Սեպտեմբերի 29-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Ալբերտ Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու գործով դատական նիստը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդմամբ՝ հուլիսի 29-ին մայրաքաղաքի Սարի թաղում գտնվող Գլինկայի փողոցում քաղաքացիներ Սեյրան Կարապետյանը, Վլադիմիր Մխիթարյանը, Դավիթ Սարգսյանը եւ Կարեն Գրիգորյանը հարձակվել են Ալբերտ Գալստյանի վրա, ով տեսանկարահանելիս է եղել նրանց վիճաբանությունը այլ մարդկանց հետ, խլել են օպերատորի տեսախցիկն ու ոտքերով, ձեռքերով հարվածներ հասցրել նրան: Այնուհետեւ նկատելով մոտեցող ոստիկանության աշխատակիցներին՝ դիմել են փախուստի՝ իրենց հետ տանելով տուժողից վերցված տեսախցիկը՝ դրանում առկա իրենց վերաբերյալ տեսաձայնագրությունը ոչնչացնելու նպատակով: Ս. Կարապետյանին, Վ. Մխիթարյանին, Դ. Սարգսյանին ու Կ. Գրիգորյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից խուլիգանություն՝զուգորդված անձի նկատմամբ բռնություն գործադրելով) և 164-րդ հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը):
Նույն քրեական գործով առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել 8 անձանց:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին բիրտ ուժի կիրառման հետեւանքով Սարի թաղում տուժել է 23 լրագրող և օպերատոր։ Երկու ամիս անց, փաստորեն, միայն մեկ դեպքի՝ Ալբերտ Գալստյանի՝ գործից անջատված մասի նախաքննությունն է ավարտվել և հանձնվել դատարան:
Նախորդ տարվա համեմատ ՀՔԾ-ի աշխատանքում ոմանք կարող են որոշակի «առաջընթաց» նկատել. նույն կառույցից մեկ տարի երկու ամիս պահանջվեց 2015 թ. հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում «#ElectricYerevan»-ի ցույցը լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտած ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։ Այն դեպքում, երբ համացանցը ողողված էր տեսանյութերով, որտեղ բացահայտ երեւում էին, թե ովքեր են վայրագություններ իրականացնողները։ Ընդ որում՝ ՀՔԾ-ի քննչական գործողություններն ակտիվացան միայն Սարի թաղում տեղի ունեցած դեպքերից ու լրագրողների դեմ բռնությունների առնչությամբ Սերժ Սարգսյանի ներողությունից հետո:
Իրավաբան Արա Ղազարյանը ԽԱՊԿ թղթակցի հետ զրույցում թեև կարևորեց, որ գործը ի թիվս այլ հիմքերի, հարուցվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով, այդուհանդերձ, ըստ նրա՝ վերջնական գնահատական տալ պետք է քրեական գործի վարույթի ավարտից հետո, երբ պարզ կլինի, թե ինչ պատիժ է սահմանվելու։ «Պրակտիկան ցույց է տալիս, որ որպես կանոն 164-րդ հոդվածով հարուցված քրեական գործերը Հայաստանում նախաքննական փուլից չեն անցնում դատական փուլի։ Կամ այդ հոդվածով քրեական գործ չի հարուցվում, կամ հարուցվում է, բայց կարճվում», – նշեց Արա Ղազարյանը։
2015-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանական գործողությունների կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելու փաստով քրեական գործը ևս 164-րդ հոդվածի հիմքով հարուցվեց։ Ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանը գործով տուժող ճանաչվածներից է։ «#ElectricYerevan»-ի ցույցերը ցրելու ժամանակ ոստիկանները բռնի ուժով խլել էին նրա լուսանկարչական խցիկը։ Դեպքերից անցել է մեկ տարի երեք ամիս, սակայն ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Գևորգ Ղազարյանի աշխատանքը խոչընդոտվել է նաև այս տարի Սարի թաղում տեղի ունեցած ցույցի ընթացքում. քաղաքացիական հագուստով մարդիկ հարձակվել են ֆոտոլրագրողի վրա, խցիկներից մեկը կոտրել են, մյուսն էլ բռնի ուժով խլել: «#ElectricYerevan»-ի գործի քննության անարդյունավետությունն աչքի առաջ ունենալով՝ Գևորգ Ղազարյանն առանձնակի վստահություն չունի նաև Սարի թաղում տեղի ունեցած դեպքերով հարուցված քրեական գործի նկատմամբ, իսկ 4 հոգու նկատմամբ մեղադրանքը զուտ «մարտավարական» քայլ է համարում։ «Այս քննությունն էլ, ինչպես նախորդը, ավելի շատ իմիտացիա է: Ձեւացնում են՝ իբր աշխատանք է կատարվում։ Մինչդեռ մեղադրանք առաջադրվել է ընդամենը կամակատարներին: Հունիսի 23-ի գործով կալանավորված ոստիկանների մեջ մենք չենք տեսնում հրահանգ տվողներին: Ու չենք էլ տեսնի. ոչ Լևոն Երանոսյանին, ոչ Հունան Պողոսյանին։ Իշխանությունները մեկ հիմնական նպատակ ունեն՝ գրավել միջազգային կազմակերպությունների ուշադրությունը, որպեսզի նրանք արձանագրեն հայաստանյան իրավապահ համակարգի իբր «գործ անելու» փաստը», – նշեց Գևորգ Ղազարյանը։
Սարի թաղում հուլիսի 29-ի երթի ժամանակ ծեծից ու ոստիկանական հատուկ միջոցներից տուժած «Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանը, ով նռնակի պայթյունի հետևանքով ոտքերի և ձեռքի բեկորային վնասվածքներ էր ստացել ու հիվանդանոցում էր գտնվում, ևս լիարժեք հետաքննություն չի ակնկալում այս գործով: Ըստ նրա՝ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերով 8 անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելով՝ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել՝ իբր պատժում են բռնություններ իրականացրած անձանց։
Ոստիկաններն ավելի նենգ գործելաոճի են անցել
Տուժած լրագրողների խոսքով՝ այս տարի ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ բռնություններն ավելի խորամանկ ու մտածված ձևով են կազմակերպվել։ Ի տարբերություն «#ElectricYerevan»-ի դեպքերի, այս անգամ բռնություն գործադրողները ոչ թե ոստիկաններ են եղել, այլ քաղաքացիական հագուստով անձինք։ «Քանի որ ոստիկաններն իրավունք չունեն քաղաքացի ծեծելու, այդ անձինք էին ոստիկանների ձեռքից վերցնում մահակն ու անցնում գործի», – պատմում է Գևորգ Ղազարյանը։
«Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանի կարծիքով՝ լրագրողների դեմ բռնություն իրականացրած քաղաքացիական հագուստով անձինք փոխկապակցված են բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ըստ այդմ՝ էականը ոչ թե համազգեստն է, այլ անձը։ «Մեր գործընկերները բացահայտել են այդ մարդկանց՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի անդամներին։ Ոստիկանության ներկայացուցիչները ենթարկվում էին նրանց արձակած հրամաններին, ինչը նշանակում է, որ այդ անձինք ոստիկաններից էլ բարձր էին»։ Մինչդեռ գործով կալանավորվածների մեջ չկան այն անունները, որոնք երեւում են օրվա տեսանյութերում եւ համարվում են գործընթացի նախաձեռնողներն ու ակտիվ իրականացնողները։
Քաղաքացիական հագուստով անձանց Սարի թաղում գտնվելն ու «կարգուկանոն» հաստատելու գործառույթն իրենց վրա վերցնելը խնդրահարույց է համարում իրավաբան Արա Ղազարյանը։ «Այդ անձինք ոչ միայն ուժ են կիրառել քաղաքացիների նկատմամբ, այլև հրահանգել են համազգեստով ոստիկաններին հատուկ միջոցներ կիրառել։ Ովքե՞ր են նրանք։ Եթե ոստիկաններ են, ապա հանրային կարգուկանոնը վերականգնելուն ուղղված գործողություններ կատարելիս պետք է լինեին տարբերանշաններով: Սակայն չեն ունեցել, նշանակում է՝ նրանց գործողություններն ի սկզբանե անօրինական են եղել: Կարևոր է պարզել քաղաքացիական հագուստով անձանց ինքնությունը, և թե ով է հրաման տվել ներգրավել նման մարդկանց ոստիկանական գործողություններում։ Ոստիկանության շարքերում քաղաքացիական հագուստով հրահրողների ներկայությունը, ավելին՝ լրագրողների նկատմամբ բռնությունը, անօրինական էր, այստեղ նույնիսկ հանցագործության տարրեր կան», – կարծիք հայտնեց Արա Ղազարյանը։
Պատիժ կրողները պետք է լինեն բարձրաստիճան ոստիկանները
Հուլիսի 29-ին Սարի թաղում տուժած «1in.am» կայքի լրագրող Մարիամ Գրիգորյանը հրաժարվել է ներկայանալ նախաքննական մարմին՝ հարցաքննության։ Իր այս քայլը լրագրողը բացատրեց հետևյալ կերպ. «Այդ օրը ես վնասվածք եմ ստացել ոչ թե ինչ-որ մեկի հարվածներից, այլ պայթուցիկներով ցույցը ցրելու հրամանից: Իսկ այդ հրամանը տվել են Աշոտ Կարապետյանն ու Լևոն Երանոսյանը: Երբ նրանց մասով գործեր կհարուցվեն, այդ ժամանակ էլ կմասնակցեմ հարցաքննությանը», – ասաց Մարիամ Գրիգորյանը:
Ռոբերտ Անանյանը ևս համոզված է՝ պատիժ կրողները պետք է լինեն գործընթացին անմիջական առնչություն ունեցող անձինք. «Որպեսզի արդարությունը վերականգնվի, պետք է պատժի ենթարկվեն Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և ՀՀ դեռևս փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը. չէ՞ որ Քրեական օրենսգիրքն էլ է նախատեսում, որ հանցագործություն ենթադրող հրամաններ արձակողները պետք է պատժվեն», – նշեց լրագրողը։
Իրավաբան Արա Ղազարյանի կարծիքով՝ անհրաժեշտ է պարզել այն անձանց անունները, ովքեր հրաման են տվել հատուկ միջոցներ կիրառել իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողների նկատմամբ, թիրախավորել ու պատժել նրանց։ Նրա կարծիքով՝ լրագրողների օրինական մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերով հարուցված քրեական գործերը չպետք է քննվեն ավանդական եղանակով: «Եթե լրագրողները հայտարարում են, որ իրենք թիրախավորվել են, և թիրախավորվել են, քանի որ լրագրող են, հետևաբար քննության առանձին առարկա պետք է հանդիսանա բռնությունների դրդապատճառները։ Պետք է պարզել՝ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները և տեխնիկան ոչնչացնելն ունեցե՞լ են դիտավորություն, թիրախավորմա՞ն, թե ոստիկանների անփութության արդյունք են: Քննիչը պետք է պարզի՝ արդյո՞ք նման հրամանի արձակումը բխել է քաղաքական անհանդուրժողականությունից։ Եթե այո՝ որն է եղել դրդապատճառը»: Ըստ Արա Ղազարյանի՝ պետք է գտնել հրաման տվող անձանց, մինչդեռ ձերբակալվել են անձինք, ովքեր կապ չունեն հանրային մարմինների, ոստիկանության աշխատակիցների հետ: Եվ եթե քրեական գործը շարունակվի նույն ուղղությամբ, ապա կարելի է համարել, որ այն լիարժեք չի բացահայտվի:
Լիլիթ Հովհաննիսյան