Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, թե ակնկալում է լրագրողական կազմակերպությունների, խոսքի և մամուլի ազատության հարցերով զբաղվող կառույցների և առանձին իրավապաշտպանների գնահատականը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ։ Հիշեցնենք, որ վարչապետը որոշ հեռուստաընկերությունների մասին ասել է, որ հակապետական քարոզչություն են իրականացնում՝ «օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից»։ «Մի’ արեք։ Պարզապես մի’ արեք»,- վերջում ասել էր վարչապետը։
Իսկապես հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում։ Երբ Արմեն Աշոտյանը, լինելով իշխող ՀՀԿ-ի փոխնախագահ, Հանրային հեռուստաընկերությունում վարում էր «Եռանկյունի» հասարակական-քաղաքական հաղորդումը, և լրագրողական կազմակերպությունների փորձագետները, և անձամբ ես ասում էի, որ դա անթույլատրելի է, նրա համար մեր կարծիքը որևէ արժեք չուներ։ Երբ մենք ասում էինք, որ հայաստանյան հեռարձակման ոլորտը և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքն արմատական բարեփոխումների կարիք ունի, մեզ անտեսում էին։ Երբ պահանջում էինք բացահայտել և պատժել «Էլեկտրիկ Երևանի» և Սարի թաղի իրադարձությունների ժամանակ լրագրողներին բռնությունների և հետապնդումների ենթարկողներին, իշխանություններն ընդամենն իմիտացիոն նախաքննություն սկսեցին։ Իսկ հիմա Արմեն Աշոտյանի համար մեր կարծիքը կարևոր դարձավ։ Անկեղծ ասած, այստեղ նաև 2 միտում է նկատվում։ Առաջինը՝ փորձել օգտագործել անկախ լրագրողական կազմակերպություններին՝ ինչ-ինչ քաղաքական նպատակների համար, և երկրորդ՝ հնարավորինս շեղել հասարակության ուշադրությունը՝ այսօր տեղի ունեցող շատ ավելի կարևոր իրադարձություններից։ Կարծում եմ՝ չի հաջողվի թե մեկը, թե մյուսը։
Անկախ լրագրողական կազմակերպությունները և մասնավորապես Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, անթույլատրելի համարելով ցանկացած իշխանության միջամտությունը կամ ճնշումը լրատվամիջոցների նկատմամբ, միշտ արտահայտել է իր դիրքորոշումը ոլորտի ցանկացած խնդրի վերաբերյալ։ Քանի որ հայաստանյան լրատվամիջոցները բաժանված են տարբեր քաղաքական ճամբարների, վերջին ժամանակներում հատկապես աչքի են ընկնում կողմնակալ, աչառու հրապարակումներով և հաղորդումներով։ Այսպիսին է, պարոն Աշոտյան, ՀՀԿ-ի իշխանության օրոք ձևավորված հեռարձակման դաշտը, և կրկնում եմ, այն պետք է արմատապես փոխվի։ Մենք պատրաստ ենք աջակցել դրան ուղղված ցանկացած նախաձեռնության, նաև՝ ինքներս հանդես գալ առաջարկություններով։ Այդուհանդերձ, ցանկացած իշխանություն պետք է առավել հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերի լրատվամիջոցների հրապարակումների և դրանցում տեղ գտած գնահատականների նկատմամբ։ Եվ այս առումով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործածած «հակապետական քարոզչություն» և «մի’ արեք, պարզապես մի’ արեք» կոչը կարող է գնահատվել որպես միջամտություն հեռուստաընկերությունների գործունեությանը կառավարության ղեկավարի կողմից։
Թերևս տեղին կլիներ, եթե վարչապետը մատնանշեր իր նկատի ունեցած հեռուստաընկերությունների հաղորդումներում էթիկական նորմերի բացահայտ խախտումները և դիմեր ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմնին՝ փորձագիտական եզրակացություն ստանալու համար։ Սա լավագույն նախադեպը կարող էր դառնալ մեր հեղափոխական երկրում ԶԼՄ-ներին վերաբերող վեճերը լուծելու համար։ Ասածս թող ընդունվի որպես առաջարկ՝ և’ ներկա, և’ նախկին իշխանություններին։