Ատելության խոսքի դեմ պայքարի առաջարկներ
«Քաղաքական և հասարակական գործիչները պետք է իմանան, որ ուշադրության կենտրոնում հայտնվելով՝ կոշտ քննադատության կարող են արժանանալ, և պետք է հանդուրժող լինեն», – այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին հղված իր առաջարկներում նշել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ավագ իրավաբան Վասիլի Լուկաշևիչը:
Հիշեցնենք, Երևանում նոյեմբերի 23-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ու Հայաստանում Եվրամիության պատվիրակության կազմակերպած՝ «Խոսքի ազատությունը. որտե՞ղ են սահմանները» սեմինար-քննարկմանը հրավիրված էր նաև Վասիլի Լուկաշևիչը։ Թեման ատելության խոսքն էր, և ամփոփելով այդ քննարկումները՝ եվրոպացի մասնագետը մշակել է իր առաջարկները։
Ինչպե՞ս Հայաստանում պայքարել ատելության խոսքի դեմ։ Ըստ Վասիլի Լուկաշևիչի՝ ատելության խոսքը մեծ խոչընդոտ է ազատ ու ժողովրդավար պետության զարգացման համար: Միևնույն ժամանակ, ատելության խոսքը պետք է տարբերակել ազատ, էմոցիոնալ, երբեմն սադրիչ արտահայտչաձևերից։ Ազատ խոսքի ու ատելության խոսքի սահմանը բնավ էլ հստակ ու բացարձակ չէ, բայց անհրաժեշտ է հասարակության իրազեկության մակարդակի բարձրացման, քաղաքացիական կրթության եւ մեդիագրագիտության տարածման միջոցով հասնել չափորոշիչների մշակման։ Ըստ փորձագետի՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել երիտասարդության համար իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ ատելության խոսքի պայքարին ներգրավել սոցիալական բանավեճի մասնակիցներին՝ լրագրողներ, բլոգերներ, ակտիվիստներ, «ինտերնետ անձինք»:
Վասիլի Լուկաշևիչի դիտարկումներով՝ վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական եւ սոցիալական արագընթաց փոփոխություններն ու զարգացումները նպաստել են ատելության խոսքի տարածմանը։ Հետևաբար՝ մասնագետը խորհուրդ է տալիս հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ակտիվիստներին, քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաեւ իշխանություններին ծանոթանալ ազատ խոսքի եվրոպական չափանիշներին եւ ատելության խոսքի դեմ պայքարի մոտեցումներին։ Նա հղում է կատարում Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի հանձնարարականներին (այստեղ և այստեղ), խրախուսելի է համարում դրանց տարածումը իշխանությունների ու հասարակության շրջանում, ինչպես նաև՝ ատելության խոսքին հակազդելու նպատակով 2016 թ. ստեղծված վարքականոնի փորձը, որը մշակվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից եւ ընդունելի է սոցիալական հարթակներում (Facebook, Twitter, YouTube, Microsoft եւ Instagram)։
«…Լրատվամիջոցները պետք է ստեղծեն ատելության խոսքի դեմ պայքարի չափանիշներ, ընդհանուր վարքականոն եւ անհատական ռազմավարություն՝ ատելությամբ լի բովանդակության դեմ պայքարի համար: Անհրաժեշտ է գնալ ինքնակարգավորման՝ հանուն ժողովրդավարական արժեքների»,- նշում է ՄԻԵԴ փորձագետը։
Առաջարկներն ամբողջությամբ՝ այստեղ
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ