Վճռաբեկ դատարանը մայիսի 25-ին մերժել է վարույթ ընդունել «Aravot.am» -ի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի բողոքը՝ վերաքննիչ և առաջին դատական ատյանների ակտերի առնչությամբ, որոնք վերաբերում են լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն։
Հիշեցնենք, 2017 թ. Երևանի ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/46 ընտրատեղամասում ճնշում է գործադրվել «Aravot.am» լրատվական կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ։ Նա այստեղ արձանագրել էր բաց քվեարկության դեպքեր։ Նկատելով, որ ընտրողները քվեարկելուց հետո քվեաթերթիկը ցույց են տալիս «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ներկայացնող հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանին, լրագրողը նրանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ են հատկապես իրեն քվեաթերթիկը ցույց տալիս։ Հարցից Արայիկ Գևորգյանը վրդովվել է. «Շա՞ռ ես անում»։ Նա սկսել է ձեռքերը թափահարել, գոռգոռալ, սպառնալ եւ վիրավորել լրագրողին. «Տղա ըլնեիր, կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր, թուլին նայի հլը»։
Հռիփսիմե Ջեբեջյանը դեպքի առնչությամբ դիմել էր ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին, որտեղ քրեական գործի հարուցումը մերժվել է «հանցագործության դեպքի բացակայություն» տրաֆարետային հիմնավորմամբ։ Այնուհետև լրագրողը դիմել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն՝ բողոքարկելով ոստիկանության որոշումը, սակայն Երեւան քաղաքի դատախազից նույնպես ստացել է մերժման որոշում:
Հաջորդ փուլում Հռիփսիմե Ջեբեջյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի աջակցությամբ, դիմել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը եւ պահանջելով հանձնարարել վարույթն իրականացնող մարմնին շարունակել քրեական գործով քննությունը։
2017-ի նոյեմբերին դատարանը մերժել է բողոքը՝ այս անգամ արդեն լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտման փաստի բացակայության հիմնավորմամբ: Ուշագրավ է, որ այդ որոշման հիմք է ծառայել Արայիկ Գևորգյանի բացատրությունը, թե ինքը ոչ ոքի չի սպառնացել, միայն բարձր ձայնով վիճել է և «Տղա ըլնեիր, կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր» արտահայտությունն արել է՝ հարգելով, որ իր դիմաց կին է կանգնած… Սակայն որեւէ բառ չկա լրագրողի բացատրությունից, թե ինչպես է տեղամասում իրեն պահել Արայիկ Գևորգյանը:
2018-ի հունվարին մերժել է նաև Հռիփսիմե Ջեբեջյանի բողոքը վերադաս ատյան՝ Վերաքննիչ քրեական դատարան: Մարտի 29-ին Հռիփսիմե Ջեբեջյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան: Եվ ահա, հունիսին ստացվել է վճռաբեկ դատարանի որոշումը՝ բողոքը վարույթ չընդունելու վերաբերյալ։
Հռիփսիմե Ջեբեջյանի շահերը պաշտպանող փաստաբան Կարեն Տոնոյանն այս գործում մի կարևոր հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում. «Խնդիրն այն է, որ իրավակիրառողների կողմից սույն գործով դրսևորվել է մի մոտեցում, որ հանցակազմ առկա է միայն այն դեպքերում, երբ խոչընդոտումը և հարկադրանքը դրսևորվում են բացառապես ֆիզիկական ազդեցության ձևով։ Մինչդեռ, ըստ գործի նյութերի, դատարանում այս հարցը քննարկելիս լրագրողը ցուցմունք է տվել այն մասին, որ Արայիկ Գևորգյանի գործողությունների՝ ագրեսիվ պահվածքի հետևանքով իր մոտ առաջացել է վախի զգացողություն, կաշկանդվածություն, ենթարկվել է հոգեբանական ճնշման և այլևս չկարողանալով շարունակել իր գործունեությունը՝ ստիպված է եղել լքել տեղամասը։ Սրանից բխում է, որ Արայիկ Գևորգյանը խոչընդոտել է լրագրողի մասնագիտական գործունեությունը»։
Ըստ փաստաբանի, կայացված որոշումների տրամաբանությամբ, եթե լրագրողի նկատմամբ չի եղել ֆիզիկական կոնտակտ՝ չեն քաշքշել, հարվածել, ստիպել դադարեցնել տեսանկարահանումը, ապա բացակայում է հանցակազմը։ «Նշված մոտեցումը չի բխում օրենքից,- նշում է փաստաբանը։-Լրագրողին տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրել ասելով՝ պետք է հասկանալ տուժողի վրա ցանկացած եղանակով, նաև՝ հոգեբանական ճնշում գործադրելը։ Գտնում ենք, որ դատարանների կողմից արարքին չի տրվել համապատասխան քրեաիրավական գնահատական, ինչի արդյունքում խախտվել է Հռիփսիմե Ջեբեջյանի իրավունքներն ու օրինական շահերը»։
Փաստորեն, սպառելով ներպետական բոլոր հնարավորությունները՝ լրագրողին չհաջողվեց վերականգնել իր խախտված իրավունքները։ Այս անպատժելիությունը լայն դռներ է բացում նմանատիպ նոր իրավախախտումների համար։ Իսկ իրավապահ մարմինները և դատական ատյանները մեղավորներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն կարծես «տանիք» են դառնում արայիկգևորգյանների համար։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե