Ատելության խոսքից մեկ քայլ է դեպի բռնության կոչեր, հաջորդ քայլը՝ բռնություն. ինչքանո՞վ է տեղին Հոկտեմբերի 27-ի հետ համեմատությունը․ 1in.am

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել է նաև ատելության ու թշնամանքի քարոզին ու հիշեցրել Հոկտեմբերի 27-ը:

Խոսքն ըստ էության այն մասին էր, որ հասարակության մեջ ատելության և թշնամանքի քարոզը ահաբեկչության համար բարենպաստ միջավայր է ստեղծում՝ ինչպես որ եղավ 1999 թ. հոկտեմբերի 27-ին և դրան նախորդող ժամանակահատվածում։ Վարչապետի ընտանիքին պատկանող Armtimes.com կայքն այս թեմայով վերլուծական հոդված է հրապարակել և հիշեցրել. «Հայաստանում լրատվական դաշտն այդ ժամանակ հեղեղված էր ատելության ու թշնամանքի քարոզով: Մի կողմից՝ հանրության զգալի մասը ոգևորված էր Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դաշինքով, մյուս կողմից՝ լրատվամիջոցներով անընդհատ «տեղեկություններ» էին շրջանառվում, թե իբր նախագահ Քոչարյանը եկել է երկիրը փրկելու «նախկին հանցավոր ռեժիմի դավաճաններից», բայց Վազգեն Սարգսյանը դա թույլ չի տալիս և դրանով իսկ խոչընդոտում է երկրի զարգացմանը: Ու ամենայն հավանականությամբ հենց այս փոխադարձ ատելության մթնոլորտն էր պատճառը, որ Նաիրի Հունանյանը վստահ էր՝ կմտնի Ազգային ժողով, կոչնչացնի «ժողովրդի արյունը ծծողներին», և հարյուր հազարավոր մարդիկ ցնծությամբ կլցվեն փողոցները՝ ողջունելու իրենց «ազատարարին»: Կամ էլ՝ նման մթնոլորտ ձևավորողներն իրեն այդպես էին վստահեցրել»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հոկտեմբերի 27-ին նախորդող իրավիճակի հետ համեմատությունն այնքան էլ տեղին չէ։ Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց. «Ամեն դեպքում, իհարկե, ատելության խոսքի առանձնահատկությունն ու վտանգն այն է, որ ատելության խոսքից մեկ քայլ է դեպի բռնության կոչեր, իսկ այդ կոչերից մեկ քայլ է մինչև բռնություն։ Իսկապես պետք է քայլեր ձեռնարկել մթնոլորտն առողջացնելու համար»։

Մելիքյանը հիշեցնում է՝ իրենց կազմակերպած կոնֆերանսներից մեկի ժամանակ եվրոպացի փորձագետները ատելության խոսքի տարածվածությունը կապել են հասարակության կրթված ու դաստիարակված լինելու ցածր մակարդակի հետ. «Այս երևույթի արմատները պետք է այնտեղ գտնել։ Երբ հասարակությունում կրթվածության ու դաստիարակության մակարդակը բավարար չէ, ապա ատելության խոսքը պարարտ հողի վրա է ընկնում ու տարածվում։ Մանավանդ հանրաքվեի քարոզարշավի պայմաններում իհարկե շատ կարևոր է, որպեսզի քաղաքական ուժերը իրենց ներսում փորձեն զսպել ատելության մթնոլորտն ու խոսքը։ Առանց դրա չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է իրավիճակը բարելավել, քանի որ նախևառաջ հենց քաղաքական ուժերն ու նրանց համակիրներն են, որ տարածում են այդ ատելության խոսքը։ Ավելի քան համոզված եմ, որ պետք է առաջին քայլը արվի քաղաքական ուժերի կողմից։ Իհարկե, հենց քաղաքական ուժերն են ամենաշատը խոսում ատելության խոսքի մասին, բայց հիմնական տարածողը հենց իրենք ու իրենց համակիրներն են»։

Մեր զրուցակիցը նշում է՝ իշխանությունները մեղադրում են ընդդիմադիր ուժերին, իսկ նրանք էլ՝ իշխանություններին ու նրանց համակիրներին. «Բայց իրականում թե՛ մեկը, թե՛ մյուսը որևէ զգուշավորություն այդ հարցում չեն ցուցաբերում, ու դա ժամանակ առ ժամանակ բերում է ատելության խոսքի ալիքի բարձրացման։ Կարծում եմ, որ քարոզարշավը կատալիզատորի դեր է հանդիսանում. երբ սրվում է երկրում քաղաքական իրավիճակը, ավելանում են նաև ատելության խոսքի քանակն ու դրսևորումները»։

1in.am

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.