ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ 2018 թվականի փետրվարի 27-ին գումարված հերթական նիստերի ավարտից հետո կայանալիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել է լիարժեք հանրային քննարկում չանցած եւ ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների սուր քննադատությանն արժանացած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այս փաստաթղթով նախատեսվում է Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրվանից ի վեր կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, իսկ նախարարներին արգելվում է առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել այդ նիստերում ընդգրկված որեւէ հարցի քննարկման ընթացքի մասին։ Ընդ որում՝ նախագծի հեղինակները այդ գործելաոճին անցնելը փորձում են ներկայացնել որպես ժողովրդավարության դրսևորում և արդյունավետ աշխատանքի երաշխիք։
Մինչդեռ ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Փակ դռների ետևում, հասարակությունից գաղտնի աշխատող որևէ իշխանություն ժողովրդավարության և շուկայական տնտեսության զարգացում չի ապահովել, ավելին՝ այդ պայմանները նպաստել են կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը, կառավարության հանդեպ հանրային վստահության նվազմանը։ Դռնփակ նիստերի անցկացումը անհիմն սահմանափակում է լրագրողների՝ կառավարության աշխատանքը համակողմանի լուսաբանելու հնարավորությունները։
Փաստորեն, վերջին մեկ ամսվա ընթացքում լրատվամիջոցների հրապարակումներում և տարբեր հանրային քննարկումների ընթացքում հնչեցված բոլոր փաստարկներն առ այն, որ կառավարության նիստերը փակ դարձնելը հետադիմական մոտեցում է, ամբողջովին անտեսվեցին։ Եվ իշխանական վերնախավը, արհամարհելով քաղաքացիական հասարակության քննադատությունը, ամեն գնով ձգտում է ընդունել օրինագծի ԱԺ ներկայացված տարբերակը։
Հաշվի առնելով վերը նշվածը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք.
- ՀՀԿ-ՀՅԴ խորհրդարանական կոալիցիայից՝ վերանայել հիշյալ օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 16-րդ եւ 17-րդ մասերը՝ նախատեսելով ՀՀ կառավարության նիստերի դռնբաց և միայն պետական կամ այլ գաղտնիք պարունակող հարցերի դեպքում՝ դռնփակ ընթացակարգ, եւ չկաշկանդելով նախարարների հրապարակային ելույթները վարչապետի թույլտվության առկայությամբ կամ բացակայությամբ,
- ԱԺ ընդդիմադիր ուժերից՝ բոլոր հնարավորություններն օգտագործելով՝ ակտիվորեն պայքարել վերոհիշյալ դրույթների ներկա ձևակերպմամբ ընդունման դեմ և նախաձեռնել դրանց վերանայման գործընթաց,
- միջազգային կազմակերպություններից՝ Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը և տրամադրվող աջակցությունը պայմանավորել երկրի կառավարման թափանցիկությամբ եւ հանրային հաշվետվողականությամբ, կոռուպցիոն ռիսկերին դիմակայելու պատրաստակամությամբ, կարևոր որոշումներ մշակելիս և իրականացնելիս՝ քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմամբ։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
Հայտարարությունը բաց է միանալու համար