Անալոգայինից թվային հեռարձակման անցումը մարդկանց ավելի բազմազան տեղեկատվություն տրամադրելուն պետք է միտված լինի, ոչ թե՝ հակառակը. Aysor.am-ի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով անալոգային հեռարձակման փուլային անջատման ծրագրին:
«Տարիներ շարունակ զբաղվում էինք թվայնացման գործընթացն ուսումնասիրելով, և ասում, որ այն միայն տեխնիկական գործընթաց չէ, այլ՝ օրենսդրական բաղադրիչներ գոյություն ունեն, և պետությունը պարտավոր է նաև այդ հարցերով զբաղվել», -ասաց Աշոտ Մելիքյանը՝ միաժամանակ նշելով, որ դեռևս 2014 թվականին հարցում են ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որտեղից պատասխան են ստացել՝ գրանցված է անապահով 130 հազար ընտանիք:
«Մենք ենթադրում էինք, որ հենց այդ քանակի ապակոդավորող սարքեր անվճար կտրամադրվեն անապահով ընտանիքներին: Բայց, կառավարությունը սկսեց 48 հազար ապակոդավորող սարք ձեռք բերել և բաժանել: Բազմաթիվ հորդորներից ու քննադատություններից հետո այդ քանակն ավելացավ և հասավ 108 հազարի», – նշեց Մելիքյանը:
Նրա խոսքով՝ իրենք բազմիցս ասել են, թե բացառված չէ, որ կլինեն անապահով ընտանիքներ, որոնք «Փարոս» համակարգում ներգրավված են, բայց այդ 108 հազարի մեջ տեղ չեն գտել:
Նշենք, որ հոկտեմբերի 20-ից մեկնարկել է անալոգային հեռարձակման փուլային անջատման ծրագիրը: Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացն ավարտված է: Անալոգային ազդանշանի հեռարձակումն արդեն անջատված է ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի և Շիրակի մարզերում: Հոկտեմբերի 27-28-ից ՀՀ ամբողջ տարածքում անալոգային հեռարձակումն ամբողջությամբ կանջատվի:
Aysor.am-ի հետ զրույցում Աշոտ Մելիքյանն ասաց, թե երբ այցելել են մարզեր, նկատել են, որ որոշ անապահով ընտանիքներ այդ սարքերը ստանում և վաճառում են: Այս պարագայում, ըստ նրա, պետությունն անելիք չունի:
«Մյուս կողմից, կարծում եմ, որ Հայաստանում անապահով ընտանիքների քանակը շատ ավելի շատ է, քան այդ 108 հազար թիվը, որով և սահմանափակվել է կառավարությունը», – մտահոգություն հայտնեց ԽԱՊԿ նախագահը:
Նրա խոսքով՝ թվայնացման գործընթացը պահանջում էր որոշակի օրենդրական գործողություններ. այն գործողությունները, որ կատարվել են այդ ուղղությամբ 2015 թվականին, ամենևին էլ բավարար չեն եղել, և ԽԱՊԿ-ն, Երևանի մամուլի ակումբը և մեդիանախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ, օրենսդրական առաջարկություններ են նախապատրաստել:
«Դրանցից մեկն արդեն ներկայացվել է Խորհրդարան, երկրորդը նույնպես ներկայացվելու է, և եթե Ազգային ժողովում ուշադիր լինեն այդ առաջարկություններին, ապա օրենսդրական դաշտը թվայնացումից հետո հեռարձակողների համար ավելի բարենպաստ կլինի», – հաղորդեց Աշոտ Մելիքյանը:
«Այն երկրներում, որտեղ բարեհաջող իրականացվել է թվայնացման գործընթացը, ուսումնասիրություն են կատարել, և հիմա էլ չէր խանգարի, որ մեր իշխանություններն ուսումնասիրություններ անցկացնեին և հստակ տեսնեին, թե իրենք բոլոր անապահով ընտանիքներին տրամադրե՞լ են ապակոդավորող սարքեր, իսկ եթե չեն տրամադրել՝ տրամադրեն, որովհետև թվայնացումն ամենևին էլ չի նշանակում, որ որևէ քաղաքացի կամ որևէ ընտանիք պետք է զրկված լինի թվային ազդանշանն ստանալուց և հեռուստացույց դիտելուց: Հակառակը՝ թվայնացումն, առհասարակ, մարդկանց ավելի բազմազան տեղեկատվություն տրամադրելուն պետք է միտված լինի, տեղեկատվություն ստանալու ավելի շատ հնարավորություն տա, այնպես որ, այս միջոցառումը պետք է շատ ավելի կազմակերպված անցկացվեր, քան իրականում այն անցկացվեց», – եզրափակեց Աշոտ Մելիքյանը: