Պետության առաջին 3 դեմքերի անվերահսկելի ծախսերը
Երկրի առաջին 3 դեմքերի գործունեությանը վերաբերող գնումների մասին տեղեկությունները 2017 թվականից պետական գաղտնիք են։ Սա ամրագրվեց 2016 թ. դեկտեմբերին «Գնումների մասին» ՀՀ օրենքով։
Դեռևս 2013 թվականին Ֆինանսների նախարարությունը կասկածի տակ դրեց ՀՀ նախագահի, վարչապետի ու ԱԺ նախագահի անվտանգությունը և գտավ, որ դա ուղիղ կապ ունի նրանց արարողակարգային, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման ծառայությունների, այլ կերպ ասած՝ ներկայացուցչական ծախսերի գաղտնիության հետ։ Թե որքանով է այս գերատեսչությանը վերապահված անվտանգության հարցերով զբաղվելը՝ այլ հարց է։ Այս փոփոխություններն, անշուշտ, քաղաքական ենթատեքստ ունեին. օրենսդրական հող էր նախապատրաստվում ՀՀԿ-ի, նախևառաջ՝ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման համար։ Իսկ այդ իշխանությանը բնորոշ էր տեղեկատվության ազատությունը նվազագույնի հասցնելը։
Երբ սկսվեց գործընթացը, ոչ նախագահ Սերժ Սարգսյանը, ոչ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ոչ էլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որևէ կերպ չառարկեցին, հետևաբար, կարելի է ենթադրել, որ նախաձեռնությունը հենց իրենցից էր եկել կամ առնվազն հավանության էր արժանացել։
Օրենսդրական փոփոխությունների հեղինակներից մեկը ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էր։ Նա համոզված էր, որ, օրինակ, նախագահի սնվելու վայրը պետք է գաղտնի լինի, պարտադիր չէ, որ բոլորն այդ մասին իմանան։ Սակայն մի՞թե պետբյուջեի՝ հարկատուներիս վճարած գումարները թափանցիկ ծախսելը դույզն-ինչ վտանգում է պաշտոնյային։ Անհանգստացնող հարցերը շատ են՝ ո՞ր մատակարարներից են արվում գնումները, չկա՞ն արդյոք կոռուպցիոն ռիսկեր և շահերի բախում, ի՞նչ պայմաններով են անցկացվում մրցույթները, ի՞նչ ճոխությամբ են հյուրասիրում հյուրերին, որքա՞ն գումար է հատկացվում նվերներին ու շրջագայություններին։ Հասարակությունը չի իմանա այդ մասին՝ ի հեճուկս թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքների։
Հենց այս հարցերն էին պատճառը, որ 2014-ին արդեն խորհրդարանում նախագիծը լուրջ քննադատության արժանացավ, ապա մոռացվեց, իսկ արդեն 2016-ի դեկտեմբերի 16-ին, հապճեպ, առանց լուրջ քննարկումների, շատ պատգամավորների անտեղյակության պայմաններում, Ազգային ժողովը հավանություն տվեց օրենքի փոփոխությանը։ Մասնավորապես ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ընդվզեց, որ հապճեպ բերված փոփոխություններին նույնիսկ չեն էլ հասցրել ծանոթանալ։ Այդ ժամանակ ԱԺ նախագահը Գալուստ Սահակյանն էր, որը նույնպես տեղյակ չէր, որ իր ծախսերն այդուհետ գաղտնիք են։ Այս ընթացքում փոխվել էր նաև վարչապետը, ու եկել Կարեն Կարապետյանը, որը գնումների հարցում չարաշահումների իր բնորոշումն ուներ՝ «պրիմիտիվ գողություն»։
Սոցապ նախարար Մանե Թանդիլյանը, որը դեռևս օրենքի ընդունումից առաջ մտահոգություններ ու կասկածներ ուներ, այսօր կրկնում է. «Կարիք կա մեկ անգամ ևս դիտարկել՝ որքանով է դա արդարացված։ Ի՞նչ անվտանգության խնդիր է եղել, որը այս օրենքով փոխվեց. այս հարցերի պատասխանը չկար այն ժամանակ, հիմա էլ չունեմ, բայց չեմ բացառում, որ գոյություն ունեն՝ սա է հարցը։ Թե որքանով են այս ընթացակարգերը կոռուպցիոն սխեմաներից դուրս, լրիվ այլ քննարկման առարկա է, ճիշտ մեխանիզմներ է պետք աշխատեցնել»։
Օրենսդրական փոփոխությունների շուրջ մտահոգություն է հայտնում նաև տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը։ Նա հիշում է՝ օրենքում փոփոխության առաջարկն արվեց հենց այն ժամանակ, երբ հանրությունն սկսեց հետաքրքրվել պաշտոնյաների ծախսերով, ու հետաքննություններ սկսվեցին. «Հանրությունից ոչինչ գաղտնի չպետք է մնա»։ Աշոտ խուրշուդյանը նկատում է՝ «ներկայացուցչական ծախսեր» ասվածը շատ լայն հասկացողություն է. դրա մեջ կարող են մտնել սննդի, ընդունելությունների, նվերների, մինչև անգամ ամառանոցների պահպանության հետ կապված ծախսերը, իսկ այս բոլոր գնումների համակարգում վերահսկման հստակ մեխանիզմներ չկան։
Եվ իսկապես. Ֆինանսների նախարարության մեկնաբանությամբ նույնպես «ներկայացուցչական ծախսեր» տողի տակ յուրաքանչյուր գերատեսչություն կարող է նախատեսել տարբեր միջոցառումներ ու գումարներ, չկա որևէ հստակ տարանջատում։
Իսկ ի՞նչ չափի գնումների մասին է խոսքը. որքա՞ն գումար է մնում գաղտնի։ Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ ՀՀ նախագահի ներկայացուցչական ծախսերը 2014-ին կազմել են 277,3 մլն, ԱԺ նախագահինը՝ 139,9 մլն, ՀՀ վարչապետինը՝ 90,1 մլն։ 2015-ին այդ գումարները համապատասխանաբար կազմել են 261,6 մլն, 179 մլն, 105,5 մլն, 2016-ին՝ 210,9 մլն, 150 մլն և 93,2 մլն։ Ի դեպ, այս 3 ղեկավարներից ՀՀ և ԱԺ նախագահները գրեթե ամբողջությամբ են ծախսել հատկացված գումարը, իսկ վարչապետերը որոշ տնտեսումներ են ունեցել։ Մեկ այլ հետաքրքիր փաստ՝ ԱԺ նախագահի և վարչապետի ծախսած գումարները միասին վերցրած կամ քիչ են կամ գրեթե հավասար նախագահի ծախսածին։ Եթե գումարենք պետության 3 դեմքերի ներկայացուցչական ծախսերը, կստացվի 2014-ին՝ 507,3 մլն, 2015-ին՝ 546,1, 2016-ին՝ 454,1։
Որքան էլ ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը մեզ հետ զրույցում պնդում էր, թե օրենքի փոփոխությունից հետո՝ 2017-ից այս տվյալները կշարունակեն հրապարակվել, և գաղտնի կլինի, օրինակ, առաջին 3 դեմքերի սնվելու վայրը, և ոչ՝ ծախսված գումարը, Ֆինանսների նախարարությունից մեզ հայտնեցին հակառակը՝ 2017 թվականից արդեն այս ծախսերի մասին որևէ տեղեկատվություն չի տրամադրվում։
Այսպիսով՝ «Գնումների մասին» օրենքում կատարված խիստ վիճահարույց փոփոխությունները տարեկան պետբյուջեից հատկացվող շուրջ կես միլիարդ դրամի մասին տեղեկությունները դարձրել են անհասանելի թե լրագրողների, թե հասարակության համար։ Մինչդեռ, հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ ու պահանջել իշխանության հաշվետվողականություն՝ այդ գործընթացից դուրս թողնելով պետության առաջին 3 դեմքերին։
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
ԽԱՊԿ փորձագետ
կից՝ նաև տեսանյութը