ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Մալաթիայի բաժնում որոշում է կայացվել մերժել Երեւանի ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին, 7/46 ընտրատեղամասում «Aravot.am»-ի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին սպառնալիքներ եւ վիրավորանք հնչեցնելու դեպքով քրեական գործ հարուցելը։
Հիշեցնենք, որ վերոհիշյալ ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանն ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչո՞ւ են ընտրողները քվեաթերթիկներն իրեն ցույց տալիս՝ մինչ քվեատուփի մեջ գցելը, գոռալով նրա վրա ասել է. «Տղա ըլնեիր, կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր, թուլին նայի…»։ Այս ամենը տեսագրվել ու հրապարակվել է ե՛ւ «Aravot.am»-ում, ե՛ւ այլ ԶԼՄ-ներում։
Միջադեպի վերաբերյալ ոստիկանների աչառու մոտեցման մասին վկայում է առնվազն այն, որ եզրակացության հիմք է ծառայել նաեւ Գեւորգյանի բացատրությունը, թե «ինքը ոչ ոքի չի սպառնացել, միայն բարձր տոնով վիճել է եւ նշված հայտարարությունը արել է՝ հարգելով, որ իր դիմաց կին է կանգնած»: Բացի այդ, տարակուսանք է հարուցում, որ ոստիկանները, անտեսելով ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածը («Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»), վկայակոչել են միայն 154-ը, որը պատասխանատվություն է նախատեսում քվեարկության գործընթացի խախտումների համար։ Վերջինը ավելի քիչ է առնչվում տվյալ միջադեպին եւ, ամենայն հավանականությամբ, հարմար է խնդիրը կոծկելու համար։
Լուրջ մտահոգություն է առաջացնում եւս մեկ փաստ. թեեւ որոշումն ընդունվել էր դեռ մայիսի 20-ին, սակայն այն չէր տրամադրվում լրագրողին, եւ միայն նրա համառության ու հետեւողականության շնորհիվ, ՀՀ գլխավոր դատախազին դիմելուց հետո՝ հունիսի 30-ին փաստաթուղթը հասավ Հռիփսիմե Ջեբեջյանին։
Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, պահանջում ենք.
- ՀՀ ոստիկանապետից՝ պատասխանատվության ենթարկել ս. թ. մայիսի 14-ին 7/46 ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի քննությունն իրականացրած պաշտոնատար անձանց՝ ակնհայտ փաստերը անտեսելու, կողմնակալություն ցուցաբերելու եւ անհիմն որոշում կայացնելու համար,
- ՀՀ դատախազությունից՝ քրեական գործ հարուցել տվյալ միջադեպի առնչությամբ, պատշաճ վերահսկողություն իրականացնել դրա նկատմամբ՝ ապահովելով անաչառ քննություն։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ