Տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումներին «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն իր ելույթում խոսեց հեռուստաընկերությունների լիցենզիա ստանալու գործընթացի մասին:
«Մենք համարում ենք, որ 21-րդ դարում տեխնոլոգիաների զարգացման պայմաններում այն ընթացակարգերը, որոնք գոյություն ունեն խոչընդոտ են ոլորտի զարգացման համար: Դրանից պետք է հրաժարվել, համոզված ենք, որ ընթացակարգը պետք է պարզեցվի: Նախորդ մրցույթները ծիծաղ են առաջացրել և սուր քննադատություն»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով` իր համար հասկանալի չէ, թե հեռուստաընկերություններն ինչի են ձևական մրցույթներին կողմ արտահայտվում: Ըստ նրա` երկրորդ խնդիրը մասնավոր մուլտիպլեքսի հարցն է:
«Ինձ համար ապշեցուցիչ էր, որ հետհեղափոխական Հայաստանում նախարարը դեմ է կանգնում, որ հաղթահարվի պետական մենաշնորհի մուլտիպլեքսը, պարզ է, եթե պետությունը չուզենա ստեղծել մասնավոր մուլտիպլեքս, դա չի ստեղծվի: Իսկ այս պայմաններում հնարավոր չէ, որ ներդրում արվի ու ստեղծվի մասնավոր մուլտիպլեքս: Մի խոսքով բոլոր պայմանները ստեղծված են, որ որևէ մեկը չդիմի մասնավոր մուլտիպլեքսի ստեղծման համար, անցած տարի չորրորդ մրցույթը չկայացավ, և էդպես էլ շարունակվելու է երկար ժամանակ մինչ օրենքը չփոխվի»,- ասաց նա:
Մելիքյանի խոսքով` իրենք առաջարկում են, որ հնարավորություն տրվի փոքր բիզնեսին, օրինակ՝ մարզերում փոքր մուլտիպլեքս ստեղծել, ինչը թույլ կտա զարգացնել մարզային հեռուստատեսությունը: