Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ստեղծած Փորձագիտական աշխատանքային խումբը, որում ընդգրկված են նաեւ Երեւանի մամուլի ակումբի եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները, մշակել է «Հեռուստատեսության եվ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» նոր օրինագիծ, որի հիմնական նպատակը մասնավոր մուլտիպլեքսորների գործունեության ազատականացումն է եւ հեռարձակման ոլորտում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող խաղացողների բացառումը:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքն ընդունումից հետո (2000թ. հոկտեմբերի 9) ամենից շատ փոփոխությունների եւ լրացումների (26 անգամ) ենթարկված օրենսդրական ակտերից է: Սակայն միշտ չէ, որ այդ փոփոխությունները հանգեցրել են օրենքի բարելավմանը, շատ հաճախ դրանք նույնիսկ բացասական արդյունք եւ ազդեցություն են ունեցել:
Այս իմաստով բացառություն չեն նաեւ 2015 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված օրենքով կատարված փոփոխություններն ու լրացումները, որոնց հիմնական նպատակը հեռարձակման ոլորտ մասնավոր մուլտիպլեքսորի մուտքն ապահովելն ու նրա գործունեությունը կարգավորելն է: Այս փոփոխությունը բխում է ՀՀ-ում եթերային հեռարձակման անալոգայինից թվային եղանակին անցնելու ընդհանուր գործընթացի պահանջից, որի արդյունքում դաշտում պետք է հայտնվի նոր օպերատոր՝ մասնավոր մուլտիպլեքսորը, որը, ըստ այդ օրենքի 55.1 հոդվածի 2-րդ մասի, իր սեփական ենթակառուցվածքի միջոցով պիտի ապահովի ՀՀ ամբողջ տարածքում թվային հեռուստատեսության հեռարձակումը՝ արդեն գործող հանրային թվային ցանցից անկախ։ Սակայն ԽԱՊԿ-ի աշխատանքային խմբի համոզմամբ՝ կատարված փոփոխությունները ոչ թե առաջընթաց են ապահովելու, այլ հակառակը՝ խոչընդոտելու են մասնավոր մուլտիպլեքսորների ստեղծմանը, թույլ չեն տալու այդ ոլորտում փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը՝ այստեղ էլ հաստատելով մեկ խաղացողի մենաշնորհ:
Նոր օրինագիծը պատրաստած փորձագետների կարծիքով՝ ՀՀ ողջ տարածքի չափով հեռարձակման թվային ցանց ստեղծելու պահանջը չի բխում որեւէ տեխնիկական անհրաժեշտությունից։ Օրենքի այս դրույթը հնարավորություն է տալիս մուլտիպլեքսոր դառնալ միայն խոշոր ձեռնարկատերերին, իսկ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին՝ ոչ։ Մինչդեռ՝ նման ցանց կարելի է կառուցել քաղաքի, մարզի և, ընդհանրապես, որեւէ համայնքի տարածքի շրջանակներում՝ ստեղծելով փոքր և միջին ձեռնարկություններ։
Փորձագիտական աշխատանքային խմբին մտահոգում է նաև այն դրույթը՝ համաձայն որի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը մրցույթներ է անցկացնում եւ լիցենզիա է տրամադրում հեռուստաընկերություններին՝ մասնավոր մուլտիպլեքսում ընդգրկելու համար:
Արդեն գործող անալոգային հեռարձակողների՝ դարձյալ մրցութային նոր գործընթաց անցնելը անընդունելի է. մշակած նոր օրինագծով առաջարկվում է միջանկյալ լուծում, այն է՝ անալոգային հեռարձակմամբ գործող հեռուստաընկերությունների լիցենզիան Ազգային հանձնաժողովն առանց մրցույթի փոխարինում է մինչեւ 2020 թվականը ուժ ունեցող թվային հեռարձակման լիցենզիայով, ինչն այս հեռուստաընկերություններին հնարավորություն է տալիս ընդգրկվելու մասնավոր մուլտիպլեքսում: Իսկ մրցույթ հայտարարվում է միայն նոր ստեղծվող ընկերությունների համար:
Նոր օրինագծով փորձագետներն անդրադարձել են նաեւ 2016 թ. մայիսի 25-ին ընդունված օրենքով կատարված փոփոխություններին՝ առաջարկելով չեղյալ համարել 52-րդ հոդվածի 1.1 կետը, ըստ որի «Ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը եւ դրան նախորդող օրն արգելվում է կաբելային (մալուխային) հեռուստաընկերությունների կողմից վերահեռարձակել Հայաստանի Հանրապետությունում գործող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների վերգետնյա եթերային այն ծրագրերը, որոնք պարունակում են քարոզչական նյութ` տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով կամ որեւէ այլ ձեւով»։ Սա անտրամաբանական պահանջ է. ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը եւ դրան նախորդող օրը ոչ մեկն էլ իրավունք չունի քարոզչական նյութ հեռարձակել:
Նոր օրինագիծը ԽԱՊԿ-ն ու գործընկեր լրագրողական կազմակերպությունները առաջիկայում կներկայացնեն Ազգային ժողովի վեց խմբակցություններին ու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե