք կարծում, որ Բունիաթյանը չգիտի դրանց տարբերությունը, պարզապես նա փորձում է անտեսել ստեղծված լուրջ իրավիճակը ու այն ներկայացնել անհիմն լավատեսությամբ։ Մինչդեռ ակնհայտ է, որ ընդամենը մի քանի ամիս հետո, երբ անջատվի անալոգային հեռարձակումը, տասնյակ տեղական հեռուստաընկերություններ, ինչպես նշեցինք, կմնան առանց լսարանի ու, հնարավոր է, հայտնվեն փակման եզրին։
Եվ վերջապես՝ եթե 2010 թվականին ինչ-որ մեկի գլխում աբսուրդային գաղափար է առաջացել ամեն մի մարզում թողնել մեկ հեռուստաընկերություն, իսկ մնացածը փակել, ավելին՝ այդ աբսուրդը ամրագրել օրենքում, դա չի նշանակում, որ այն պետք է իրականացվի։ Այդ մոտեցումը հակասում է թվային հեռարձակմանն անցնելու տրամաբանությանն ու փիլիսոփայությանը, ինչպես նաեւ ոլորտում առկա միջազգային նորմերին ու մոտեցումներին։ Տեխնիկական հնարավորությունների գրեթե անսահման ընդլայնման պայմաններում որեւէ հեռուստաընկերություն փակելը ուղղակի անհասկանալի կլինի թե հայաստանյան, թե միջազգային հանրության համար։ Այնպես որ, ոչ թե պետք է հղում կատարել խայտառակ օրենքին, այլ քայլեր անել այն հիմնովին բարեփոխելու ուղղությամբ։
Ճիշտ է՝ Բունիաթյանը հավաստիացնում է, որ ՀՌԱՀ-ն իր ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու է, որպեսզի ոչ մի հեռուստաընկերություն չփակվի, բայց կարգավորող մարմնի գործողությունները, իսկ հաճախ նաեւ անգործությունը մեզ թույլ են տալիս ենթադրել, որ ՀՌԱՀ-ն ամենեւին էլ դեմ չէ, որ ամեն մարզում ընդամենը մեկ հեռուստաընկերություն գործի՝ առանց որեւէ մրցակցության, իսկ լսարանի համար՝ առանց այլընտրանքի։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե