Մեր զրուցակիցն է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը
Պարոն Մելիքյան, Խոսքի ազատության առումով Հայաստանում վերջին մի քանի ամիսներին ի՞նչ եք արձանագրել, ինչպե՞ս եք գնահատում մեդիայի վիճակը։ Շատերը նշում են, որ վերջին շրջանում նաև ատելության քարոզ կա, դուք նման բան արձանագրում եք, թե ոչ։
Եթե գնահատենք հետհեղափոխական ժամանակաշրջանը, ապա, իհարկե, բոլոր թերություններով, խնդիրներով հանդերձ, այնուամենայնիվ, հեղափոխությունից հետո լրատվամիջոցներն իսկապես շատ ավելի ազատ ու անկաշկանդ են գործում, քան նախորդ տասնամյակի կամ անգամ նախորդ տասնամյակների ընթացքում։ Իհարկե, դա չի նշանակում, որ մենք չենք նկատում բացասական միտումներ և այդ ամենը չենք արձանագրում։ Բայց ընդհանուր առմամբ, այն տոտալ վերահսկողությունը, որ նախորդ տասնամյակներին առկա էր հեռարձակման ոլորտում, այն տարատեսակ ճնշումները, որոնք իսկապես խոչընդոտում էին խոսքի ազատության զարգացմանը, ավելի բարձր մակարդակի հասնելուն, կամ լրատվամիջոցների անկաշկանդ գործելուն, շատ ավելի շատ էին այն ժամանակ, և դա ցույց էր տալիս լրատվամիջոցների իրավունքների խախտումների վիճակագրությունը, որ մենք ունենք։
Սրա հետ մեկտեղ, իհարկե, մեզ համար շատ անսպասելի է, որ հետհեղափոխական շրջանում կարող էր կասեցվել «Էլեկտրիկ Երևան»-ի իրադարձություններին վերաբերող քրեական գործը։ Դրանից առաջ կասեցվեց Սարի թաղի դեպքերով քրեական գործը, և սա շատ մտահոգիչ միտում է։ Հեղափոխությունից հետո մենք գրեթե համոզված էինք, որ այդ քրեական գործերում ակնհայտ առաջընթաց կգրանցվի, որովհետև սրանք իսկապես արտառոց դեպքեր էին, երբ մեկ կամ մի քանի օրվա ընթացքում 20-ից ավելի լրագրողներ և օպերատորներ տուժեցին` բացահայտ ֆիզիկական բռնություններ, հատուկ միջոցների կիրառում, բացի ծեծուջարդը, նաև պրոֆեսիոնալ տեխնիկան էին ջարդել, նկարահանած կադրերն էին ոչնչացրել, բերման էին ենթարկել նրանց։ Այդ խայտառակ վայրագությունները, որ կիրառել էին, պետք է բացահայտվեին, և դա դաս դառնար ցանկացած իշխանության օրոք գործող ուժային կառույցների համար։ Բայց քանի որ մենք այստեղ նկատում ենք բավական մտահոգիչ գործընթաց, իհարկե, դրա մասին բարձրաձայնելու ենք։ Ավելին, բողոքարկելու ենք քննչական մարմինների այդ որոշումները, և եթե երկրի ներսում չհասնենք հաջողության, դիմելու ենք միջազգային ատյանների։
Կամ, իհարկե, մենք նկատում ենք, որ երբ ոստիկանները մտնում են խմբագրություն և պահանջում են խմբագրությունից նախ տեսագրություններ, ապա այդ տեսագրության բովանդակության հիմքերը, դա ակնհայտ ճնշում է և անթույլատրելի երևույթ, որը նույնպես մնաց անպատիժ։
Իհարկե, շատ մտահոգիչ է, որ հետհեղափոխական շրջանում ավելի լայն տարածում գտավ, քան նախկինում էր, ատելության խոսքը սոցիալական մեդիայում։ Ես դա ավելի շատ վերագրում եմ քաղաքական պայքարին։ Այստեղ ընդդիմադիրները և նրանց համախոհները դրանում մեղադրում են իշխանությանը, իշխանությունն իր հերթին մեղադրում է տարբեր ուժերի, որովհետև մեծ հաշվով, իսկապես, այդ կրքերը բորբոքում են ավելի շատ քաղաքական շրջանակները և նրանց համախոհները։ Փաստորեն, սա սոցիալական մեդիայում շարունակությունն է քաղաքական պայքարի և, առհասարակ, լրատվամիջոցներում։ Շատ վատ է, որ այս գործընթացում ներգրավվել են նաև լրատվամիջոցները, որոնք, հանդիսանալով քաղաքական համակարգի մի մաս, ոչ թե պայքարում են այդ ատելության խոսքի դեմ, այլ շատ հաճախ դառնում են այդ խոսքի հարթակ։
Սա ի՞նչ վտանգներ ունի իր մեջ, հատկապես այդ ատելության քարոզը, որ սոցցանցերում տարածվում է։ Ի՞նչ մեխանիզմներ կան այն կարգավորելու։
Նախ պետք է մտածել վտանգի մասին, որովհետև իսկապես և միջազգային պրակտիկայում է դա շատ հաճախ ասվում, որ ատելության խոսքը հանգեցնում է ոչ միայն երկխոսության բացառման, այլ նաև հղի է ավելի ծանր հետևանքներով, երբ արդեն խոսքից որոշ մարդիկ անցնում են գործի, գործադրում են ֆիզիկական ուժ և այլն։ Կարծում եմ՝ քաղաքակիրթ հասարակությունը պետք է այդ վտանգները հասկանա, իսկ եթե ոմանք չեն հասկանում, ապա պետք է նաև այստեղ իրավական մեխանիզմներ կիրառվեն։ Համենայն դեպս, վիրավորանքի և զրպարտության պարագայում, իհարկե, անհրաժեշտ է օգտվել քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված պատասխանատվություն ենթադրող դրույթներից և դիմել դատարան։ Կարծում եմ, որ իրենք՝ քաղաքական ուժերը, թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական, շատ մեծ դերակատարություն կարող են ունենալ ատելության խոսքի սահմանափակման կամ նվազագույնի հասցնելու հարցում։ Իրենք համապատասխան կոչերով ու պահանջներով պետք է դիմեն իրենց համախոհներին, որպեսզի այս թեժ վիճակը մեղմացնեն։
Որքանո՞վ են նախկին իշխանություններն այսօր կարողանում մեդիայի միջոցով ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա՝ հաշվի առնելով, որ շատերը նշում են, որ մեդիան մնացել է նրանց ձեռքում, որի հետ կապված նոր իշխանության համար դժվարություններ են ստեղծվել։
Ես կարծում եմ, որ Հայաստանի պատմության ընթացքում երբևէ չէր եղել այսպիսի իրավիճակ, երբ ընդդիմությունն այսպիսի մեծ հնարավորություններ ունենար մեդիա ոլորտում։ Ես նկատի ունեմ հանրապետականներին, որոնց ներկայացուցիչները մի քանի հեռուստաընկերությունների սեփականատեր են։ Ընդ որում՝ բավականին մեծ մասնավոր հեռուստաընկերությունների մասին է խոսքը։ Նրանք պահպանել են իրենց դիրքերը նաև օնլայն մեդիայի ոլորտում։
Նախորդ տասնամյակների ընթացքում այդպիսի երևույթ չէր եղել, որ ընդդիմության ձեռքում լինեին այդքան հեռարձակվող լրատվամիջոցներ, օնլայն մեդիա, էլ չեմ ասում երկրորդ նախագահի վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերություններ։ Եվ մտահոգիչ է, որ այդ լրատվամիջոցները գնալով ավելի շատ հիշեցնում են քարոզչամիջոցների և ավելի շատ քաղաքական նպատակներ են հետապնդում։
Ես կարծում եմ, որ հետհեղափոխական շրջանում այդ բոլոր երևույթները օբյեկտիվ բնույթ են կրում, և որ իշխանությունն իր ամենօրյա գործունեության ընթացքում պետք է միջնոցներ ձեռնարկի նաև այս ոլորտում ծագած խնդիրները լուծելու համար։ Ես նկատի ունեմ, որ պետք է բազմաթիվ օրենսդրական կարգավորումներ կիրառվեն, փոփոխություններ և լրացումներ պետք է կատարվեն մի շարք օրենքներում, որոնք կարգավորում են լրատվամիջոցների գործունեությունը։ Սա ամենևին էլ խոսքի ազատությունը սահմանափակելու միտում չպետք է ունենա։ Ուղղակի պետք է կարգավորել ոլորտը։ Նաև շատ կարևոր է, որ լրատվամիջոցների սեփականությունը, նաև ֆինանսավորման աղբյուրները լինեն թափանցիկ։ Լրատվամիջոցները պետք է հասարակության առջև հաշվետու լինեն, արդար խաղի կանոններ գործեն լսարանի հետ։ Հեռուստադիտողը կամ ընթերցողը կամ ունկնդրողը պետք է իմանա, թե ում է պատկանում այդ լրատվամիջոցը, որպեսզի նաև հասկանա, թե ինչ կարելի է ակնկալել դրանից։ Այդ դեպքում կարծես թե ավելի պարզ է դառնում, թե ով ինչ նպատակներ կարող է հետապնդել։ Այդ դեպքում լսարանը կարող է ավելի պարզորոշ հասկանալ, թե ինչ կարող է ակնկալել այդ լրատվամիջոցից։