Aysor.am-ի զրուցակիցն է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը:
– Պարոն Մելիքյան, «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ` ահազանգելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վտանգների մասին: Նախագիծը նախատեսում է, որ ներկայիս հանրային մուլտիպլեքսից կարող են օգտվել միայն հանրային հեռուստաընկերության 5 ալիքներ: Ո՞րն է պատճառը, որ հիմա է նախագիծը դրվել շրջանառության մեջ: Արդյոք կա՞ հանրային պահանջ, ո՞րն է այս հրատապության պատճառը:
– Բանն այն է, որ Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը շատ հրատապ է դարձել այն պարզ պատճառով, որ 2020 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունվարին սպասվում են մրցույթներ, և ակնկալվում է, որ այդ մրցույթների միջոցով լիցենզավորման նոր գործընթաց տեղի կունենա։ Մենք գիտենք, թե ինչպես են անցել այդ մրցույթները 10 տարի առաջ, և որ այդտեղ շատ մեծ քաղաքական ենթատեքստ կար։ Այդ մրցույթները մեծ սուբյեկտիվիզմի տեղ ունեին և անարդար էին իրենց էությամբ։ Սա ոչ միայն մեր, այլ նաև միջազգային մի շարք կազմակերպությունների գնահատականն է։
Որպեսզի լիցենզավորման՝ իր դարն ապրած կարգը բացառվի, մենք առաջարկել ենք, որպեսզի պարզեցված ընթացակարգ լինի։ Այս ճանապարհը տանում է դեպի մեդիա ոլորտում հարաբերությունների ազատականացում։ «Մեդիա պաշտպանի» հայտարարությունում ճիշտ հակառակն է ասվում։ Ըստ երևույթին՝ այնտեղ կամ չեն տիրապետում իրականությանը կամ էլ միտումնավոր խեղաթյուրում և հասարակությանը թյուրիմացության մեջ են գցում։
Մենք ընտրել են ամենաճիշտ մոտեցումը և լիցենզավորման փոխարեն առաջարկում ենք շատ ավելի պարզ՝ հեղինակազորման գործընթաց. մի քանի փաստաթղթերի ներկայացումից հետո Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պետք է դիտարկի այդ հայտը և հեղինակազորելու համար վկայական տա։ Դրանից հետո այդ հեռուստաընկերությունն ինքն է ընտրում՝ որ միջոցներով պետք է հեռարձակվի՝ եթերային, կաբելային, արբանյակային, մոբիլ ցանցով և այլն։ Այնպես որ, այս մոտեցումն անկյունաքարային փոփոխություն է մտցնում և մեծ հաշվով արմատական բարեփոխումների հիմք ստեղծում։
– Հնարավո՞ր եք համարում մասնավոր մուլտիպլեքսի ի հայտ գալը: Չէ՞ որ դա կապված է հսկայական ֆինանսական խնդիրների հետ: Եվ, եթե որևէ մեկը ներդրում չանի, ի՞նչ է լինելու մասնավոր հեռուստաընկերությունների ճակատագիրը, փակվելու՞ են:
– Ինչ վերաբերում է մասնավոր մուլտիպլեքսորներին, գործող օրենքն ուղղակի խայտառակություն է՝ այն առումով, որ որևէ հեռանկար չի ստեղծում Հայաստանում մասնավոր մուլտիպլեքս ստեղծելու համար։ Նախ, օրենքը նախատեսում է, որ դա ամբողջությամբ պետք է լինի սեփականություն, այսինքն՝ բացառվում է որևէ վարձակալություն։ Այն պետք է ընդգրկի ամբողջ երկրի տարածքը, բացի այդ՝ նախատեսում է 100 միլիոն դրամի պետական տուրք։ Գործող օրենքի այս վատ պայմանների պատճառով մեզնում արդեն 4-րդ մրցույթն է հայտարարվում, և որևէ հայտատու Հանձնաժողովին չի ներկայացնում իր առաջարկը։ Ինչո՞ւ. որովհետև տուրք է տրված միայն խոշոր բիզնեսին, և այդ բիզնեսը հիմնելու համար նորմալ նախադրյալներ չկան։ Մենք մեր օրենքի նախագծում նախատեսում ենք, որ մասնավոր մուլտիպլեքսները կարող են լինել մեկ կամ մի քանի համայնք ընդգրկող։ Դա կարող է լինել փոքր բիզնես։ Մեկ կամ մի քանի մարզ ընդգրկող, այսինքն՝ կարելի է միջին բիզնես զարգացնել և կարելի է նաև խոշոր բիզնես սկսել՝ ընգրկելու ամբողջ երկիրը։
Մարզերում մենք ունենք հեռուստաընկերություններ, որոնք պատրաստ են սեփական միջոցներով փոքր մուլտիպլեքսներ ստեղծել և ներգրավել թվային հեռարձակման մեջ։ Նախորդ իշխանության օրոք թվային հեռարձակումն այնքան վատ է իրականացվել, որ մարզային շատ հեռուստաընկերություններ ուղղակի դուրս են մնացել այդ գործընթացից։ Մի շատ տարօրինակ որոշում էր կայացվել, որ յուրաքանչյուր մարզում պետք է լինի ընդամենը մեկ թվային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերություն։ Այս իրավիճակը փոխելու, մասնավոր մուլտիպլեքսը Հայաստանում զարգացնելու համար շատ հրատապ է նոր օրենքի նախագիծը քննարկելը։ Մենք համոզված ենք, որ եթե նորից հին օրենքով մրցույթներ անցկացվեն, դա կարող է հեռարձակման ոլորտում շատ ծանր հետևանքների հանգեցնել։
Ինչ վերաբերում է հարցի այն հատվածին, թե ի՞նչ է լինելու մասնավոր հեռուստաընկերությունների ճակատագիրը, ապա այս օրենքի նախագծի համատեքստում ոչ մի հեռուստաընկերություն չի կարող փակվել այն պարզ պատճառով, որ բոլորի համար ստեղծվում են հավասար մրցակցային պայմաններ։ Մենք կարծում ենք, որ որևէ մասնավոր հեռուստաընկերություն, օգտվելով օրենքի նախագծի անցումային դրույթներից, կկարողանա սահուն անցում կատարել դեպի մասնավոր մուլտիպլեքս։
– Պարոն Մելիքյան, նախագիծը նախատեսում է, որ մուլտիպլեքսի լիցենզավորման գործառույթը տրվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, որի անդամները տեխնիկական և ֆինանսական գիտելիքներ չունեն, ստեղծագործական ոլորտի մարդիկ են: Այդ դեպքում ինչպե՞ս են կողմնորոշվելու որոշում կայացնելիս:
– Շատ տեղին հարց է, որի շուրջ մենք բուռն քննարկումներ ենք ունեցել։ Օրենքի նախագծում այդ հարցը շատ հստակ լուծված է, ուղղակի «Մեդիա պաշտպանը» չի ցանկացել նկատել կամ միտումնավոր չնկատելու է տվել։ Իրականում Հանձնաժողովն այդ առաջարկը տալու է փորձաքննության, այսինքն՝ պետք է մասնագիտական կառույց ներգրավի, և նրա հետ պայմանագիր կնքվի։ Պետք է փորձաքննություն անցկացվի, որի արդյունքների հիման վրա էլ իրենք կկարողանան որոշում կայացնել՝ տրամադրել լիցենզիա, թե ոչ։ Նախատեսվում են նաև հանրային լսումներ, դա պետք է բաց գործընթաց լինի։ Ե՜վ շահառուները, և՜ անկախ փորձագետներն իրենց տեսակետները կհայտնեն, այնպես որ դա չի լինելու միայն Հանձնաժողովի մենաշնորհը։
– Իսկ ինչո՞ւ նախագծի ստեղծմանը չեն մասնակցել հեռուստատեսության ոլորտի ներկայացուցիչներ` խմբագիրներ, սեփականատերեր:
– Հիմնական սկզբունքները, որոնք դրված են օրենքի նախագծի հիմքում, բազմիցս քննարկման առարկա են դարձել, տարբեր սեմինարների, կլոր սեղանների ժամանակ մենք դրանք քննարկում էինք, բայց, ցավոք, հեռուստաընկերությունների ղեկավարները սովորաբար այդպիսի քննարկումների չեն ներկայանում։ Նրանք իրենց բոլոր հարցերը լուծել են կաբինետային հանդիպումների ժամանակ, իրենց «դաբրոն» ստացել են Բաղրամյան 26-ում։ Այսինքն՝ եթե իրենք ինչ-որ խնդիր են ունեցել և ցանկացել են օրենսդրական փոփոխություններ իրականացնել, շփվել են իշխանությունների հետ և իշխանությունների հետ են այդ ամենն արել։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում