Վերջերս ընդունված պրակտիկա է դարձել դատական գործ հարուցել համացանցում գրված գրառումների և մեկնաբանությունների համար։ Պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Արփինե Հովհաննիսյանը զգուշացրել են, որ բոլոր այն օգտատերերը, ովքեր իրենց վարկաբեկող և զրպարտող մեկնաբանություններ կգրեն, կենթարկվեն պատասխանատվության։
Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Armdaily․am-ին ասաց, որ դա ընդունված և նորմալ պրակտիկա է․«Եթե համացանցում կատարված գրառումների մեջ իսկապես կա զրպարտություն, ապա պետք է այդ անձը ենթարկվի պատասխանատվության»։
Մելիքյանը պնդում է , որ ոչ միայն ԶԼՄ-ները, այլն նաև սովորական օգտատերը որևէ գրառում անելիս պետք է էթիկայի կանոններից դուրս չգա․«Հարցի մի ուրիշ կողմն էլ քաղաքական ուղղվածություն ունի։ Տարբեր քաղաքական ճամբարների ներկայացուցիչները կամ համախոհները երբեմն դուրս են գալիս էթիկայի նորմերից»։
Բայց պետք է կոնկրետ դեպքը վերլուծել , որովհետև շատ հաճախ մեր քաղաքական գործիչները քննդատությունը շփոթում են զրպարտության հետ․«Եթե լրատվամիջոցը հայհոյախոսություն է տպագրել, ապա քաղաքական գործչի պահանջը նորմայի սահմանների մեջ է։ Բայց երբեմն ԶԼՄ-ներում սուր քննադատական նյութեր են լինում, որոնք հեռացնելը, միայն նրա համար, որ քաղաքական գործիչները դա չեն ցանկանում տեսնել, նորմալ չէ»։
Մելիքյանի խոսեքերով մեկ-երկու դատական նախադեպը չէր խանգարի․«Դա սթափեցնող դեր կխաղա օգտատերերի համար»։ ԽԱՊԿ նախագահի խոսքերով զսպվածություն պետք է ցուցաբերեն նաև քաղաքական գործիչները․«Վերջիններս պետք է կոչ անեն, որպեսզի իրենց համախոհները զուսպ լինեն իրենց խոսքերում և լինեն կոռեկտ։ Եվ սա վերաբերում է և՛ իշխանականություններին, և՛ ընդդիմությանը»։