«Փաստ» օրաթերթը գրում է.
ԶԼՄ–ների կողմից հրապարակված հոդվածները, տեսանյութերը, որոնք նոր իշխանության գործունեության վերաբերյալ որևէ քննադատություն են պարունակում, սոցիալական ցանցերում սուր հակազդեցության են արժանանում: Առկա ընդհանուր իրավիճակի մասին խոսելով` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ երեք գործոն առանձնացրեց:
«Պետք է հաշվի առնենք, որ տեղի է ունեցել հեղափոխություն. նախևառաջ` գոյություն ունի հաղթած հեղափոխականների մի խավ, որը վայելում է ժողովրդի մեծամասնության աջակցությունը: Երկրորդ` գոյություն ունի պարտված քաղաքական ուժ, որը քաղաքական և ինֆորմացիոն դաշտում շարունակում է բավականին ուժեղ դիրքեր ունենալ: Երրորդ` գոյություն ունի ընդդիմություն, որն անտեսված է եղել Սերժ Սարգսյանի ժամանակ, մեծ հաշվով` անտեսված է նաև նոր իշխանության կողմից: Նշված երեք կողմերն էլ սոցիալական ցանցերի և ԶԼՄ–ների միջոցով միմյանց քննադատելու հնարավորություն ունեն: Բայց պետք է ընդգծենք, որ խոսքն արդեն բացահայտ անհանդուրժողականության և անգամ թշնամանքի մասին է, որը պետք է հաղթահարել: Անհանդուրժողականության մթնոլորտը շատ է թեժացել և իրավիճակը հաղթահարելուն ուղղված առաջին նախաձեռնությունը պետք է լինի իշխանության կողմից»,–ասաց Աշոտ Մելիքյանը:
Նրա կարծիքով` ստեղծված իրավիճակում իրենց դերն ունեն անձամբ վարչապետի կողմից արված որոշ արտահայտություններ: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր որոշ հեռուստաընկերությունների «հակապետական քարոզչության» մասին:
«Ըստ իս` Նիկոլ Փաշինյանը, համարելով գործընկեր, ԶԼՄ ներկայացուցիչների հետ շարունակում է խոսել և շփվել այնպես, ինչպես «Հայկական ժամանակ»–ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը կամ հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը կխոսեր: Մինչդեռ`վարչապետի շուրթերից այդ կոչերն ու գնահատականները արդեն այլ երանգով ու այլ կերպ են հնչում: Կարծում եմ` Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատը կարող են քայլեր ձեռնարկել, որ սոցցանցերում ու ԶԼՄ–ներում շիկացած մթնոլորտը մեղմվի: Վարչապետին շրջապատող երիտասարդ քաղաքական գործիչներին էլ պետք է հանդուրժողականություն ցուցաբերելու կոչ անեմ: Հատկապես, որ կրթություն են ստացել արտերկրում, որտեղ պետք է տեսած լինեն ԶԼՄ–ների նկատմամբ առկա հանդուրժողական վերաբերմունքը: ԶԼՄ–ների սուրբ պարտականությունն է քննադատաբար մոտենալ ցանկացած իշխանության գործունեությանը: Շատ կարևոր է, որ հանդուրժողականության նախաձեռնությունը լինի իշխանամերձ շրջանակներից: Մյուս կողմից` տեսնում ենք պարտված քաղաքական ուժի ակտիվությունը, պայքարն ինֆորմացիոն դաշտում, որն ունի շատ հստակ քաղաքական ենթատեքստ: Ցավոք, քաղաքական ուժերն իրենց պայքարի մեջ փորձում են օգտագործել լրատվամիջոցներին»,–ասաց մեր զրուցակիցը` նկատելով, որ, այդուհանդերձ, հնչեցված խոսքերը չպետք է հասարակության մեջ անհանդուրժողականության և տարբեր հարթակներում հաշիվներ պարզելու հետևանք դառնան:
«Բոլոր նախորդ իշխանությունների ժամանակ քննադատական խոսքը սվիններով է ընդունվել: Այդ անհանդուրժողականությունն իշխանական ատյաններից իջել է դեպի հասարակություն: Ցավոք, նաև հասարակ քաղաքացին է ցանկացած քննադատական խոսք շատ հիվանդագին ու շատ հաճախ նաև թշնամաբար ընդունում: Այստեղ նոր իշխանություններն անելիք ունեն: Բայց բացի իշխանության նախաձեռնություններից, մյուս կողմերը ևս պետք է հասկանան, որ նոր իշխանությունները լուծելու բազմաթիվ լուրջ խնդիրներ ունեն, և նրանք շատ հաճախ կարող են սխալվել: Ավելին` նրանք այդ քննադատական խոսքի կարիքն ունեն: Թպետ, եթե այդ խոսքը քաղաքական ենթատեքստ ունի և զուտ վատաբանելու համար է, իհարկե, կարող է և հակադարձ ալիք բարձրացնել: Մեծ հաշվով` այդ կառուցողական մոտեցումը և շիկացած մթնոլորտը մեղմացնելու ցանկությունը պետք է լինի և՛ իշխանության, և՛ ընդդիմախոսների կողմից: Բարի կամքի դրսևորումներ պետք է ակնկալենք: Եթե այդ դրսևորումները չլինեն, այս ամենը շարունակվելու է, և յուրաքանչյուր փոքր առիթ փոթորկի է հանգեցնելու, ինչը ո՛չ իշխանություններին է պետք, ո՛չ հասարակությանը և ո՛չ էլ այն ուժին, որն առայժմ չի համակերպվել իր պարտության հետ»,–ընդգծեց ԽԱՊԿ նախագահը:
Ինչ վերաբերում է «ֆեյքերին» և, այսպես կոչված, ֆեյքային անհանդուրժողականությանը, Ա. Մելիքյանը նկատեց. «Ֆեյքերը սահման չունեն: Աշխարհում էլ առայժմ միանշանակ լուծումներ չկան այդ առումով: «Ֆեյքերն» անթույլատրելի են քաղաքակիրթ հարաբերությունների և ինֆորմացիոն դաշտի համար, բայց մյուս կողմից տեխնոլոգիայի առումով նրանց դիմակայելը հեշտ չէ: Թեև այժմ փաստերի ստուգման միջոցով պարզեցում մտցնելու փորձ է արվում, բայց պետք է հաշվի նստենք այն իրողության հետ, որ երևույթն առկա է: Համապատասխան մոտեցումներ պետք է ցուցաբերենք, տարբերակները բազմաթիվ են` արգելափակել, արհամարհել, չնկատել և այլն: «Ֆեյքերն» էֆեկտիվ են գործում հատկապես դիլետանտ մարդկանց պարագայում: Այսինքն` երբ ճիշտն ու սուտը խառնվում են, իսկ այդ մարդիկ չեն կարողանում դիմակայել մանիպուլյացիաներին: Իսկ ովքեր սոցիալական ցանցերից օգտվելու մեծ փորձառություն ունեն, բավականին հաջող դիմակայում են: Երբ տարիներ անց մեր հանրության մոտ մեդիագրագիտությունը կխորանա, «ֆեյքերն» ավելի շատ կբացահայտվեն քաղաքացու կողմից»: