Մամուլի ազատության տեսանկյունից հետընթաց կա. մամուլի ազատության միջազգային օրն արձանագրում են հայաստանյան կազմակերպությունները:
Քաղաքացիական անհնազանդության շարժման ընթացքում թիրախում հայտնվեցին լրագրողները:
«Բոլոր խախտումները, ֆիզիկական ճնշումները եղան մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը», – ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Բողոքի ակցիաների ընթացքում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 16 դեպք արձանագրվեց։ Միայն 2 դեպքում խոչընդոտումն առանց ֆիզիկական բռնության էր: 9 դեպքում էլ լրագրողները տուժեցին հրմշտոցների եւ հատուկ միջոցների կիրառման արդյունքում:
«Մեղավորները պետք է պատժվեն: 1-2 դեպք կարող ենք հիշել, որ լրագրողին ծեծողը պատասխանատվության է ենթարկվել»,- ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը:
Հեռուստաընկերությունների աշխատանքն այս օրերին չի գոհացրել մեդիա փորձագետներին:
«Նրանց ճնշող մեծամասնությունը դարձավ ուժային կառույցների տրիբունան: Հենց զգում էին, որ կշեռքի նժարը թեքվում է, նրանք փոխում էին ակցենտը»,- նշում է Աշոտ Մելիքյանը:
Շուշան Դոյդոյանի կարծիքով, հեռուստաընկերություններն իրեն դրսեւորեցին բավականին գորշ. «Հատկապես խոսքս ուղղում եմ հանրային հեռուստաընկերությանը»:
Փորձագետները համոզված են՝ հեռարձակման ոլորտում արմատական փոփոխություններ են պետք:
«Այսպիսի հեռուստաեթեր այլեւս հնարավոր չէ հանդուրժել: Հնարավոր չէ ունենալ այսպիսի հանրային հեռուստատեսություն: Էլ չեմ ասում որոշ մասնավոր հեռուստաընկերությունների մասին, որոնք փորձեցին Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ »,-նշում է ԽԱՊԿ նախագահը:
Աշոտ Մելիքյանի խոսքով, այս օրերի իրադարձություններն ակտիվ լուսաբանում էր հատկապես օնլայն մեդիան:
«Մի իրականություն էին ցույց տալիս հեռարձակողները, մեկ այլ իրականություն էր օնլայն տիրույթում: Ինչ խոսք, օնլայնն իր օպերատիվությամբ եւ ուղիղ հեռարձակմամբ ավելի շատ լսարան էր գրավում»:
Մամուլին զուգընթաց այս օրերին զարգացավ քաղաքացիական ժուռնալիստիկան:
«Մարդիկ ուղիղ եթեր են մտնում, ինֆորմացիա են հաղորդում: Այն քաղաքացիները, ովքեր լայֆ են մտնում, երբ ունենան համապատասխան լրագրողական կրթություն, այլեւս նրան հասնել չի լինի »,-վստահեցնում է Շուշան Դոյդոյանը:
Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպության հրապարակած վերջին տվյալներով` Հայաստանը 1 բալով հետընթաց է գրանցել: Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը նախորդ տարվա 79 միավորի փոխարեն այս տարի 80 է: