Վերջին շրջանում Facebook սոցիալական ցանցում առավել հաճախակի դարձած սուր քննադատություններն ու վիրավորանքները մեր երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետևանք են: Նման կարծիք է հայտնել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը: Աշոտ Մելիքյանը հիշեցնում է, որ ընդհանրապես վիրավորանքներն ու սուր քննադատությունները սոցիալական ցանցերում նոր երևույթ չեն, պարզապես հիմա նոր ալիք է սկսվել, որը անընդհատ թափ է առնում:
Աշոտ Մելիքյանը անդրադարձել է նաև մի խումբ լրատվամիջոցների կողմից վերջերս հայտնած մտահոգություններին: 8 լրատվամիջոցներ հայտարարություն էին տարածել, որ բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել պետական առանձին գերատեսչությունների և նրանց մամուլի ծառայությունների հետ աշխատանքներում: Մասնավորապես, որ ասուլիսների և այլ միջոցառումների մասին գերատեսչությունները գերադասում են ծանուցել ֆեյսբուքյան էջերի գրառումների միջոցով:
«Բարձրաստիճան պաշտոնյաները, երբ ուղիղ եթերով, ֆեյսբուքյան էջում պատմում են իրենց գործունեության մասին, ապա որոշ առումով իրենք իրենց վրա են վերցնում մամուլի քարտուղարների և հասարակայնության հետ կապերի վարչությունների գործառույթները: Այսինքն՝ հաճախ պետական մարմիններում անտեսվում է այդ օղակների գործունեությունը, կամ դեռ այնպես չի կազմակերպվել, ինչպես որ պետք է կազմակերպվի»,- ասել է Աշոտ Մելիքյանը: