Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, ըստ որի՝ մութ անկյուններից պետք է դուրս բերել ամբողջ բիզնեսը, այդ թվում` ԶԼՄ–ները:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ կոմիտեն դեռևս ՀՀ վարչապետի հայտարարությունից առաջ է բարձրաձայնել` ԶԼՄ-ներն ու ամբողջ բիզնեսը հասարակության համար պետք է թափանցիկ լինեն:
«Պետք է հաշվի առնենք, որ լրատվամիջոցը, այնուամենայնիվ, կոշիկ կարելու ֆաբրիկա չէ, այն գործ ունի մարդկանց մտքի ու սրտի հետ: Մենք տեսնում ենք, թե հատկապես հետհեղափոխական շրջանում որքան սրվեց ԶԼՄ-ների բևեռացումն` ըստ քաղաքական և տնտեսական ճամբարների: Շատ լրատվամիջոցներ արդեն վերածվեցին քարոզչամիջոցների և ուղղակի զբաղվում են ուղեղների լվացմամբ»,- նշեց նա:
Մելիքյանի գնահատմամբ՝ արդար խաղի կանոնները պահանջում են, որպեսզի լայն լսարանը իմանա, թե որտեղից է քամին փչում, այսինքն՝ ո՞վ է լրատվամիջոցի իրական սեփականատերը, ո՞վ է այն ֆինանսավորում, և ի՞նչ կարելի է այդ լրատվամիջոցից ակնկալել:
«Վերոհիշյալ մոտեցումը ոչ թե վարչապետի կամ մեր՝ մեդիափորձագետներիս քմահաճույքն է, այլ միջազգային պրակտիկայում ընդունված երևույթ, ԶԼՄ-ների սեփականության թափանցիկությունը նաև ուղղված է փողերի լվացման դեմ»,- ասաց Մելիքյանը:
Մելիքյան. «Կարգավորող մարմինը «Ա1+»-ի հարցում կատարել է ակնհայտ քաղաքական պատվեր»
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում