Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումները բացահայտելուն միտված մոնիտորինգը շարունակում է հետաքրքիր փաստեր արձանագրել:
Ահա՝ ռուսական «Sputnik-Armenia» առցանց լրատվամիջոցը, որը հայերեն բովանդակություն է ստեղծում ու տարածում, փետրվարի 17-ին որոշել է պարզել հայաստանյան մի քանի գործիչների վերաբերմունքը ՌԴ նախագահ Պուտինի այն խոսքին, թե քանի դեռ ինքն է երկրի նախագահը, Ռուսաստանում «ծնող №1» և «ծնող №2» հասկացություններ չեն կիրառվելու, շարունակելու են կիրառվել «հայրիկն» ու «մայրիկը» (տե՛ս https://sptnkne.ws/BANb )։
Հրապարակման հեղինակները, այլոց թվում, խոսեցրել են նաև Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանին: Քաղաքական սույն գործիչն էլ, երևի դեմքի խելացի արտահայտությամբ, ասել է, թե ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչները ագրեսիվ քարոզչական գործունություն են իրականացնում ու փորձում են դպրոցներում իրենց «հակաբարոյականությունը» տարածել։ Ապա հավելել է. «Անիմաստ է նրանց բացատրել, որ դա կործանարար է։ Բազում երկրներ (այդ թվում` եվրոպական) վարակված են դրանով։ Մենք պայքարում ենք, որ խորհրդարանը չընդունի Ստամբուլյան կոնվենցիան, քանի որ դա Հայաստանում «կանաչ լույս» կազդարարի այդ համայնքի համար»:
Նախ՝ անհասկանալի է (իրականում՝ լավ էլ հասկանալի է), թե ինչու է լրատվամիջոցը, առանց որևէ ներքին առիթի, անդրադառնում մի խնդրի (ընտանիք հասկացության ձևակերպմանը), որի ակտուալությունը Հայաստանում չկա: ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածը հստակ սահմանում է. «Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են»: Իսկ սահմանադրական փոփոխությունների գործընթացն էլ նոր-նոր է սկսվում և ոչ մի կարգավորման մասին դեռ խոսք չի եղել:
Դե, իսկ Արամ Սարգսյանի մեկնաբանությունն ուղղակի գլուխգործոց է:
Կարելի էր, իհարկե, դրան լուրջ չանդրադառնալ և ՀՀԿ-ական մի «կլասիկ» պատգամավորի ոճով ասել. «Այ, Արամ Գասպարիչ, ախր դու կրթված մարդ, նախկին լրագրող, Խորհրդային Միության փլուզման նախօրյակին մանկությանդ շողշողուն երազանքն իրականացրած՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար դարձած, հետագայում՝ սեփական կուսակցություն ստեղծած, մի շրջան էլ պատգամավոր եղած մարդ, բա չամաչեցի՞ր առանց փաստերի նման բան ասացիր»:
Իսկ եթե լուրջ՝ սա մանիպուլյացիայի դասական օրինակ է:
Մանիպուլյացիա է, երբ Գասպարիչն ասում է, թե «փորձում են դպրոցներում իրենց «հակաբարոյականությունը» տարածել։ Ջահել տարիներին լրագրող աշխատած մարդը չգիտի՞, որ մի բան ասելիս փաստ պիտի ունենաս: Ներկայացրեք նման մի փաստ (կարևոր չէ, թե ինչի քարոզչության. դպրոցներում ցանկացած քարոզչությունն է արգելվում) և պահանջեք, որ պատժեն տարածողին էլ, դպրոցի ղեկավարին էլ, տո հենց կրթության պատասխանատուներին էլ: Չէ, դե ո՞նց կարելի է, ի՞նչ փաստ-բան, ես ասում եմ, ու վե՛րջ: Այսինքն՝ ընդամենը պետք է օդում կրակել. Կարևորը բարձր գմփոցն է ու դրա արձագանքը:
Մանիպուլյացիա է, երբ Պուտինի մի խոսքի մեկնաբանությունը բերում նորից կապում է Ստամբուլյան կոնվենցիային և հավելում, թե դրա վավերացումը «կանաչ լույս» կազդարարի այդ համայնքի համար»: Ստամբուլյան կոնվենցան ընդամենը միտված է ընտանեկան բռնության կանխարգելմանն ու բռնության զոհերի պաշտպանությանը: Այնտեղ որևէ խոսք չկա ոչ սեռերի, ոչ էլ ԼԳՏԲ-ների մասին:
Եթե առաջնորդվենք Արամ Գասպարիչի տրամաբանությամբ, այսիքն իր նման մանիպուլյացիայի դիմենք, ապա կարող ենք ասել, որ Պուտինի խոսքերի նրա մեկնաբանությունը վկայում է, որ ինքը կողմ է Հայաստանի ինքնիշխանությունը զիջելու՝ Ռուսաստանի կազմում Հայաստանն իբրեւ ինքնավար միավոր տեսնելուն: Բայց դե մենք հո «մանիպուլիստ» չե՞նք, որ մեզ թույլ տանք այդ մասշտաբի կարկառուն ու լայնախոհ քաղաքական գործչի մասին նման փիս-փիս բաներ մտածել:
Մեսրոպ Հարությունյան,
Մեդիա փորձագետ