«…Մերկելը հերթական անգամ Պուտինի առաջ հանդես եկավ խնդրողի դերով՝ «Մի բան արեք, մեզ փրկեք Էրդողանից ու նրա միգրանտներից»»։ Անկախ համատեքստից ու տողատակից, դժվար է հավատալ այս նախադասության իսկությանը, եթե այն որևէ հումորային խորագրի ներքո չէ։ Բայց այն մեջբերված է «Իրավունք» թերթի մարտի 10-ի համարի 1-ին էջից՝ «Ու նորից Փաշինյանը երկկողմանիորեն չարդարացրեց բարձր վստահությունը» վերնագրով հոդվածից։ Չակերտի մեջ սովորաբար վերցվում է ուրիշի ուղղակի խոսքը՝ որպես արժանահավատության առհավատչյա։ Բայց պարզվում է՝ հոդվածի հեղինակը ամեն քերականական և կետադրական հնարք գործադրել է՝ իր դատողությունները որպես վերջին ճշմարտություն ներկայացնելու համար։ Եվ այսպես, արդյո՞ք որևէ տեղ որևէ ակնարկ կա նման եզրակացություն անելու համար, մանավանդ, որ Մերկելի ենթադրյալ խոսքը չակերտում է գրված։
Փաստերի ստուգման տարբեր մեխանիզմներով փորձեցինք ճշտել մեջբերման իսկությունը։ Մեր որոնումները միջազգային մամուլում չգերազանցեցին տեղեկությունների այն շրջանակը, ըստ որի` Մերկելն ու Մակրոնը զանգել են Պուտինին՝ իրենց մտահոգությունն արտահայտելու Սիրիայի Իդլիբ շրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՝ հորդորելով վերջ տալ այնտեղ հակամարտությանը։ Այո, հորդորելով։
Ահա` «ԲՐՅՈՒՍԵԼ (Reuters)- Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները հինգշաբթի օրը զանգահարել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` իրենց մտահոգությունն արտահայտելու Սիրիայի Իդլիբ շրջանում գտնվող մարդասիրական իրավիճակի վերաբերյալ՝ հորդորելով վերջ տալ այնտեղ հակամարտությանը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում անցկացվող Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ հեռախոսազրույցի ընթացքում խոսել են Ռուսաստանի ղեկավարի հետ: Երկուսն էլ պահանջում էին մարտերի անհապաղ ավարտ և ժողովրդին մարդասիրական օգնության հնարավորություն»: (https://www.reuters.com/article/us-syria-security-europe/merkel-macron-urge-putin-to-end-conflict-in-syrias-idlib-idUSKBN20E2R6)
Մեկ այլ մեջբերում թուրքական ԶԼՄ-ից. «ԵՄ ղեկավարների հետ հանդիպումից հետո Բրյուսելում լրագրողների հետ զրույցում Մերկելը նշել է, որ ինքը խիստ անհանգստացած է Սիրիայի հյուսիս-արևմուտքում ստեղծված իրավիճակից, և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ միասին հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. «Մենք պնդել ենք, որ պետք է լինի քաղաքական լուծում, իսկ մինչ այդ՝ զինադադար», – շեշտեց Մերկելը ՝ հավելելով, որ հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ այժմ գտնվում են ծայրահեղ ծանր իրավիճակում ՝ սիրիական ռեժիմի ուժերի շարունակական հարձակումների արդյունքում»: (https://www.aa.com.tr/en/europe/merkel-voices-hope-for-cease-fire-in-idlib-syria-/1741195)
«Մենք պնդել ենք» արտահայտությունը կարելի՞ է խնդրողի տոն համարել՝ շատ սուբյեկտիվ է։
Հոդվածի մյուս հատվածում հեղինակն ամեն կերպ Եվրոպան ներկայացնում է խնդրողի դերում, Ռուսաստանը՝ տիրոջ, իսկ ԱՄՆ-ին էլ վերագրվում է լոկ դիտորդի դերը. «Սիրիական աշխարհաքաղաքական խնդրի հետ կապված ԱՄՆ-ն առնվազն պասիվ դիտորդի դերում էր: Իսկ ահա Եվրոպան՝ վախեցած խնդրողի»:
Արդյո՞ք Եվրոպայի վախեցած լինելու կամ խնդրողի դերում հանդես գալու հիմնավոր փաստեր կան։ Օրինակ, «Դոչե Վելլե»–ի հունվարի 6-ի հրապարակման մեջ Պուտինն է Մերկելին Մոսկվա հրավիրում Միջին Արևելքի ճգնաժամը քննարկելու և իր պատրաստակամությունն է հայտնում, առաջարկում Ռուսաստանի օգնությունը Գերմանիային՝ տարածաշրջանում խաղաղարարության նախաձեռնությունների համար։ (https://www.dw.com/en/putin-invites-merkel-to-russia-over-iran-crisis/a-51900382):
«Նյու Յորք Թայմս»–ում էլ ասվում է, որ Մերկելը Պուտինին քննադատել է նրա համար, որ հրաժարվել է մասնակցել այս հարցով Էրդողանի ու Մակրոնի հետ հանդիպմանը (https://www.nytimes.com/reuters/2020/03/03/world/europe/03reuters-syria-security-turkey-germany.html):
Մնում է ենթադրել, որ «Իրավունքն» աշխատում է զուգահեռ իրականությունում և ինֆորմացիայի բոլորովին այլ աղբյուրներ ունի։ Եթե դա այդպես է, ապա որոնք են այդ աղբյուրները և ուր են հղումները։ Եթե ոչ, ապա կարելի է եզրակացնել, որ սեփական երևակայությունն ու դրանից բխող դատողությունները «Իրավունքը» հրամցնում է ընթերցողին որպես փսստ ու թյուրիմացության մեջ գցում նրան։
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ, ԽԱՊԿ փորձագետ
փաստերի ստուգումը՝ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ