Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մշակել են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ։ Այս փաստաթուղթը նպատակաուղղված է հեռարձակման ոլորտում հարաբերությունների բարեփոխմանն ու արդիականացմանը, հավասար պայմանների ստեղծմանն ու մրցակցության զարգացմանը։ Նախագծի առանձնահատկություններն ու սկզբունքորեն նոր մոտեցումներն են.
1) անալոգային հեռարձակման ժամանակաշրջանի հետ իր «դարն ապրած» հեռուստաընկերությունների լիցենզավորման գործող կարգի փոխարեն՝ հեղինակազորման (ավտորիզացիայի) ընթացակարգի կիրառումը,
2) մասնավոր մուլտիպլեքսների՝ հեռարձակման թվային ցանցերի, ստեղծման համար միանգամայն այլ՝ բարենպաստ պայմաններ նախատեսելը,
3) թվային գործընթացից դուրս մղված՝ մարզերում անալոգային տիրույթում գործող շուրջ 10 հեռուստաընկերությունների ներգրավումը հեռարձակման թվային ցանցում,
4) հեռուստառադիոծրագրերի «սոցիալական փաթեթի» ձևավորումը և լսարանին դրա անվճար տրամադրումը,
5) Հանրային հեռուստառադիոընկերության գործունեության արդիականացումն ու հասարակություն հետ հարաբերությունների բարեփոխումն ու զարգացումը (մասնավորապես՝ ներքին օմբուդսմանի ինստիտուտի ներդրումը),
6) Հեռուստառադիոընկերությունների սեփականության և ֆինանսավորման թափանցիկության ապահովումը։
Հատուկ նշում ենք, որ սա ընդամենը առաջարկվող նախագիծ է, որը ս. թ. հուլիսի 11-ին ներկայացվեց խորհրդարան, հուլիսի 12-ին տեղադրվեց Երևանի մամուլի ակումբի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքերում, և նույն օրը կայացած ասուլիսին մենք հայտարարեցինք փաստաթղթի բաց քննարկման մեկնարկը։ Շնորհակալ կլինենք, եթե նախագծի վերաբերյալ ձեր մեկնաբանությունները, կարծիքներն ու առաջարկություններն ուղարկեք մեր երեք կազմակերպություններին։
Նախագծին կարող եք ծանոթանալ այս հղումով