«Զանգվածային բողոքի ցույցերի ու ոստիկանության կողմից դրանց հակազդման միջոցառումների ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնություն 18 դեպք է գրանցվել, որոնց հետևանքով տուժել են տարբեր ԶԼՄ-ների 22 աշխատակիցներ, տարատեսակ այլ ճնշումների՝ 8 դեպք:
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով այս տարվա երկրորդ եռամսյակային զեկույցի տվյալները: Զեկույցը Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-երի իրավունքների մասին է:
«Բոլոր կողմերն էլ նկատեցին, որ բռնությունները կանգ առան ապրիլի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Ոստիկանությունն այլևս չէր հակազդում ցուցարարների, լրագրողների գործունեությանը: Այս զեկույցում տեղ գտած հիմնական խախտումները՝ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների, եղել են հենց ապրիլի 11-23-ն ընկած ժամանակահատվածում»,-ասաց Մելիքյանը:
Նրա խոսքով, ինչպես Սարի Թաղի, «էլեկտրիկ Երևան»-ի դեպքում էր, այս անգամ էլ լրագրողների նկատմամբ բռնությունները եղել են թիրախավորված:
«Բռնություն իրականացնողները եղել են ոստիկանության հովանու ներքո քաղաքացիական հագուստով անձանց կողմից: Այդ ընթացքում դատախազությունն ու մյուս իրավապհ մարմինները փորձեցին ակտիվ հայտնաբերել մեղավորներին, քրեական գործեր հարուցվեցին, սակայն ընթացքում այդ ակտիվությունը նվազեց»,-կարծիք հայտնեց նա:
Վկայակոչելով դատախազությունից ստացած տվյալները, Մելիքյանը նշեց, որ հունիսի 30-ի դրությամբ 11 քրեական գործ է հարուցվել, որոնցից հինգի դեպքում է, որ մեղադրանք է առաջադրվել: Դրանցից միայն երեքն է ուղարկվել դատարան, ընդամնեը մեկով ունենք՝ վճիռ:
«Սա ցածր արդյունավետություն է: Իրավապահ մարմինների գործողությունները ադեկվատ չեն այն բռնությունների ծավալին, որ տեղի են ունեցել ապրիլի 11-23-ը»,-ասաց Մելիքյանը:
Նրա խոսքով, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների իրավունքների խախտումներ տեղի են ունեցել նաև հետհեղափոխական շրջանում։ Ընդհանուր առմամբ, երկրորդ եռամսյակում ԽԱՊԿ-ն արձանագրել է ֆիզիկական բռնությունների 19, տարատեսակ ճնշումների 23, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 12 փաստ։
Մելիքյանը նշեց, որ լրագրողների ու լրատվամիջոցների մտահոգությունն է առաջացրել պետական մարմիններից շատերի լրատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունների աշխատանքի ակնհայտ վատթարացումը, ինչը բացասաբար է ազդում պաշտոնական տեղեկատվության մատչելիության վրա։
Նրա փոխանցմամբ, որոշ ԶԼՄ-ների ղեկավարներ անհանգստացած են նաև սոցիալական ցանցերում դրսևորվող անհանդուրժողականության և վիրավորանքների ալիքներով, որոնք հաջորդում են այս կամ այն հրապարակմանը։
Կոմիտեն նաև նշում է, որ թավշյա հեղափոխության հատկապես առաջին շաբաթվա ընթացքում ցայտուն կերպով երևացին հայկական հեռուստաեթերի բոլոր արատները։ Ընդհանրապես երկրի հեռարձակման ոլորտը արմատական փոփոխությունների կարիք ունի։ Այդ թվում նաև՝ օրենսդրական։
«Այս ոլորտի լճացած վիճակը մեծապես պայմանավորված է նախորդ իշխանության օրոք ձևավորված կարգավորող մարմնի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պասիվությամբ, իսկ որոշ դեպքերում նաև՝ ակնհայտ անգործությամբ»,-ասաց նա: