Անձնական կյանքի գաղտնիության ապահովման խնդիրները ավելի ու ավելի հրատապ են դառնում փողոցային երթևեկությանը հետևող տեսախցիկների և հանրային ու մասնավոր տարածքներում անվտանգության համակարգերի լայն կիրառման, ինչպես նաև տեսախցիկներով սարքավորված բջջային հեռախոսների և սմարթֆոնների մասսայական տարածման պայմաններում: Չնայած եվրոպական պետությունների մեծամասնությունում կան գործող օրենսդրական ակտեր, որոնցով սահմանափակվում է այդ սարքավորումներով ստացված տվյալների օգտագործումը, ոչ բոլոր երկրներն են բավարար ուշադրություն դարձնում այս խնդիրների լուծմանը: Հայաստանում, մասնավորապես, գրեթե բացակայում է չմշակված տվյալների հավաքման, դասակարգման ու օգտագործման գործընթացը կանոնակարգող իրավական բազան: Թեև փողոցային երթևեկության կարգավորման մասին վերջերս ընդունված օրենսդրական ակտերը հիմքեր են ստեղծում փողոցային տեսախցիկների միջոցով ստացված տվյալների օգտագործման համար, դրանք չեն սահմանում այլ նպատակներով տեսախցիկների կիրառման կարգը, ինչպես նաև՝ տեսանյութերի արխիվացման և այդ արխիվների օգտագործման հետ կապված պահանջները: Տվյալների օգտագործման և ոչնչացման մեխանիզմների բացակայության պայմաններում պետական և մասնավոր կազմակերպությունների կողմից նույնիսկ օրինական հիմունքներով անձնական տվյալների հավաքումը կարող է հանգեցնել անձնական կյանքի անձեռնմխելիության ոտնահարման դեպքերի:
Վերոնշյալ խնդիրները քննարկելու համար հուլիսի 1-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության աջակցությամբ անցկացրեց «Հայաստանում տեսահսկման տվյալների կիրառումը անձնական կյանքի իրավունքի պաշտպանության համատեքստում» թեմայով «կլոր սեղան», որով մեկնարկեց քննարկումների շարքը՝ նվիրված թվային իրավունքի պաշտպանության տարբեր ասպեկտներին։
Բացման խոսքում ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ թվային տեխնոլոգիաների սրընթաց զարգացման եւ տարածման պայմաններում հաճախ անտեսվում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, եւ սա Հայաստանի համար նոր մարտահրավեր է, իսկ իրավապաշտպանների ու հետազոտողների համար՝ գործունեության միանգամայն նոր ոլորտ։ Ըստ նրա՝ շատերի համար նույնիսկ անծանոթ է զարգացած երկրներում լայնորեն կիրառվող թվային իրավունք եզրույթը, որի իմաստը մարդու անձնական կյանքի անձենմխելիության իրավունքի և անհատական տվյալների պաշտպանությունն է թվային տեխնոլոգիաների դարաշրջանում։
«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն էլ ողջույնի իր խոսքում ներկայացրեց Հիմնադրամի այն ծրագրերի, որոնք նվիրված են թվային տեխնոլոգիաների տարածման եւ այդ համատեքստում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին։ «Մեր առօրյա կյանքի զարգացումն այս առումով բերում է լուրջ խնդիրների: Թվային տեխնոլոգիաները տարածվում են, բայց այդ առնչութամբ իրավունքները չեն պաշտպանվում»,- նշեց Դավիթ Ամիրյանը։ Ըստ նրա՝ Հիմնադրամը շարունակելու է իր գործունեությունն այդ խնդիրների լուծման ուղղությամբ, և քննարկումների շարքը հնարավորություն է բարձրաձայնելու թվային իրավունքի պաշտպանության խնդիրները:
Այնուհետեւ զեկույցով հանդես եկավ անկախ փորձագետ Անդրանիկ Մարկոսյանը՝ «Տեսահսկման համակարգերի տվյալների օգտագործումը եւ անձնական կյանքի անձեռնամխելիության ապահովման խնդիրները» թեմայով։ Նրա խոսքով՝ տարածված է այն կարծիքը, որ տեխնիկական միջոցներով ստացված կամ սուբյեկտների կողմից կամավոր տրամադրված չմշակված տվյալների հավաքումը անձնական կյանքի անձեռնմխելիության առումով լուրջ խնդիրներ չի կարող առաջացնել: Ավելին՝ տարբեր իրավական համակարգերում, տեսահսկման միջոցով կամ ծառայություն մատուցողների կողմից կատարվող հարցումների միջոցով հավաքվող տվյալները չեն դիտվում որպես անձնական տվյալներ: Մինչդեռ փողոցային տեսախցիկները ժամանակին հանրության մտահոգության և հանրային քննարկումների առարկա են դարձել, ինչի արդյունքում եվրոպական իշխանությունները պաշտոնական ուղեցույցներ են մշակել դրանց վերաբերյալ:
Անդրադառնալով փողոցային տեսախցիկներին՝ բանախոսը նշեց, որ դրանց կիրառման հետ կապված մտահոգությունները վերաբերում են տեսահսկման շրջանակներին (այսինքն՝ ի՞նչը պետք է տեսահսկվի), տեսանյութերի պահպանման ժամանակահատվածին, տեսանյութերի արխիվներից օգտվելու իրավունք ունեցող անձանց, ինչպես նաև նման իրավունք ստանալու ընթացակարգերին:
Անդրանիկ Մարկոսյանը նշեց, որ տեսահսկում իրականացվում է ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր հաստատությունների կողմից՝ անվտանգության և վերահսկողության նպատակներով: «Շատ ընկերություններ, օրինակ, տեսախցիկներ են օգտագործում աշխատանքային գործընթացին հետևելու համար: Նույնիսկ տեսահսկման համակարգի գոյության մասին տեղեկացված լինելու պարագայում, միշտ չէ, որ աշխատակիցները տեղեկացված են, թե որքա՞ն ժամանակ են պահվում տեսանյութերը, ո՞վ կարող է ստանալ դրանց պատճենները և սահմանափակվա՞ծ է, արդյոք, դրանց օգտագործումը ադմինիստրացիայի կողմից»:
Տեսահսկումը մեծ հնարավորություններ է տալիս գրանցելու բազմազան տեղեկություններ անձի մասին, ինչպես օրինակ նրա ավտոմեքենայի պետհամարանիշը, շրջագայության ամենօրյա ուղիները, անձնական կապերը և անձնական կյանքին վերաբերող մի շարք այլ տվյալներ, որոնց ստացման համար որպես կանոն պահանջվում է դատարանի որոշում: Տեսահսկման համակարգերի մասսայականացումից կարճ ժամանակ անց դրանց հետ կապված խնդիրները դարձան եվրոպական երկրների օրենսդիր մարմինների և ԵՄ ինստիտուտների քննարկման առարկա: Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք հայցեր ստացավ անձնական կյանքի անձենմխելիության իրավունքի խախտման առնչությամբ։
Ըստ բանախոսի՝ շտապ լուծումներ է հարկավոր գտնել նաեւ Հայաստանում, առաջին հերթին դրանք օրենսդրական են եւ վերաբերում են տեսահսկման տվյալների մշակմանը, դասակարգմանը, պահպանմանը եւ երրորդ անձանց տրամադրմանը։
Զեկույցով հանդես եկավ նաեւ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ «Տեսահսկումը հանրային իշխանության մարմինների կողմից որպես միջամտություն անձնական կյանքի հարգանքի իրավունքին» թեմայով։ Իր խոսքում նա նշեց, որ Հայաստանի տարբեր վայրերում, այդ թվում Ճանապարհային ոստիկանության կողմից ճանապարհների վրա տեղադրվող հազարավոր տեսախցիկները կամ տեսահսկման սարքերը իրավաչափ չեն ու միջամտություն են անձնական կյանքին:
Իրավապաշտպանը մի դեպք ներկայացրեց, երբ փորձել են օգտագործել ճանապարհին տեղադրված արագաչափ սարքով արված լուսանկարը, որպեսզի հնարավոր լինի իրավունքի պաշտպանություն իրականացնել, սակայն լուրջ խնդիրների են բախվել։ Բացի այդ՝ նա տեղեկացրեց, որ եղել են դատական ակտեր, որոնց կապակցությամբ անհրաժեշտ է եղել ստանալ տեսագրություններ, բայց պարզվել է, որ դրանք չեն պահպանվել։ «Նյութերն իրենք իրե՞նց չեն պահպանվել, թե՞ որևէ մեկը դրանք ոչնչացրել է ապացույցները վերացնելու համար: Տեսաձայնագրող սարքերի օգտագործման կարգը, տվյալների պահպանումը և դրանց ոչնչացումը նախատեսված չէ օրենքով՝ հետևաբար հակասում է Սահմանադրությանը», – ընդգծեց իրավապաշտպանը։
Արտակ Զեյնալյանը նմանատիպ գործերով գանգատներ է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ հույս ունի, որ դրանք լավ նախադեպեր կարող են հանդիսանալ Հայաստանում տեսահսկման տվյալների օգտագործման խնդիրների կարգավորման եւ անձնական կյանքի անձեռնմխելիությունը պաշտպանելու առումով։
Չմշակված տվյալների հավաքագրման, պահպանման և օգտագործման խնդիրների վերաբերյալ քաղաքականության վերլուծությանը կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով: