«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը ԶԼՄ-ներին վերաբերող ամենից շատ փոփոխությունների եւ լրացումների ենթարկված օրենսդրական ակտն է։ Իր ընդունումից՝ 2000 թ.-ից ի վեր այն փոփոխվել է 29 անգամ. մինչև 2010 թվականը՝ 13 անգամ, իսկ երբ 2010-ին հեռարձակման թվայնացման հետ կապված օրենքն ամբողջությամբ նորացվեց՝ ևս 16 անգամ։ Այս բոլոր գործընթացները միտված են եղել տվյալ պահին ծագած ինչ-ինչ խնդիրներ լուծելուն, բայց ոչ՝ բարեփոխումների իրականացմանը։
«Ամբողջ օրենքը բաց է. քանի որ մոտենում են 2020 թվականի լիցենզավորման նոր մրցույթները, եթե օրենքը չփոխվի, անցկացվելու են նույն կանոններով, ինչ որ եղել է 2010 թվականին, իսկ դա նշանակում է ընդհանրապես ոլորտի վերջնական քայքայում», – նշում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ևս ընդունում է, որ օրենքն անկատար է, սակայն համոզված է՝ եթե նույնիսկ կատարյալ փոփոխություններ արվեն՝ այսօրվա մեր պահանջներին, այսօրվա երկրի վիճակին, մեր քաղաքացիական ինստիտուտների զարգացմանը, տեխնոլոգիաների զարգացմանը համապաատսխան, միևնույն է, երկու տարի հետո այդ օրենքը կարող է նորից հնանալ և բարոյապես, և գաղափարապես:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը կարևոր է համարում, որ այս նոր ժամանակաշրջանում ամբողջովին նոր մոտեցումներ ներմուծվեն:
Ի վերջո, ինչի՞ են հանգեցրել օրենսդրական թերությունները
Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացն ամենախնդրահարույցը դարձավ։ Որոշ հեռուստաընկերություններ նաև ֆինանսական դժվարություններ կրեցին օրենքի անկատարության պատճառով։
«Երկիր Մեդիա» ՀԸ գործադիր տնօրեն Դավիթ Հակոբյանը հիշում է. «Երբ մենք դիմեցինք թվային հեռարձակման համար հայտարարված հաճախականության մրցույթին, մենք շահելուց հետո գրեթե յոթ տարի չունեցանք թվային հեռարձակում, բայց վճարել ենք բոլոր պետական տուրքերը, որոնք նախատեսված են եղել թվային հեռարձակման համար… 2010-2016 թվականներին՝ գրեթե վեց տարի, վճարել ենք 20 միլիոն պետական տուրք»։
2015 թվականին կատարված փոփոխությունների ու լրացումների հիմնական նպատակը հեռարձակման ոլորտ մասնավոր թվային ցանցի՝ մուլտիպլեքսի մուտքը ապահովելն էր, ինչն այդպես էլ չիրականացավ։ Դաշտում միակ խաղացողը եղել ու մնում է պետական մուլտիպլեքսը՝ հանրային հեռարձակման թվային ցանցը, որի մեջ էլ կենտրոնացվել են գործող 37 համապետական, մայրաքաղաքային և մարզային հեռուստաընկերությունները։
«Այսօր մասնավոր մուլտիպլեքսի չլինելը սահմանափակում է և նոր հեռուստաընկերությունների ծնունդը, և սահմանափակում է նրանց գոյությունը, որոնք այս կամ այն պատճառներով, շատ ժամանակ ոչ արդար, չհաղթեցին մրցույթում, – ասում է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ – Ես կարող եմ ենթադրել, որ դա արվում էր միայն նրա համար, որպեսզի պահպանեն հանրային մուլտիպլեքսի մենաշնորհը, և նոր հեռուստաընկերությունները դժվար մտնեն մեդիաշուկա»։
Նունե Սարգսյանը ներկայացնում է փորձագիտական մոտեցումներից մեկը. «Մենք ուզում ենք առաջարկենք, որպեսզի նաև լինեն հնարավորություններ փոքր մուլտիպլեքսների համար, որոնք հնարավորություն կտան, որպեսզի մարզային հեռուստաընկերությունները ոչ միայն բովանդակություն արտադրեն, այլև կարողանան լինել այդ կոնտենտի տարածողը, այսինքն՝ միաժամանակ նաև մուլտիպլեքսի դեր կատարեն՝ ունենալով մուլտիպլեքսի լիցենզիա»:
Օրենսդրական անհիմն սահմանափակումների, կանխակալ և անարդար մրցույթների, սուբյեկտիվ և աչառու որոշումներ կայացնելու ու իրականացնելու հետևանքով մարզային շուրջ 10 տեղական հեռարձակող դուրս մնաց թվայնացման գործընթացից։ «Կամ մենք պետք է գտնենք այն ուղիները, այն գործիքակազմը, որը թույլ կտա նրանց հեռարձակվել թվային եթերում, կամ նրանք ընդհանրապես չեն լինի, – ասում է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, որը կարծում է՝ դրանցից ոչ բոլորն են արժանի եթեր դուրս գալու։ – Շատ շնորհակալ եմ հասարակական կազմակերպություններին, որ իրենց ջանքերով պահպանվեցին այդ հեռուստաընկերություններն անալոգային տիրույթում, բայց այս տասից դասական հեռուստաընկերություն կարելի է համարել 4-5-ը, մնացածը հեռուստաընկերություն չեն, թող ինձ ներեն…»:
Ոլորտի փորձագետները հնացած են համարում նաև հեռուստաընկերությունների լիցենզավորման գործող կարգը։ Թվային դարաշրջանում, երբ տեխնիկական հնարավորությունները բազմակիորեն ընդլայնվել են, օրենքով նախատեսված բարդ և գործնականում սուբյեկտիվ մրցույթները պետք է զիջեն իրենց տեղը շատ ավելի պարզ ընթացակարգերին։ Այդպիսի առաջարկներ պատրաստում են լրագրողական 3 կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ու Երևանի մամուլի ակումբը։
«Եթե դու սահմանափակում ես նաև այլ խաղացողների իրավունքը՝ փորձել գտնել տեխնիկական հնարավորություններ և հասանելի դառնալ իրենց լսարանի համար, դու խախտում ես ուղղակի խոսքի ազատության սկզբունքները, լրատվամիջոցների ազատությունը, դա երբեք չի կարող համապատասխանել միջազգային ստանդարտներին», – ասում է ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը:
«Արդյոք մենք պետք է բովանդակություն ապահովողի՞ն լիցենզավորենք, թե՞ պետք է լիցենզավորենք նրան, ով տարածում է, – Նունե Սարգսյանը մեջբերում է քննարկվող հարցադրումներից մեկը։ – Մենք առաջարկում ենք, որ լիցենզավորվի միայն տարածողը, այսինք՝ միայն մուլտիպլեքսը, հետևաբար, դասական բնորոշմամբ, նրանց հանում ենք լիցենզավորման դաշտից»:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը պետք է հստակություն մտցնի նաև հեռուստաընկերությունների սեփականության և ֆինանսավորման թափանցիկության հարցում։
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը կարևոր է համարում, որպեսզի մարդիկ իմանան, թե հեռարձակողները ինչ հիմնադիրներ ունեն. «Ներկա օրենքը չի բացում մինչև վերջ այդ հիմնադիրների անուն- ազգանունները… մեզ մոտ արգելք կա, որ կուսակցությունները հիմնադրեն հեռուստաընկերություններ, բայց այդ արգելքը շատ հեշտ շրջանցվում է։ Քաղաքացիների համար պետք է պարզ լինի, որ սա այս կամ այն կուսակցության գաղափարական հարթակն է, և այդ ժամանակ քաղաքացին ավելի քննադատաբար կմոտենա այդ բովանդակությանը, որը սփռվում է այդ ալիքներով»։
ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը հետևյալ համեմատությունն է անում. «Ցանկացած սննդամթերք պետք է գնորդի համար հասկանալի լինի՝ արդյոք այնտեղ ԳՄՕ-ներ կա՞ն, արդյոք այնտեղ քիմիական բաղադրիչներ կա՞ն, որոնք կարող են առողջության համար վնասակար լինել: Եթե այդ ինֆորմացիան մարդը չունի, ինքը չի կարող լինել գրագետ և գիտակից սպառող: Եվ քանի դեռ հեռուստաընկերությունների գործունեությունը մեծ ազդեցություն ունի մարդկանց մտավոր և հոգևոր առողջության վրա, ուրեմն ինքն էլ պետք է ցույց տա, թե ինչից է պատրաստված, ով է պատրաստողը, ով է պատվեր տվողը, ով է ֆինանսավորողը, որպեսզի մարդն էլ իմանա, թե որքանով վստահի կամ չվստահի: Այսինքն՝ այդ սկզբունքը ոչ թե մեր ցանկությունն է, թեև մեր ցանկությունն էլ է, բայց դա նաև միջազգային ստանդարտ է, որը չպիտի էլ քննարկվի: Ես տեսնում եմ, որ լրատվամիջոցները սկսել են դժգոհել, որ դա խոսքի ազատության վրա ճնշում կլինի, բայց դա Հայաստանի միջազգային պարտավորությունն է»:
Ձևավորված փորձագիտական աշխատանքային խումբն այժմ մշակում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենք, որը մոտ ապագայում կդրվի շրջանառության մեջ և կներկայացվի խորհրդարան։
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
ԽԱՊԿ փորձագետ