Հայաստանում անձնական տվյալներ ապօրինի հավաքելու, մշակելու եւ տարածելու համար պատասխանատվության ենթարկելու դեպքեր առայժմ հայտնի չեն։ «Թվային իրավունքներ» ՀԿ տնօրեն Անդրանիկ Մարկոսյանը համեմատում է Եվրամիության երկրների հետ, որտեղ նվազագույն տուգանքներն այդ ոլորտում սկսվում են 115 հազար եվրոյից։ Տեղեկատվության անվտանգության մասնագետը համոզվել է, որ Հայաստանում անձնական տվյալների հավաքագրումն արվում է զարմանալի քմահաճ ձեւով. «Գնում եք ինչ-որ փոքրիկ գործողություն անելու, առանց հարցնելու անձնագիրն ուզում են, պատճենահանում են: Հետո այդ պատճենահանված փաստաթղթերը մեկը չի հարցնում՝ ինչո՞ւ ես պատճենահանում, հետո ինչ են լինելու այդ թղթերը, պատշաճ ձեւով ոչնչացնո՞ւմ են, թե՞ գնում է անհասկանալի մի տեղ»:
Պարոն Մարկոսյանը կարեւորություն չի տալիս, թե ով է հավաքում անձնական տվյալը՝ բանկի աշխատո՞ղը, թե՞ լրագրողը՝ օրենքը հավասարեցնում է բոլորին: Սակայն այդպես չէր մինչեւ 2016-ի դեկտեմբերի 16-ը: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը բացառություններ էր նախատեսում. անձնական տվյալներ հավաքելը և մշակելը չէր ենթարկվում սահմանափակումների, եթե դա իրականացվում էր բացառապես լրագրության, գրական եւ գեղարվեստական նպատակներով։ Դրա մասին էր օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը, որը, սակայն, 2016-ի դեկտեմբերի 16-ին խորհրդարանի ընդունած փոփոխությամբ՝ ուժը կորցրած ճանաչվեց։ Ընդ որում՝ գործընթացը խիստ գաղտնի էր։
ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գեւորգ Հայրապետյանը հիշում է, որ ոլորտի մասնագետներն այդ մասին իմացել են ավելի ուշ. «Որովհետեւ փոփոխությունը եղել էր ԱԺ-ում առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ՝ ներառվելով այլ օրենքների փոփոխության փաթեթում»։
Գեւորգ Հայրապետյանը օրենքից այդ կետը հանելու մեջ այսօր էլ լրագրողի ազատության սահմանափակման տեսանկյունից որեւէ վատ բան չի տեսնում. «Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը չուներ լրագրողների ազատությունն ապահովելու բեռ: Էդ բեռն արդեն իսկ այլ օրենքներով եւ պրակտիկայով դատական լրագրողների համար նախանշված էր: Լրագրողական ազատությունը «Զանգվածային լրատվության մասին» օրենքի բեռն է, օրինակ 7-րդ հոդվածը, որը սահմանում է, թե ինչպես լրագրողը պետք է անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտող տեղեկությունների հետ կամ դրան վերաբերող տեղեկությունների հետ վարվի։ Այդ բեռը մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներն են նախանշել»։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, սակայն, նկատում է. «Իրականում այսօր այս օրենքն իր ողջ ծավալով չի կիրառվում, շատ հոդվածներ մնացել են պարզապես թղթի վրա»: Գործակալության նախկին պետ Շուշան Դոյդոյանը վախենում է, որ եթե հանկարծ պետությունը որոշի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը կիրառել այն տեսքով, որով գործում է, լրագրողները պարզապես չեն կարողանա աշխատել. «Օրինակ, եթե պաշտոնյան համաձայնություն չի տալիս իր վերաբերյալ անձնական տվյալների մշակման, ամբողջությամբ եթե օրենքի տրամաբանությունը կիրառենք, լրագրողն ուրեմն պարտավոր է հարգել նրա այս իրավունքը եւ չհավաքել, չպահել, չտարածել այլ տեղեկություններ, ինչը ուղղակիորեն հակասում է լրագրողի բուն գործունեությանը, մամուլի նպատակին»:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ղեկավար Գեւորգ Հայրապետյանն այդպիսի վախեր չունի: Նրա վկայած թվերով 2016-ի ընթացքում, երբ օրենքը դրվեց շրջանառության մեջ, հարուցվել է 11 վարույթ, 2017-ին դրանց թիվը 21 էր: 2018-ի ընթացքում հարուցվել է 30 վարույթ:
Ընդ որում՝ այս 62 վարույթներից 23-ը հարուցվել են քաղաքացիների դիմումների հիման վրա, 39-ը՝ Գործակալության նախաձեռնությամբ (որոշ դեպքերում՝ ՀԿ-ներից եւ քաղաքացիներից ստացված ահազանգերի հիման վրա):
600 դեպքում էլ խորհրդատվություն է տրամադրվել։
Ըստ Գեւորգ Հայրապետյանի, 62 վարույթներից միայն մեկն է եղել լրատվամիջոցի դեմ բողոք, և քաղաքացին պարտվել է լրատվամիջոցի դեմ հարուցված վարույթում:
Ընդհանուր առմամբ, լրատվամիջոցների կողմից անձնական տվյալների պաշտպանության իրավունքի առերևույթ խախտման, խնդրահարույց լինելու դեպքերում խնդիրը լուծվել է փափուկ իրավունքի՝ խորհրդատվության, անձնական տվյալների մշակման լավագույն փորձը ներկայացնելու կամ ուղեցույցների միջոցով: Մինչդեռ գործակալության պետը ակնարկում է, որ նույնիսկ եվրոպական օրենսդրությունը լրագրողի համար չի նախատեսում անձնական տվյալների մշակման այնպիսի առավելություն, որով քաղաքացին կարող է հայտնվել անհավասար վիճակում: Մեր օրենքն ի սկզբանե բացառել էր անձնական տվյալների մշակման որեւէ սահմանափակում լրագրողների համար, եթե դա պետական, ծառայողական, բանկային, ապահովագրական գաղտնիք չէ, կամ որեւէ կապ չունի ազգային անվտանգության ու պետական պաշտպանունակության հետ։ «Այսինքն՝ մեր օրենքը շատ ավելի կատեգորիկ էր բացառել, այնինչ եվրոպական իրավունքը նման կատեգորիկ բացառում չուներ, – ասում է Գևորգ Հայրապետյանը։ – Եվրոպական օրենքն ասում էր՝ այո, անձնական տվյալների պաշտպանության իրավունքը լրագրողական նպատակում նույնպես պետք է հարգվի, դա իսպառ բացակայություն եւ ամենաթողության թույլտվություն չէ, ուղղակի պետք է առանձնահատկությունները հաշվի առնվեն, հանրային շահի սպասարկման կարեւորությունները պետք է հաշվի առնվեն»:
Շուշան Դոյդոյանն այդ կարծիքին չէ. Եվրոպան, ըստ նրա, առավել ժողովրդավարական մոտեցում ունի անձնական տվյալների մշակման մեջ լրագրողների դերի նկատմամբ: Այնտեղ պարզապես հաշվի են նստում հասարակական կյանքում լրագրողի բացառիկ դերի հետ, եւ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետն ամրագրում էր հենց այդ բացառիկ դերը. «Իր տրամաբանությամբ այս 3-րդ հոդվածի չեղյալ համարելը հակասում է նաեւ ԵԽ-ի կոնվենցիայի 108 հոդվածին, որը նույնպես լիարժեք պաշտպանություն է ապահովում եւ մամուլի, եւ ընդհանրապես յուրաքանչյուր քաղաքացու համար անձնական տվյալների պաշտպանության ոլորտում, եւ այս հոդվածի հետ վերադարձը որոշակիորեն կհամապատասխանեցնի մեր օրենսդրությունը 108-րդ հոդվածին»:
Նախկին պաշտոնյան հիշեցնում է, որ առանց 1-ին հոդվածի 3-րդ կետի գործող օրենքը լրագրողի տակ դրված ական է: Պետական պաշտոնյան, որը դարձել է լրագրողի հետաքննության թիրախ, կարող է պարզապես դիմել գործակալությանը եւ պահանջել, որ վերջինս ուսումնասիրի իրենով զբաղվող լրագրողի համակարգիչն այն հիմնավորմամբ, որ լրագրողը պատշաճ չի պահպանում իրեն վերաբերող անձնական տվյալը: Այս քմահաճույքի դեմ, ըստ Շուշան Դոյդոյանի, պետք է հակազդեցության հնարավորություն ունենալ. «Ես կարծում եմ՝ օրվա պահանջն է վերադարձնել, ուժը կորցրած ճանաչել այն փոփոխությունը, որ արվեց 16 թվականին եւ մամուլը ճանաչել որպես այս օրենքի կարգավորումներից դուրս: Չեն կարող այս օրենքով սահմանված պարտականությունները, կարգավորումները տարածվել ԶԼՄ-ների վրա, որովհետեւ նրանք ունեն իրենց առաքելությունը, հանրությանը տեղեկատվություն փոխանցելը»:
Հայտնի է, որ առ այսօր 1-ին հոդվածի 3-րդ կետից ազատված օրենքը չի կիրառվել որեւէ լրագրողի հանդեպ: Սակայն մասնագետները տագնապ ունեն, որ հենց այդ կետի բացակայությունն էլ առաջիկայում կարող է պատճառ դառնալ, որպեսզի լրագրողական հետաքննության տակ ընկած պետական պաշտոնյաներն ու այլ անձինք անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ողողեն բողոքներով: Եվ այդ ժամանակ կառավարման ավտորիտար համակարգից ազատված Հայաստանն, ըստ մասնագետների, ստիպված կլինի մոռանալ հետաքննական լրագրության մասին:
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
ԽԱՊԿ փորձագետ