Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը չկայացած հայտարարեց մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման համար իր՝ արդեն երկրորդ անգամ կազմակերպած մրցույթը։ Նույն ճակատագիրն ունեցավ անցած տարի անցկացված առաջին մրցույթը։ Սա նշանակում է, որ թվային հեռարձակման հանրային ցանցը, այսինքն՝ պետական մուլտիպլեքսորը, առայժմ պահպանելու է մենաշնորհ դիրքը եւ թելադրելու է իր պայմանները ոլորտում։
Այս խնդիրը հատկապես մտահոգիչ է մարզերում գործող 10-ից ավել այն հեռուստաընկերությունների համար, որոնք շարունակում են աշխատել անալոգային ռեժիմով։ Հիշեցնենք, որ ներկայում Հայաստանի յուրաքանչյուր մարզում (բացի Վայոց ձորից, որտեղ տեղական ՀԸ չկա) միայն մեկ հեռուստաընկերություն ունի թվային հեռարձակման արտոնագիր եւ ընդգրկված է պետական մուլտիպլեքսորում: Նույն մարզերում գործող մյուս հեռուստաընկերություններին 2015թ. դեկտեմբերի 18-ին ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով հնարավորություն տրվեց շարունակել անալոգային հեռարձակումը մինչեւ մասնավոր մուլտիպլեքսորի ի հայտ գալը։
2016-ի հոկտեմբերին Հայաստանում անալոգային հեռարձակումը անջատվեց, եւ մարզերում գործող 10-ից ավելի տեղական հեռուստաընկերություններ շատ արագ սկսեցին կորցնել իրենց լսարանն ու գովազդատուներին։ Որպես փրկություն դիտարկվում էր մասնավոր մուլտիպլեքսորի ձեւավորումը, սակայն սահմանված ժամանակահատվածում (ս. թ. մայիսի 2-ից օգոստոսի 2-ը) ՀՌԱՀ-ին դիմում չներկայացվելն ու մրցույթը չկայացած հայտարարելը հօդս ցնդեցրին նաեւ այդ հույսերը։
Այն, որ պետությունը անելանելի պայմանների մեջ է դնում այդ 10 հեռուստաընկերություններին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ու գործընկեր կազմակերպությունները՝ Երեւանի մամուլի ակումբը եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը բազմիցս են բարձրաձայնել։ Օգոստոսի 8-ին այդ երեք կազմակերպությունները կրկին հանդես եկան հայտարարությամբ՝ արտահայտելով իրենց մտահոգությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Փաստաթղթում նշվում է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում նախատեսված՝ մասնավոր մուլտիպլեքսորի ձեւավորման ու լիցենզավորման պայմանները չեն համապատասխանում հեռարձակման ոլորտի զարգացման արդի պահանջներին, համահունչ չեն այդ դաշտում առկա մարտահրավերներին, ինչպես նաեւ հրապուրիչ չեն ձեռնարկատիրության տեսանկյունից։ «Մասնավորապես՝ անընդունելի է այստեղ փոքր ու միջին ձեռնարկությունների ձեւավորման բացառումը։ Օրինակ, այն օրենսդրական դրույթը՝ համաձայն որի մասնավոր մուլտիպլեքսորը պետք է ընդգրկի Հայաստանի ամբողջ տարածքը, իսկ համայնքային եւ մարզային ծածկույթ ունեցող մուլտիպլեքսոր չի նախատեսվում, ոչ մի լավ հեռանկար չի խոստանում ոլորտին» – ասվում է հայտարարության մեջ։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը ու Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համատեղ մշակել և խորհրդարան են ներկայացրել օրինագծերի փաթեթ, որով նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում եւ հարակից այլ օրեքներում։ Մասնավորապես՝ առաջարկվում է թվային հեռարձակման պայմաններում ավելի ազատական մոտեցումների կիրառմամբ ապահովել մասնավոր մուլտիպլեքսորների մուտքը շուկա, ինչպես նաեւ հստակեցնել մարզերում գործող այն տեղական հեռուստաընկերությունների կարգավիճակը, որոնք շարունակում են աշխատել անալոգային ռեժիմով։
Ըստ էության, այս առաջարկությունները փրկություն պետք է դառնային տեղական հեռուստաընկերությունների համար։ Սակայն Ազգային ժողով ներկայացված օրինագծերն այդպես էլ շրջանառության մեջ չդրվեցին։ Ուստի լրագրողական կազմակերպությունները Ազգային ժողովից պահանջում են անդրադառնալ հեռարձակման ոլորտի խնդիրներին եւ նախաձեռնել դրանց օրենսդրական լուծումները՝ անցկացնելով հանրային քննարկումներ այլընտրանքային գաղափարների շուրջ եւ շրջանառության մեջ դնելով խորհրդարան ներկայացված նախագծերը, իսկ ՀՌԱՀ-ից՝ վերանայել ոլորտի կարգավորման համար մինչ օրս որդեգրած սկզբունքներն ու մոտեցումները եւ ակտիվ քայլեր ձեռնարկել հեռարձակմանը վերաբերող օրենսդրության բարեփոխման ու ծագած բազմաթիվ այլ խնդիրները լուծելու ուղղությամբ։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե