Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի արձանագրմամբ՝ վերջին շաբաթների քաղաքական լարված պրոցեսների ընթացքում լրագրողները կրկին բռնության թիրախ դարձան:
Մելիքյանը թվերով է խոսում տեղի ունեցածի մասին՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած բողոքի ակցիաները լուսաբանող 16 լրագրող թիրախավորված ֆիզիկական բռնության են ենթարկվել, բռնություն գործադրողների մեծ մասն էլ ոստիկաններ են եղել․ – «Այսինքն նրանք գիտեին, տեսնում էին, որ դրանք լրագրող էին․․․ Այստեղ թիրախավորված և միտումնավոր իրավախախտում է տեղի ունեցել»:
Եվս երկու դեպքում խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը, սակայն գործը չի հասել ֆիզիկական բռնության։ 9 դեպքում լրագրողները տուժել են, երբ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների նկատմամբ։
Մելիքյանը նկատում է, որ ինչպես «Էլեկտրիկ Երևանի», Սարի թաղի իրադարձությունների ժամանակ, այնպես էլ այս շաբաթներին, շարունակվեց Հայաստանում արմատավորված արատավոր պրակտիկան․ «Սա տխուր ավանդույթ է, որը պետք է ջարդել ուղղակի: Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունները հատ առ հատ պետք է քննվեն, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Միայն այս պարագայում կարելի է իրավիճակը փոխել»:
Ըստ Մելիքյանի, լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերն արձանագրվել են մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը՝ ապրիլի 13-23-ը։
Այդ ընթացքում տուժել է նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը։ Երկու անգամ է նա բռնության ենթարկվել, առաջինը՝ ապրիլի 19-ին քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարվածներ է ստացել, այդ փաստով քրգործ է հարուցվել, սակայն մինչև այսօր, Մուրադյանի փոխանցմամբ, գործով մեղադրյալներ դեռ չկան․ – «Երկու անձինք, ովքեր բռնություն են գործադրել իմ նկատմամբ ամսի 19-ին իմ նկատմամբ, նրանցից առնվազն մեկի լուսանկարը պարզ կա: Ես վարույթն իրականացնող մարմնին ասել եմ, որ չճշտված տեղեկություն ունեմ, որ դա օպերլիազոր է, քրեական հետախուզության բաժնի աշխատակից է, ու մինչև այս պահը՝ տասը օր անցել է, նույնիսկ չեն կարողանում պարզել անձի ինքնությունը»:
Երկրորդ դեպքը եղել է ապրիլի 20-ին Երևան – Աբովյան մայրուղու վրա։ Ինչպես Մուրադյանն է պնդում, ոստիկանության Աբովյանի բաժնի պետը բռնություն է գործադրել իր նկատմամբ, և նրա հրամանով իրեն բռնի ուժով փորձել են տեղափոխել բաժանմունք։ Փաստով անգամ մինչև այսօր քրեական գործ հարուցված չէ, իսկ իրավապահները, ըստ լրագրողի, չեն շտապում բացահայտել օրինախախտներին․ – «Զավեշտը հետևյալն է․ ես նույն օրը գիշերը հաղորդում եմ տվել ոստիկանության Կենտրոնի բաժնում: Տվյալ բաժնի պետը կամ տեղակալը ինձ ասում է՝ ի՞նչ գիտես, որ ոստիկան է քո նկատմամբ բռնություն գործադրել: Ես ասում եմ, որ համազգեստով էր, գնդապետի ուսադիրներ ուներ, ասում է՝ հա, բայց դու ի՞նչ գիտես, որ նա ոստիկան է: Այդ պահից սկսած իմ վերաբերմունքը միանգամից փոխվեց: Ես հույս ունեի, թե այդ տեսանյութը կօգնի, շատ արագ գործ կհարուցվի և այլն․․․»
Ապրիլի 22-ին Էրեբունի փողոցում ցուցարարների երթի ժամանակ դիմակավորված անձինք բռնություն են գործադրել նաև «Շանթ» հեռուստաընկերության լրագող Արտակ Ղուլյանի նկատմամբ: Ղուլյանն ասում է, որ իրեն հարվածել են, անգամ հոսանքահարել։ Այդ փաստով, իհարկե, քրգործ հարուցվել է, սակայն մեղադրյալների ներգրավվածության մասին իրավապահները կրկին լռում են։
Լրագրողն արձանագրում է, որ վերջին շաբաթները կրկին ցույց տվեցին, որ լրատվամիջոցների աշխատակիցները պաշտպանված չեն․ – «Ես կարող եմ փաստ արձանագրել, որ ես այդ օրը դեպքի վայրում պաշտպանված չեմ եղել: Նաև եղել են ոստիկաններ, բայց ես պաշտպանված չեմ եղել: Քաղաքացիներն են եղել իմ պաշտպանը: Նայելով համացանցում հրապարակված տեղեկություններին, տեսանյութերին իմ գործընկերների վերաբերյալ, որպես լրագրող կարող եմ արձանագրել այդ փաստը, որ մենք՝ լրագրողներս, այսօր Հայաստանում գրեթե պաշտպանված չենք: Ցանկացած թաղային հեղինակություն կամ այլ դեմք, որը ինչ-ինչ լիազորություններ ունի, շատ հանգիստ կարող է բռնության ենթարկել լրագրողին: Ու քրեական պատասխանատվության ենթարկվելը մի քիչ աղոտ է»:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ այժմ իրենց վարույթում լրագրողներին վերաբերող 5 քրեական գործ է կա։ Դրանից մեկով ներգրրավել է նաև մեղադրյալ․ խոսքը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործի մասին է: Ինչ վերաբերում է մյուսներին, ապա կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի խոսքով՝ քննություն է տարվում անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, քանի որ նրանք եղել են դիմակավորված։
Իրավապահների կողմից լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերն էլ քննվում են Հատուկ քննչական ծառայությունում։ Ծառայությունից փոխանցեցին, որ այստեղ 3 լրագրողի գործ է անցնում, որոնցից երկուսը «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցներ Նաիրա Բուլղադարյանի և Անատոլի Եղիազարյանին են վերաբերում։