Նոյեմբերի 16-ին ուկրաինական ICTV հեռուստաընկերության լրագրող Եվգենի Լեսնոյը եւ օպերատոր Եվգենի Տուրը փորձել են հայ-վրացական սահմանային անցակետից ավտոմեքենայով մուտք գործել Հայաստան, սակայն նրանց թույլ չեն տվել։
Տեղի ունեցածին առաջինն արձագանքեց հեռուստաընկերության պրոդյուսեր Օքսանա Դիխնիչը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով, թե Հայաստան գործուղվելիս նկարահանող խումբը պայմանավորվածություններ է ունեցել և ըստ կանոնակարգի հավատարմագրվել է ԱԳՆ-ում, բայց անցակետում պաշտոնապես մերժում է ստացել։ Ըստ Դիխնիչի՝ պատճառն այն է, որ լրագրողն ու օպերատորն աշխատել են «հակաահաբեկչական օպերացիայի տարածքներում» (Դոնբասում և Լուգանսկում – Լ.Հ.), և Ռուսաստանը նրանց ընդգրկել է «սև ցուցակներում»։
Լրագրող Եվգենի Լեսնոյը ևս իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ գործուղումը համաձայնեցվել է ՀՀ արտգործնախարարության աշխատակիցների հետ, սակայն անցակետում ասել են, թե իր և օպերատորի ներկայությունը Հայաստանում անհնար է, քանի որ նրանց անուններն ընդգրկված են ՌԴ «արգելված ցուցակներում»։
Արձագանքելով այս միջադեպին՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարեց, որ ուկրաինական հեռուստաընկերությունը հավատարմագրման հայտ չի ներկայացրել։ Ինչ վերաբերում է մուտքի արգելքին, Բալայանը նշեց, որ դա իր իրավասության հարցը չէ:
Հայաստանյան լրագրողները փորձել էին նաև ԱԱԾ-ից պարզաբանում ստանալ միջադեպի առնչությամբ, սակայն այդ կառույցից պահանջել էին գրավոր հարցում ուղարկել։ Լրատվամիջոցներից ոչ մեկը դա չարեց՝ համարելով, որ օպերատիվությունը չի ապահովվի, և թեման կկորցնի իր հրատապությունը։
Ի վերջո հանրության համար պարզ չդարձավ, թե որտեղ է ճշմարտությունը. հավատարմագրվե՞լ են արդյոք ուկրաինական լրատվամիջոցի ներկայացուցիչները հայաստանյան ԱԳՆ-ում և ինչո՞ւ այդ անձինք չէին կարող մուտք գործել մեր երկիր։ Չէ՞ որ լրագրողը կարող է հավատարմագրված չլինել, սակայն որպես անձ՝ անարգել այցելել Հայաստան, հատկապես այն դեպքում, երբ երկրների միջև գործում է առանց վիզայի ռեժիմ։
Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար ԽԱՊԿ-ը նախ կապ հաստատեց ICTV հեռուստաընկերության լրագրող Եվգենի Լեսնոյի հետ։ Նա նշեց, որ նախատեսված էր սյուժեներ պատրաստել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։ Գործուղումը կազմակերպելիս պայմանավորվածություններ են ունեցել Ուկրաիանայում Հայաստանի դեսպանի և դեսպանատան աշխատակից Արման Աբովյանի հետ։ Այս ամենը, Եվգենի Լեսնոյի ընկալմամբ, պաշտոնական համաձայնեցում է ՀՀ ԱԳՆ-ի հետ։ Մինչդեռ Արման Աբովյանը Ուկրաինայում ՀՀ դեսպանի տեղեկատվական քաղաքականության գծով խորհրդականն է, որի լիազորությունների մեջ չի մտնում լրագրողների հավատարմագրումը։ Եվ այս պարագայում հայաստանյան ԱԳՆ-ի պնդումն առ այն, որ ICTV հեռուստաընկերությունը հայտ չի ներկայացրել և հավատարմագրված չի եղել, արժանահավատ է։
Փոխարենը ի հայտ եկավ մեկ այլ փաստ. ուկրաինական լրատվամիջոցի նկարահանող խումբը հավատարմագրվել է Արցախի ԱԳՆ-ում։ Այս մասին մեզ տեղեկացրեց նույն Արման Աբովյանը։ Մեկնաբանելով միջադեպը՝ նա ասաց, որ տեղի ունեցածը լրատվամիջոցի թերացումն է. «Երևի կարծել են, որ եթե Արցախում հավատարմագրվել են, ապա Հայաստանում էլ հարկավոր չէ։ Արցախի ԱԳՆ-ից կապ են հաստատել ինձ հետ, ես ասել եմ, որ ստուգված հեռուստաընկերություն է», – նշեց Արման Աբովյանը։ Մեր դիտարկմանը, թե ինչ ասել է «ստուգված հեռուստաընկերություն», դեսպանի խորհրդականը մանրամասնեց, որ «այս լրատվամիջոցը միշտ ճշմարտությունն է հաղորդել Հայաստանի մասին, իսկ դրանից ավելին մեզ հարկավոր չէ»։
Ինչ վերաբերում է «ստուգված հեռուստաընկերության» ներկայացուցիչների մուտքը ՀՀ տարածք արգելելու փաստին, Արման Աբովյանն ասաց, որ դրա պատճառների մասին տեղեկություն չունի, բայց եթե սահմանային ծառայությունը թույլ չի տվել, ապա լուրջ հիմքեր է ունեցել։
Անդրադառնալով այդ հիմքերին՝ Եվգենի Լեսնոյը մեզ հետ զրույցում շարունակեց պնդել, թե իրենց մուտքը Հայաստան արգելվել է ՌԴ «սև ցուցակում» ներառված լինելու պատճառով, այդ արգելքը գործել է նաև Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամի տարածքում։ Լրագրողը պատմեց, որ անցակետում սահմանապահները նախ ստուգել են օպերատորի փաստաթղթերը, հարցրել են՝ եղե՞լ է նա արդյոք Ռուսաստանում, ու թեև նա այնտեղ չի եղել, հայտնել են, թե օպերատորը արտաքսվել է ՌԴ-ից։ Եվգենի Լեսնոյի պնդմամբ՝ իրական պատճառը օպերատորի՝ Ուկրաինայի «հակաահաբեկչական օպերացիայի գոտում» աշխատելն է։
Ուկրաինական լրատվամիջոցի ներկայացուցիչների՝ Հայաստան մուտք գործելու արգելքի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու համար ԽԱՊԿ-ը գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որտեղից պատասխանեցին, որ դա իրականացվել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետի համաձայն։ Ըստ այդ դրույթի՝ օտարերկրացու մուտքի արգելք է նախատեսվում, եթե «գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին … լուրջ և հիմնավոր սպառնալիքներ»:
Որպեսզի պարզենք, թե ինչ «լուրջ և հիմնավոր սպառնալիքների» մասին է խոսքը, երկրորդ գրավոր հարցումն ուղարկեցինք ԱԱԾ։ Ստացանք հետևյալ պատասխանը. «… ուկրաինական ICTV հեռուստաընկերության ներկայացուցիչների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկատվության հիման վրա … ։ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին տեղեկությունները հանդիսանում են պետական գաղտնիք և հրապարակման ենթակա չեն»։
Այս պատասխանից հետևում է, որ ՀՀ ԱԱԾ-ն սեփական գործողությունների հիման վրա է որոշում կայացրել արգելել ուկրաինական լրատվամիջոցի ներկայացուցիչների մուտքը Հայաստան։ Բայց արդյո՞ք դա այդպես է, թե՞ այս մարմինը պարտավորված է եղել փոխհամաձայնեցված քայլեր կատարել ռուսաստանյան գործընկերների հետ։ Այս հարցը մնում է առկախ։
Անդրադառնալով միջադեպի հետ կապված ԱԱԾ հիմնավորմանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ԽԱՊԿ-ի հետ զրույցում նշեց, որ լրագրողների համար կամ պետք է ընդհանրապես մուտքի արգելք չլինի, կամ հստակ տեղեկատվություն տրամադրվի, թե ինչու և որ երկիր է մուտքն արգելված։ «Լրագրողները մասնագիտության բերումով կարճ ժամանակահատվածում հայտնվում են տարբեր վայրերում, ժամանակը շատ թանկ է նրանց համար։ Ուստի անկախ նրանից, թե ինչպիսի վերաբերմունք ունի տվյալ պետությունը տվյալ լրատվամիջոցի ներկայացուցիչների նկատմամբ, պետք է բավարար հարգանք ունենա, հնարավորինս բաց լինի և տեղեկացնի արգելքի ու դրա պատճառների մասին, որպեսզի նրանք համապատասխանաբար ծրագրեն իրենց ուղևորությունն ու աշխատանքը։ Այս պարագայում, փաստորեն, այդպես չի եղել։ Ենթադրում եմ, որ ICTV հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը մինչ օրս բավարար չափով տեղեկացված չեն՝ ինչն է խոչընդոտել նրանց մուտքին: Դա նորմալ վերաբերմունք չէ լրագրողական աշխատանքի նկատմամբ։ Եթե կա հստակ խոչընդոտ այդ լրագրողների մուտքի հետ կապված, նրանց այդ մասին պետք է տեղեկացնել։ Քանի որ դա չի արվել, Հայաստանի իշխանությունները պետք է ներողություն խնդրեն տեղի ունեցածի համար», – կարծում է Բորիս Նավասարդյանը։
Ըստ նրա՝ հնարավոր է, որ տեղի ունեցածը բացասաբար անդրադառնա մեր երկրի վարկանիշի վրա ոչ միայն այն պատճառով, որ այլ երկրի ԶԼՄ-ի ներկայացուցիչները չեն կարողացել գալ Հայաստան, այլ նաեւ՝ որ Արցախ գնացող լրագրողների մուտքն է արգելվել։ «Դա վկայում է, որ մեր քաղաքականությունը հետևողական չէ և չի նպաստում ազգային խնդիրների լուծմանը։ Ի հակադրություն այն փաստին, որ Ադրբեջանը մշտապես փորձում է մեկուսացնել Լեռնային Ղարաբաղը, մեր պետությունը պետք է հնարավորինս խրախուսի օտարերկրյա լրագրողներին այցելել և լուսաբանել այն, ինչ իրենց հետաքրքրում է Արցախում», – նշեց Բորիս Նավասարդյանը։
Լիլիթ Հովհաննիսյան