Լրագրողների մասնագիտական գործունեության տարատեսակ խոչընդոտումներին, նրանց դեմ հարձակումներին ու բռնություններին ավելացել են նաև առցանց տիրույթում, մասնավորապես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, իրական կամ «ֆեյք» օգտատերերի սպառնալիքները։ Մամուլի ու լրագրողական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում հայտնված այդպիսի վերջին դեպքը «Medialab.am» կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանին հասցեագրված գրառումն է։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ծաղրանկարի հրապարակումից հետո (այն վերաբերում էր իր ղեկավարած գերատեսչության՝ 2017թ. դեկտեմբերին 7 միլիոն դրամի ծաղիկ գնելուն ու բանակում կոռուպցիոն ռիսկերին) «Ֆեյսբուքի» «Hayk Berman Ohanyan» անունով օգտատերը սպառնացել է խմբագրությանը՝ հիշեցնելով 2015թ. հունվարին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական երգիծական շաբաթաթերթ «Շառլի Էբդոյի» ճակատագիրը: Հիշեցնենք. այդ հարձակման արդյունքում պարբերականի 10 աշխատակիցներ զոհվեցին, 12-ը՝ վիրավորվեցին։
ԽԱՊԿ-ի հետ զրույցում Մարիաննա Գրիգորյանը նշեց, որ «Ֆեյսբուք»-ի օգտատերերից բազմիցս են բռնության կոչեր ու սպառնալիքներ պարունակող գրառումներ եւ մեկնաբանություններ ստանում։ Վերջին դեպքն, ըստ նրա՝ արտառոց էր, քանի որ օգտատերը հրապարակային մեկնաբանություններից անցավ անձնական նամակների՝ ակնարկելով նույնիսկ խմբագրի անչափահաս դստերը։
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, սպառնացողը Պաշտպանության նախարարության սպա է, դիպուկահար: Այդ մասին, Մարիաննա Գրիգորյանի խոսքով՝ օգտատերն ինքն էլ է ակնարկել իր նամակներում. «Գրում էր, թե «սահմանի տղերքին ասել եմ, իրենք քո մասին գիտեն» ու բազմակետեր էր դնում։ ԶԼՄ-ների հասցեին սպառնալիքներ հնչեցնողները պետք է հասկանան, որ սա խաղ չէ, չեն կարող սպառնալ ու այդպես անցնի գնա», – նշում է «Medialab.am»-ի խմբագիրը։
Դեպքի առնչությամբ դատախազությունում փետրվարի 6-ին քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այն իրականացնելու իրական վտանգ է եղել)։ Նախաքննություն կատարելու համար գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Փետրվարի 9-ին հրավիրած ասուլիսում անդրադառնալով այս միջադեպին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է, թե կիրականացվի օբյեկտիվ քննություն։ «Մեդիալաբի» գլխավոր խմբագիրը իրավապահներին միջնորդել է պաշտպանության տակ վերցնել իր ընտանիքին, սակայն քննիչն այս հարցով որոշում դեռ չի կայացրել։
Մարիաննա Գրիգորյանը մեծ ակնկալիքներ չունի գործի հանգուցալուծումից։ «Եթե որևէ առնչություն ունի իշխանությունների հետ, կքողարկեն, կանցնեն, եթե չունի՝ հնարավոր է ընթացք տան։ Թե ինչպես կանեն իրենց գործը՝ ժամանակը ցույց կտա», – նշեց նա։
Թե քննությունը որքանով օբյեկտիվ կլինի, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) ղեկավար Արթուր Սաքունցը դժվարանում է ասել։ Փոխարենը հիշեցնում է նույնաբովանդակ մեկ այլ դեպքի մասին, որը կասեցվել է վերջերս։ Խոսքը 2017թ. հոկտեմբերի 1-ին «Мedialab.am»-ում հրապարակված Մհեր Արշակյանի՝ «Գորիկ Հակոբյան. Հրեշը» վերտառությամբ հեղինակային նյութի մասին է։ Դրա առնչությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հունարեն անուն-ազգանունով գրանցված մի «ֆեյք» օգտատեր սպառնալիքներ պարունակող մեկնաբանություն էր արել։ Մասնավորապես, օգտատերը գրել էր. «Ամեն առավոտ տնեցիքիդ գիրկընդխառը հաջող կանես դուս գալուց առաջ, չի մարսվելու ես հոդվածդ.. այ ոչ մի ճանփա չանցած ուրիշի տղա»:
Այս սպառնալիքի առնչությամբ ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել։ Օգտատերը ջնջել էր ֆեյսբուքյան իր էջը։ Դեկտեմբերի 22-ին գործի վարույթը կասեցվել էր՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին չհայտնաբերելու հիմքով։ Արթուր Սաքունցի խոսքով՝ անարդյունավետ քննություն է իրականացվել, եւ ՀՔԱՎ-ը փաստաբաններ է ներգրավելու այս գործում։
Մհեր Արշակյանի համար գործի այսպիսի հանգուցալուծումը սպասելի էր. «Եթե նույնիսկ այն չկասեցվեր, անձը հայտնաբերվելու դեպքում միևնույն է՝ պատիժ չէր կրելու։ Դա ընդունված պրակտիկա է մեզանում», – կարծում է նա։ Մասնագիտական գործունեության ընթացքում լրագրողը բազմիցս է սպառնալիքներ ստացել։ Հիշենք ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի դեպքը. 2012 թվականի դեկտեմբերի 19-ին նա «ծնոտ պոկելու» սպառնալիքով ու այլ անվայել արտահայտություններով էր արձագանքել Մհեր Արշակյանի՝ հարց տալու փորձին։
Լրագրողի խոսքով՝ իր հոդվածների առնչությամբ նախկինում էլ սպառնալիքներ է ստացել ֆեյսբուքյան օգտատերերից, սակայն 2017-ի հոկտեմբերի 1-ին հրապարակված նյութի ներքո գրված սպառնալիքը արտառոց էր, քանի որ հստակ հասցեագրված վտանգ էր պարունակում։ Մհեր Արշակյանը խոստովանում է՝ եթե շատ լուրջ վերաբերվի նմանատիպ սպառնալիքներին, ապրելը դժվար կդառնա, բայց այնպես էլ չէ, ոչ թեթև է նայում այս ամենին։
Առցանց տիրույթում արված սպառնալիքներին լուրջ չի վերաբերվում նաև տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով ևս «Ֆեյսբուք»-ում բազում նման գրառումներ է ստանում։ Միևնույն ժամանակ նա վտանգը թերագնահատել էլ չի ցանկանում։ «Այստեղ կա անպատժելիության և պաշտպանվածության գործոն. մարդիկ թաքնված են վիրտուալ դիմակի հետևում, և շատ ավելի քիչ պատասխանատվություն են զգում իրենց ասածների համար։ Շատ դեպքերում չեն էլ գնահատում իրենց ասածի ծանրությունը», – նշեց նա։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի պնդմամբ՝ հանցագործությունը հանցագործություն է՝ անկախ այն բանից, թե սպառնալիք պարունակող արտահայտությունն արվել է բանավոր, թե սոցիալական ցանցում՝ մեկնաբանության տեսքով, և իրավապահ մարմինները պետք է իրենց կարողությունները ներդնեն ու հայտնաբերեն այդ անձանց։ Ըստ նրա՝ եթե նախկինում հնչած սպառնալիքներին տրվեր համարժեք իրավական գնահատական, այդ անձինք էլ պատասխանատվության ենթարկվեին, նման դեպքերը տարածում չէին գտնի։
ՀՔԱՎ ղեկավարը հիշեց, թե ինչպես է տարիներ առաջ, երբ տեխնոլոգիաներն այնքան էլ զարգացած չէին, սպառնալիք պարունակող նամակ ստացել կազմակերպության էլեկտրոնային հասցեին։ «Գրված էր՝ «մահ Հելսինկյանին, Սաքունցին»։ Հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցինք դատախազություն, որն այն ժամանակ քրեական գործի քննություն իրականացնելու գործառույթ ուներ։ Այն հանձնարարել էր ԱԱԾ-ին, եւ այդ երիտասարդները հայտնաբերվել էին», – նշեց Արթուր Սաքունցը՝ փաստելով, որ ցանկության դեպքում իրավապահ մարմինները կարող են հայտնաբերել նաեւ առցանց տիրույթում հանցագործություն կատարած՝ «դիմակավորված», քողարկված «ֆեյք» օգտատերերին։
Լիլիթ Հովհաննիսյան