20 հունիսի, 2019 թ., Երեւան
Երեկ՝ հունիսի 19-ին, խորհրդարանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կրկին աչքի է ընկել լրագրողների նկատմամբ անվայելուչ վերաբերմունքով։ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռուզաննա Ստեփանյանի՝ օրենքին ենթարկվելու մասին հարցին ի պատասխան նա զայրացել ու ագրեսիվ տոնով ասել է. «Հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի»։ Այնուհետև իրեն հատուկ բառապաշարով Ծառուկյանը մեղադրել է լրագրողին և նրա գործընկերներին՝ ինչ-ինչ հանձնարարություններ կատարելու, «դատարկ-դատարկ խոսելու» մեջ։
Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն չորրորդ դեպքն է, երբ նույն անձը անբարեկիրթ պահվածք է դրսևորում և վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչների հասցեին։ Ընդ որում՝ դրանցից մեկի ընթացքում, երբ նրան դուր չէր եկել «Առավոտ» օրաթերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի հարցը, ԲՀԿ առաջնորդը սպառնացել է, թե լրագրողը դեռ պետք է պատասխան տա։
Այս մեկը մյուսին հետևող միջադեպերը վկայում են, որ Գագիկ Ծառուկյանը, չնայած երկար տարիներ ԱԺ-ում ներկայացված կուսակցություն է ղեկավարում, այդուհանդերձ, այդպես էլ ձեռք չբերեց քաղաքական գործչին անհրաժեշտ հատկություններ՝ հանդուրժողականություն, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելու ունակություն, զսպվածություն։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում լրագրողների հանդեպ՝ խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի պահվածքի առնչությամբ և պահանջում ենք.
- Գագիկ Ծառուկյանից՝ պաշտոնապես ներողություն խնդրել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռուզաննա Ստեփանյանից, «Առավոտ» օրաթերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանից և բոլոր այն լրագրողներից, ում վիրավորել է, և հավաստիացումներ, որ ապագայում նման պահվածքը չի կրկնվի։
- Ազգային ժողովի ղեկավարությունից՝ քննարկման առարկա դարձնել Գագիկ Ծառուկյանի վարքագիծը խորհրդարանում հավատարմագրված լրագրողների նկատմամբ և գնահատական տալ դրան՝ պատգամավորական էթիկայի տեսանկյունից։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ