Հայաստանում թվային հեռարձակման համակարգին անցնելու գործընթացը մոտենում է ավարտին։ Հոկտեմբերի 20-ից կմեկնարկի անալոգային հեռուստատեսային հեռարձակման անջատումը։ Այդ մասին իրազեկող տեսահոլովակներ են ցուցադրվում հանրապետական ու մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերությունների եթերում։
Եթե հեռարձակման թվային համակարգին անցնելու սկիզբ համարենք 2009 թվականի նոյեմբերին կառավարության ընդունած համապատասխան հայեցակարգը, ապա կարելի է ասել, որ գործընթացը տեւեց շուրջ 7 տարի։ Սակայն այսօր էլ, երբ հայտարարվում է անալոգային հեռարձակման անջատման մասին, մի շարք կարևոր խնդիրներ շարունակում են մնալ չլուծված։
Մասնավորապես, անորոշ է մնում թվային հեռարձակման լիցենզիա չունեցող մարզերում գործող հեռուստաընկերությունների ապագան: Դրանց, ճիշտ է, 2015թ. դեկտեմբերին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց հետո հնարավորություն տրվեց շարունակել անալոգային հեռարձակումը մինչեւ մասնավոր մուլտիպլեքսը մտնի շուկա, սակայն հայտնի չէ՝ ինչ լսարանի համար են այդ հեռուստաընկերությունները գործելու: Չէ՞ որ թվային հեռարձակման արտոնագիր ունեցող հեռուստաընկերությունների համեմատ անալոգային ռեժիմով հեռարձակվողները ոչ շահեկան վիճակում են հայտնվելու: Հարց է՝ այս անհավասար պայմաններում վերջիններն ընդհանրապես կունենա՞ն լսարան: Ի դեպ մասնակցության հայտ չլինելու պատճառով օգոստոսին չկայացած հայտարարվեց մասնավոր մուլտիպլեքսորի մրցույթը։ Համաձայն օրենքի՝ այն կրկին կանցկացվի մեկ տարի հետո։ Հետևաբար այս ընթացքում անալոգային հեռուստաընկերությունները կանգնելու են և լսարան, և գովազդատուներ կորցնելու առջև։ Ու չի բացառվում, որ այս ամենը հանգեցնի ֆինանսատնտեսական կոլապսի, ինչի արդյունքում նրանք ստիպված կլինեն ավելի շուտ դադարեցնել գործունեությունը, քան մասնավոր մուլտիպլեքսը կհասցնի մուտք գործել շուկա։
Եթե վերադառնանք մասնավոր մուլտիպլեքսորի չկայացած մրցույթին, ապա պետք է նաև նշել, որ խնդիրը շատ ավելի խորն է։ 2015 թվականի դեկտեմբերին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով սահմանվեց, որ «մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է մուլտիպլեքսն իրականացնել սեփական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով, որի սփռման տարածքը չպետք է լինի ավելի փոքր, քան Հայաստանի Հանրապետության հանրային հեռարձակման թվային ցանցի սփռման տարածքը»։
Հասկանալի է, որ այս պահանջներին համապատասխանելը չափազանց բարդ է։ Էլ չենք ասում, որ այս մոտեցումը հղի է մենաշնորհացման ու կենտրոնացման վտանգներով ու թույլ չի տալու այդ ոլորտում փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը։
Հեռուստատեսության նոր՝ թվային դարաշրջանին հարիր չէ գործող օրենսդրությունում ամրագրված հեռուստաընկերությունների լիցենզավորման կարգը։
Հեռարձակման ոլորտ մասնավոր մուլտիպլեքսորների մուտքն արագացնելու, մրցակցային բիզնես դաշտ ստեղծելու, ինչպես նաև մարզերում գործող տեղական հեռուստաընկերությունների գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով լրագրողական երեք կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող երկու օրինագիծ են պատրաստել։
Դրանցից առաջինը ներկայացվել է ԱԺ 6 խմբակցությունների ղեկավարներին կամ քարտուղարներին։ Երկրորդը խորհրդարան կներկայացվի համապատասխան մասնագիտական քննարկում անցնելուց հետո:
Մասնավոր մուլտիպլեքսորների ստեղծման և շահագործման հարցերը օրենսդրորեն կարգավորելուց, մարզերում գործող տեղական հեռարձակողների խնդիրները լուծելուց, հեռուստաընկերությունների լիցենզավորման պարզ ընթացակարգին անցնելուց հետո միայն կարելի է համարել, որ Հայաստանում հեռարձակման թվայնացման գործընթացն իրականացվել է արդյունավետ ու միջազգային պահանջներին համահունչ:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե