Հետհեղափոխական ժամանակաշրջանում կեղծ կամ, ինչպես ասում են, ֆեյք (fake) լուրերի մասին չեն խոսում միայն ծույլերը։ Դրանք տարածվում են վիրուսի նման, գայթակղիչ վերնագրերով։ Այսօր արդեն գործում են, այսպես կոչված, «ֆեյքերի ֆաբրիկաներ», որոնք սոցցանցերում թիրախավորված հարձակումներ են կազմակերպում այս կամ այն պաշտոնյայի կամ քաղաքական ուժի ուղղությամբ, հետո նրանց գրառումները տեղ են գտնում այս կամ այն կայքում, կամ հակառակը՝ անհայտ (կամ ոչ այնքան) կայքերից այդ լուրերը տարածվում են սոցցանցերում՝ նույն «Ֆեյքերի ֆաբրիկայի» միջոցով։ Միջին վիճակագրական քաղաքացին բացում է ֆեյսբուքը, կարդում իր լուրերի ժապավենում հայտնված վերնագրերը, մեծ մասամբ չի էլ սեղմում դրանց վրա, «տեղեկանում», որ հեղափոխությունը կատարել է հենց Սերժ Սարգսյանը, որ Ռոբերտ Քոչարյանն իրականում ինքը չէ, որ Նիկոլը չի սափրվում Իրանին դուր գալու համար և այլն։ Հետո այդ մասին պատմում է բակում, ավտոբուսի մեջ, հարազատների շրջանում, ու այդպես անհայտ ծագման լուրերը տարածվում-դառնում են կեղծ իրականություն։ Մեկ այլ դեպքում թիրախավորվում է որևէ անձ ու վերոնշյալ մեխանիզմով վարկաբեկվում, երբեմն նաև՝ բարձր վարկանիշ ունեցող կայքերի միջոցով։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ կազմակերպված գրոհը դրա վառ օրինակն էր. «300 ֆեյք՝ ընդդեմ Արսեն Թորոսյանի»։
Իհարկե մեդիա ոլորտին տեղյակ մարդիկ կարող են հեշտությամբ բացահայտել կոնկրետ մոտիվացիաներով ստեղծվող հարթակները և նույնիսկ նրանց նպատակները, սակայն ինչպե՞ս կարող է հասարակ քաղաքացին տարբերել կեղծ լուրը իրականից, ինչպե՞ս չդառնալ «ֆեյք»-ի զոհը, ում հավատալ և ինչ կարդալ։
Դեռևս ամիսներ առաջ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն անհրաժեշտ էր համարում շահագրգիռ կողմերի հետ սկսել քննարկումներ կեղծ լուրերի կամ այսպես կոչված «fake news»-ի խնդրի վերաբերյալ։ Նա կարևորում էր նաև վիրավորանք եւ զրպարտություն պարունակող գրառումների եւ մեկնաբանությունների (այդ թվում` կեղծ օգտատերերի կողմից) հեռացման, ինչպես նաև դրանց համար պատասխանատվության խնդրի շուրջ մասնագիտական քննարկումները։ Իհարկե, ԱԺ փոխխոսնակը միակը չէ, որ մտահոգված է այս խնդրով. դրա մասին են խոսում բազմաթիվ այլ քաղաքական գործիչներ, ԶԼՄ ղեկավարներ, ՀԿ ներկայացուցիչներ, սակայն արդյունավետ լուծումներ դեռևս չեն նշմարվում։ Արդյունքում խախտվում է քաղաքացու՝ օբյեկտիվ և ստույգ տեղեկատվություն ստանալու իրավունքը։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հարցում է իրականացրել ֆեյսբուքյան տարբեր խմբերում՝ պարզելու, թե լրագրողները «ֆեյք» լուրերի դեմ պայքարի ինչ պատկերացումներ ունեն։ Ներկայացվել է լուծումների 8 տարբերակ, որոնք պետք է դասավորվեին ըստ առաջնահերթությունների։ Դրանք են՝
- Առանձին հարթակ ստեղծել և կազմակերպել տեղեկատվական հակազդեցություն՝ ստուգված փաստերի և հավաստի տեղեկատվության հիման վրա
- Քայլեր ձեռնարկել՝ բարձրացնելու մեդիագրագիտության մակարդակը հասարակության մեջ
- Ներգրավել մեդիա ոլորտում հեղինակություն ունեցող մարդկանց, որոնք հանդես կգան հիմնավորված մեկնաբանություններով և պարզաբանումներով
- ՏՏ մասնագետների միջամտությամբ արդյունավետ ֆիլտրեր կիրառել՝ առանձնացնելու հատուկ նպատակներով, ապատեղեկատվություն տարածելուն միտված հարթակները
- Անհրաժեշտ է պետության միջամտությունը՝ օրենսդրական լուծումների միջոցով
- Վիրավորանքի և զրպարտության հիմքով դատական գործեր նախաձեռնել
- Ապատեղեկատվություն պարունակող և մանիպուլյատիվ բնույթի հրապարակումներին հակազդել արտադատական եղանակներով՝ դիմելով ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին
- Անտեսել
Հարցմանը մասնակցել է Ֆեյսբուքի 26 օգտատեր-լրագրող։ Նրանցից 8 հոգի ամենակարևորը համարել է հասարակության շրջանում մեդիագրագիտության բարձրացման հարցը։ 7-ն իբրև առաջնային լուծում նշել է ՏՏ մասնագետների միջամտությամբ արդյունավետ ֆիլտրեր կիրառելու տարբերակը։ 5 հոգու համար առաջնային է պետության միջամտությունը՝ օրենսդրական լուծումների միջոցով։
16 հոգի իր պատասխաններում ներառել է 7-րդ կետը՝ հարցը լուծել արտադատարանական կարգով՝ դիմելով ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին, սակայն նրանցից ոչ մեկն առաջնային չի համարում այդ լուծումը։ Վիրավորանքի և զրպարտության հիմքով դատական գործեր նախաձեռնելուն կողմ է արտահայտվել 15 հոգի, սակայն միայն 2-ն է այդ լուծումն առաջնային դիտարկել։ 14 հոգի էլ լուծումների մեջ տեսնում է 1-ին կետը՝ առանձին հարթակ ստեղծել և կազմակերպել տեղեկատվական հակազդեցություն՝ ստուգված փաստերի և հավաստի տեղեկատվության հիման վրա, սակայն նրանցից միայն 2 հոգի է այդ տարբերակն ամենաարդյունավետը համարում։ 13 հոգի իր պատասխաններում ներառել է 3-րդ կետը՝ մեդիա ոլորտում հեղինակություն ունեցող մարդկանց ներգրավումն այս գործում, սակայն նրանցից ոչ ոք այդ լուծումն առաջնային չի դիտարկել։ Եվ վերջապես՝ ֆեյք լուրերն անտեսելու կողմնակիցները միայն 5 հոգի են։
Ի դեպ, ընձեռած հնարավորությանը՝ ներկայացված լուծումներից բացի, առաջարկել այլ տարբերակ, չեղավ ոչ մի արձագանք։
Ինչ վերաբերում է ամենաշատ ձայներ հավաքվածներից մեկին՝ 4-րդ տարբերակին, ապա արդեն հայտնի է, որ ծրագրավորողների մի խումբ մշակում է նոր վեբ-հավելված, որի միջոցով հնարավոր կլինի պարզել կայքերում տարածված հոդվածների և տեղեկատվության կեղծ կամ իրական լինելը։ Հուսանք, որ այս հարթակը «թակարդ» կդառնա «ֆեյք»-երի համար։
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
ԽԱՊԿ փորձագետ