«РТР-Планета» ռուսական հեռուստաընկերության ծրագրերը, որ սփռվում են Հայաստանի ողջ տարածքով, մասնավորապես՝ տեղեկատվական և հասարակական-քաղաքական հաղորդումները, աչքի են ընկնում իրենց հակաեվրոպական և հակաարևմտյան ուղղվածությամբ։ Ընդ որում, դա դրսևորվում է առանձնահատուկ ագրեսիվությամբ․ լրատվամիջոցը կիրառում է քարոզչությանը բնորոշ տարբեր հնարքներ ու միջոցներ՝ ատելության խոսք, փաստերի խեղաթյուրում, կանխակալ մեկնաբանություններ։ Դրանց հեղինակները ոչ միայն փորձագետներ ու հասարակական գործիչներ են, որոնք հրավիրվում են լսարանի վրա որոշակի ազդեցություն թողնելու համար, այլև հենց իրենք՝ լրագրողները: Սրա մասին են վկայում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ընթացիկ մոնիտորինգի արդյունքները։
Oրինակ․ «Արևմտյան աշխարհը փառաբանում է այլասերությունը, ապաբարոյականությունը, մարդատյացությունը» («РТР-Планета», «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ», 2019թ․ հոկտեմբերի 3)։ Թոք-շոուին հրավիրված փորձագետներից մեկի այս դատողությունը այլ բան չէ, քան եվրոպական արժեքների վարկաբեկման նպատակով արված սևացնող, կանխակալ մեկնաբանություն, քանզի արժեքները, որոնց վրա խարսխված է եվրոպական ընկերակցությունը, ձևակերպված են մի շարք հայտնի փաստաթղթերում, առաջին հերթին՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայում: Հատկանշական է, որ վարողը՝ Վադիմիր Սոլովյովը, ոչ միայն չի փորձում հակազդել այսպիսի ագրեսիվությանը կամ չեզոքություն ու հավասարակշռություն ապահովել, այլև ինքն է հայտարարում. «Արևմտյան մոդելը չի կարող խաղաղություն և մարդու զարգացում ապահովել» («Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ», 2019 թ. հոկտեմբերի 13): Մինչդեռ փաստերը վկայում են, որ արևմտյան երկրները մեծամասնություն են աշխարհի 20 զարգացած երկրների (G20) մեջ և բարձր կենսամակարդակ են ապահովում: Բացի այդ, արևմտյան առաջնորդները, որպես կանոն, գլոբալ հակամարտությունների կանխարգելման ջանքեր են գործադրում և միջնորդական առաքելություններ են իրականացնում լոկալ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ:
Խիստ հակաեվրոպական տրամադրություններն են նկատվում նաև մտավորականության և հասարակական գործիչների շրջանում: Ռուս հայտնի կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը, մասնավորապես, հայտարարում է, թե «Եվրոպան դավաճանել է քրիստոնեությունը», ապա շարունակում. «Այսօր Եվրոպան, մեծ երկրները ղեկավարում են մարդիկ, որոնք երեխաներ չունեն… Դա նշանակում է պահպանելու, հոգալու, օգնելու, փրկելու, բուժելու բնազդի բացակայություն» («Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ», 2019 թ. նոյեմբերի 18): Նույն ոգով է արտահայտվում նաև Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանին կից Պատմական փորձաքննությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Բորիս Յակեմենկոն․ «Եվրոպան, որը ձգտում է հարմարավետության, այսօր հրաժարվում է երեխաներից և ծնում է «չայլդֆրիի» նման զանազան շարժումներ, որովհետև դա իրենց համար խնդիր է. երեխան հարմարավետության բացակայություն է» («Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ», 2019 թ. նոյեմբերի 12):
Այս և բազմաթիվ նման մանիպուլյացիաները միտված են վարկաբեկելու եվրոպական արժեքները և իրենց մեջ լսարանին ապակողմնորոշելու, նրա որոշակի հատվածի մոտ Եվրոպայի և եվրոպացիների մասին թյուր պատկերացում ձևավորելու նպատակ ունեն:
Որքանո՞վ է ռուսական լրատվամիջոցներով հրամցվող քարոզչությունն ազդում հայ լսարանի վրա, արդյո՞ք դրանք համոզիչ են։ Քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ «Ռուսական լրատվամիջոցները, որոնց ավելի ճիշտ կլինի անվանել «քարոզչական զորքեր», ազդում են հայ լսարանի վրա այնքանով, որքանով կարող են համոզիչ թվալ որպես հավաստի, անաչառ աղբյուրներ, բայց ոչ՝ պետական պրոպագանդայի միջոցներ։ Սակայն բավական է առնչվել լրատվության՝ անաչառության և հավաստիության ստանդարտներով առաջնորդվող, այլընտրանքային աղբյուրների հետ, և պարզ է դառնում, որ ռուսական լրատվությունը ոչ այնքան լրատվություն է, որքան պրոպագանդա»։ Ըստ փորձագետի՝ 1988-91 թվականներ ապրած սերունդը, որը ականատես է եղել, թե Մոսկվայից ինչպիսի նենգափոխումներով է լուսաբանվել, օրինակ, Ղարաբաղյան շարժումը, ռուսական պրոպագանդայի նկատմամբ գերազանցապես «պատվաստված» է, և քարոզչական բնույթի նյութերը խիստ վանող են դառնում ի սկզբանե։ «Իհարկե, ոչ հայկական թեմաներով պրոպագանդան կարող է ազդել լսարանի այն սեգմենտի վրա, որը դժվարանում կամ զլանում է զուգահեռներ տանել և առանց քննադատության է ընդունում այն, ինչ հրամցվում է, օրինակ, Ուկրաինայի, Վրաստանի կամ Արևմուտքի հետ առնչվող հարցերում՝ դառնալով տարվող հիբրիդային պատերազմի թիրախ կամ զոհ»։
Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ կիրառվող հնարքները նոր չեն․պարզ սուտ, մասնակի ճշմարտություն, մանիպուլյացիա, պատճառահետևանքային կապերի նենգափոխում, վախի, անվստահության սերմանում, դավադրապաշտական տեսությունների տարփողում։ Ըստ փորձագետի՝ «ռուսական պրոպագանդայի զինանոցից նաև լայնորեն օգտվում են հայաստանյան մեդիայի «մտահոգ» սեգմենտի միավորները»։ Մինչդեռ՝ քարոզչական նյութերը քաղաքական դրդապատճառներ ունեն և հենց դրանով էլ վտանգավոր են, քանի որ դրանցում ամբողջովին արհամարհվում է հավաստի և անաչառ տեղեկություններ ստանալու մարդկանց իրավունքը:
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
ԽԱՊԿ փորձագետ