Համաշխարհային միտում է. առցանց լրատվամիջոցների աճին զուգահեռ թերթերի տպաքանակներն անկում են ապրում, նվազում են ֆինանսական աղբյուրները, շատ խմբագրություններ փակվում են։ Թվային դարաշրջանում, երբ տեղեկություններն ու լուրերը ավելի օպերատիվ կերպով հայտնվում են համակարգչի, iPad-ի կամ բջջային հեռախոսի էկրանին, քան թերթերի էջերում, տպագիր մամուլը բախվում է լուրջ մարտահրավերների։ Բնականաբար, այս առումով Հայաստանը բացառություն չէ։ Բայց օբյեկտիվ բարդություններից զատ հայաստանյան թերթերի շուկայում առկա են նաեւ բազմաթիվ այլ խնդիրներ։
1996 թվականից տպագրվող «Չորրորդ իշխանություն» օրաթերթը 2017 թ. հուլիսի 1-ից դադարեցրել էր իր գործունեությունը։ Այժմ շաբաթական մեկ անգամ է տպագրվում։ Տնօրեն Մհեր Ղալեչյանը սա «ռոմանտիկ հայրենասիրական քայլ» է համարում։ «Ըստ էության այժմ մենք թերթն առանց գումար ունենալու ենք տպագրում։ Հաշվի առնելով «Չորրորդ իշխանության» հեղինակությունը, պատմությունը, փորձում ենք ընդամենը պահել այսքան տարիների արած աշխատանքը մինչև ֆինանսավորման աղբյուրներ գտնենք», – նշեց Մհեր Ղալեչյանը։ Ըստ նրա՝ թերթի անկման գլխավոր պատճառներից մեկը համացանցն է. մարդիկ նախընտրում են տեղեկատվության ավելի օպերատիվ ու մատչելի աղբյուրը։ «Այսօր լրագրողներից շատերն անգամ թերթ չեն կարդում, քանի որ այդ նույն թերթի նյութերի ամենահետաքրքիր ու կարևոր հատվածները հրապարակվում են առցանց լրատվամիջոցների «Մամուլի տեսություն» բաժնում։ Այդ ամենը առաջացրեց ֆինանսական լուրջ խնդիրներ», – նշեց «Չորրորդ իշխանության» տնօրենը։
Թերթի արժեքը վերջին անգամ բարձրացվել է 2013-ին՝ 150-ից դառնալով 200 դրամ։ Սակայն խնդիրն այդկերպ չի լուծվել։ «Դա բացարձակ ազդեցություն չունեցավ։ Թերթի այսօրվա տպաքանակի վաճառքով բոլոր ծախսերը հոգալն անհնար է։ Իսկ վերջին շրջանում վաճառքը ավելի է նվազել և այլևս հնարավոր չէր այդ հասույթով աշխատակազմ, խմբագրություն պահել, տպագրական ծախսեր հոգալ։ Այդ պատճառով թերթի աշխատակազմում նկատելի կրճատումներ եղան»,- նշեց նա։
Մհեր Ղալեչյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք լսարանին ավելի հետաքրքրելու համար բովանդակային փոփոխության կարիք չկա տպագիր մամուլում։ «Թերթերի պահանջարկը, դրանց նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է միայն կարևոր իրադարձությունների ժամանակ, մասնավորապես՝ ընտրությունների ընթացքում։ Մյուս ժամանակահատվածներում ամենահետաքրքիր ու էքսկլյուզիվ բաները գրիր՝ նշանակություն չունի։ Սոցիալապես ծանր վիճակում գտնվող քաղաքացին գերադասում է 200 դրամով հաց գնել…»։ Ինչ վերաբերում է գովազդատուներին, ապա «Չորրորդ իշխանության» տնօրենի խոսքով՝ թերթը գովազդ ըստ էության չի էլ ունեցել։ «Մեր թերթին գովազդ տալն ընկալվում է աջակցություն ընդդիմությանը (ծիծաղում է), այդ պատճառով գովազդ չենք ունեցել, մեր ամբողջ գործունեության ընթացքում ֆինանսական աղբյուրներ ինքներս մեր ուժերով ենք ձեռք բերել»։ Մհեր Ղալեչյանի խոսքով՝ այժմ փորձում են թերթն աշխատեցնելու նոր ուղիներ փնտրել։
«Ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը ևս խոսելով տպագիր մամուլի ծանր վիճակից, նշում է նույն պատճառները. առցանց լրատվամիջոցների զարգացում, մարդկանց գնողունակության անկում, քաղաքական ու լրատվական բնույթի նյութերի նկատմամբ ցածր հետաքրքրություն։
Թերթի տպաքանակի վերադարձն ավելացել է, աշխատակազմում որոշ կրճատումներ են եղել։ 2017 թ. սեպտեմբերից էլ տպարանն են փոխել։ Այժմ ավելի մատչելի պայմաններով թերթը տպագրվում է «Մեր տպարան» ՍՊԸ-ում, որը ստեղծել են «Հայկական ժամանակ» և «Չորրորդ իշխանություն» թերթերի հիմնադիրները։ «Ժողովուրդ»-ի խմբագրի կարծիքով՝ մամուլի նկատմամբ ծայրահեղ ցածր հետաքրքրությունն այսօր համընդհանուր դրսևորում է։ «Համացանցը խժռել է ինչպես հեռուստաընկերություններին, ռադիոներին, այնպես էլ մամուլին, դրա համար մենք կամաց-կամաց փորձում ենք համատեղել մեր գործունեությունը առցանց տիրույթում, որպեսզի այնտեղից ստացած ֆինանսական եկամուտներով թերթը կարողանանք որպես ավանդույթ պահել», – նշեց նա։
Թագուհի Թովմասյանի խոսքով՝ տպագիր մամուլում ստեղծված ծանր իրավիճակն էլ ավելի վատթարացրեց վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը՝ գերատեսչություններին հրահանգելով պետական խնայողությունների անվան տակ հրաժարվել թերթերի բաժանորդագրություններից։ «Այդ բաժանորդագրությունների պակասն այսօր զգում են բոլոր լրատվամիջոցները։ Զավեշտալի բան կարող եմ ասել. նախարարությունների լրատվական ծառայությունների աշխատակիցները զանգահարում են մեր լրագրողներին, խնդրում ուղարկել իրենց կառույցին առնչվող հոդվածը, որպեսզի կարողանան պարզաբանում տալ այս կամ այն հարցի վերաբերյալ, այդքան խղճուկ վիճակում են հայտնվել պետական գերատեսչությունները», – նշեց «Ժողովուրդ»-ի խմբագիրը։ Ըստ նրա՝ կառավարությունը միտումնավոր նման քայլ արեց՝ խնդիրներ ունենալով ազատ գործող մի քանի թերթերի կամ դրանց հիման վրա ստեղծված կայքերի հետ։ «Իշխանությանը ձեռնտու են այնպիսի լրատվամիջոցներ, որոնք մեկ հեռախոսազանգով կլռեն, ինչպես լռեցին, օրինակ, «Սասնա ծռերի» հետ կապված հայտնի իրադարձության ժամանակ», – նշեց Թագուհի Թովմասյանը։
«Ժողովուրդի» խմբագիրը խոստովանում է՝ շատ դժվար է այս պայմաններում թերթ պահելը, սակայն հաշվի առնելով գնողունակության խնդիրը՝ թերթի արժեքը դեռ չեն բարձրացրել։ «Երբ գրեթե բոլոր թերթերի գինը սկսեց բարձրանալ, ես հայտարարեցի, որ մենք կլինենք վերջինը։ Շուտով կարծում եմ՝ կգա այդ օրը, և ստիպված «Ժողովուրդ»-ն էլ կթանկանա», – նշեց Թագուհի Թովմասյանը։ Մինչդեռ, ինչպես վկայում է այլ տպագիր լրատվամիջոցների փորձը, թերթի գնի բարձրացումն ամենեւին էլ փրկություն չի դառնում խմբագրության համար։
Այսպես, «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի խոսքով՝ թերթի արժեքը բարձրացվել է երեք տարի առաջ, ինչն էլ նվազեցրել է ընթերցողների քանակը։ Լրատվամիջոցն այսօր բազում խնդիրների ու մարտահրավերների առջև է կանգնած. կա վերադարձի ավելացում, տպաքանակի նվազում, աշխատակազմի կրճատում, ընթերցողի, գովազդատուի կորուստ։
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի կարծիքով՝ տպագիր մամուլն այսօր խնդիրներ ունի ամբողջ աշխարհում, բայց եթե աշխարհը գնում է մի հստակ ճանապարհով, այն է՝ յուրաքանչյուր թերթ ստեղծում է իր էլեկտրոնային տարբերակը և դա զարգացնելով փորձում է զուգահեռաբար իրականացնել իր առաքելությունը, ապա Հայաստանում այդ գործընթացը ձևախեղվեց։ «Մենք չկարողացանք արագությամբ վերակազմավորվել, հակառակը՝ դաշտում ստեղծվեց պարազիտ լրատվամիջոցների մի հսկա խումբ, տարբեր «com»-եր և «am»-ներ, որոնք իրականում չեն ստեղծում արտադրանք, չունեն սեփական խմբագրություններ, ինֆորմացիայի աղբյուրներ, սակայն իրենց ճարպկության շնորհիվ, մեր արտադրանքը գողանալով, կառուցեցին իրենց բիզնեսը», – նշեց «Հրապարակի» խմբագիրը։
Տպագիր մամուլի ղեկավարների նախաձեռնությամբ տարիներ առաջ «Հեղինակային իրավունքի մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին, եւ Արմինե Օհանյանի խոսքով՝ իրավիճակը մի փոքր շտկվեց. եթե նախկինում նյութերը գողանում էին առանց հղումի, հիմա վերցնում են հղումով։ «Բայց դա եկամտի աղբյուր, կապիտալ մեզ համար չդարձավ, ընդամենը դատարկ հեղինակություն է. մեզ ցիտում են տարբեր կայքերում։ Մինչդեռ թերթը բիզնես գործունեություն է. զարգանալու, աշխատավարձ բարձրացնելու, նոր նախագծեր անելու համար պետք է գովազդատու, ֆինանս ունենալ։ Թերթի չզարգացման խնդիրը ոչ միջազգային դոնոր կազմակերպություններին է մտահոգում, ոչ էլ առավել ևս իշխանությանը։ Հակառակը՝ իշխանությունն այնպես է անում, որ թերթերը կախման մեջ լինեն, այնքան դժվարությամբ ֆինանս աշխատեն, որ ստեղծագործական աշխատանքի համար ոչ էներգիա, ոչ էլ ցանկություն մնա»։
Արմինե Օհանյանի կարծիքով՝ այսօր թերթը 100 դրամով վաճառելը նշանակում է իրական գնի մեկ տասներորդ մասն էլ չստանալ ընթերցողից։ Դա սիմվոլիկ թիվ է, այդ 100 դրամից 30-ը վճարում ենք իրացնող կազմակերպություններին, 35-ը՝ տպարանին, մնում է 25 դրամ, որը բավական չէ նույնիսկ հոսանքի վարձը վճարելու համար», – նշեց նա։ Թերթի գինն էլ չեն բարձրացնում, քանի որ ընթերցող կկորցնեն։
«Տպագիր մամուլն է ինձ համար լուրջ լրագրությունը։ Համացանցի տարածքում աղբն ավելի շատ է, թերթն ավելի լուրջ աշխատանք է պահանջում։ Կարծում եմ՝ թերթի մշակույթն ուրիշ է, դա պետք է և հասարակությունը գիտակցի, և իշխանությունը», – նշեց Արմինե Օհանյանը։ Նա ևս խոստովանեց, որ տպագիր մամուլի պահանջարկը մեծանում է, երբ երկրում քաղաքական սուր ու հետաքրքիր շրջան է լինում։ Սակայն այս դեպքում էլ այլ խնդիր է առաջանում. «Մենք մամուլ իրացնող մի «մոնստր» կազմակերպության ձեռքին գերի ենք ընկել, որը շատ դժվար ու դանդաղ է արձագանքում փոփոխվող իրավիճակներին։ Երբ որեւէ սուր իրավիճակ է լինում, թերթերն իրենց ապրանքը սպառելու լավ հնարավորություն են ստանում, բայց չեն կարողանում դա իրացնել, քանի որ բախվում են «Պրես Ստենդ» կազմակերպության անգործությանը։ Այն թերթերի 90 տոկոսի վաճառքով է զբաղված հանրապետության բոլոր մարզերում, սակայն երբ կարևոր նյութ ենք ունենում այս կամ այն համայնքի մասին ու զգուշացնում ենք, որ այնտեղ ավելի շատ թերթ ուղարկվի, պատասխանում են՝ ոչ, հնարավոր չէ։ Մեր թերթի վաճառքի թվերը մեզ տալիս են 15 օր հետո, այսինքն՝ մենք նույնիսկ շաբաթվա ընթացքում չենք կարող տեղեկանալ, թե որ մարզում ինչ պահանջարկ կա», – դժգոհեց Արմինե Օհանյանը։ Ըստ նրա՝ այն պահից, երբ «Պրես Ստենդ»-ն սկսեց ծխախոտ, ծամոն, լիցքավորման քարտ ու սուրճ վաճառել, այդ ցանցի կրպակները վերածվեցին փոքրիկ խանութների, որտեղ մի անկյունում նաև թերթ է վաճառվում։
Այս բոլոր խնդիրների առնչությամբ մի քանի թերթերի խմբագիրներ նամակով դիմել են վարչապետին՝ ընդգծելով, որ երկիրը չի կարող լինել ժողովրդավարական, եթե չունի տպագիր մամուլ և որ պետությունը պետք է որևէ քայլ ձեռնարկի այս ուղղությամբ։ Սակայն նամակը մնացել է անպատասխան։ Այս պայմաններում «խեղդվող» տպագիր լրատվամիջոցների փրկությունը նրանց իսկ ձեռքերում է մնում։ Սակայն, Արմինե Օհանյանի խոսքով՝ թերթերի խմբագիրներն այնքան էլ միասնական շահեր ու հետաքրքրություններ չունեն, այդ պատճառով պայքարելու համար որևէ քայլ ձեռնարկելը բարդ է։
Լիլիթ Հովհաննիսյան