«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դատի է տվել ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանին. Armtimes.com

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դատի է տվել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Թավադյանը պահանջում է զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել եւ փոխհատուցել վնասը։

Հայցը ներկայացվել է ապրիլի 1-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին։

Թավադյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը 2020 թվականի մարտի 4-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնում» Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ կազմակերպված «Իրական սեփականատերերի հրապարակայնությունը մեդիաոլորտում» թեմայով քննարկման ժամանակ Աշոտ Մելիքյանի հայտարարությունն է այն մասին, թե Արմեն Թավադյանը ցուցարարներին կաշառք է բաժանել. «Խնդրել ենք դատարանին պարտավորեցնել հերքել այս տեղեկությունը որպես զրպարտություն»։

Հարցին, թե որքան փոխհատուցում են պահանջել, փաստաբանը պատասխանեց. «2 միլիոն դրամի չափով»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ՀԺ-ից տեղեկացավ իր դեմ ներկայացված հայցի մասին։ Հարցին՝ իր հայտարարությունը զրպարտություն համարում է, Մելիքյանը պատասխանեց. «Ես հիմնվել եմ այն քրեական գործի վրա, որը հարուցված է ընդդեմ Արմեն Թավադյանի, ոչ թե իմ պնդումներն եմ արել, այլ այն հրապարակումներին եմ հղում տվել, որոնք եղել են տարբեր լրատվամիջոցներում»։

Հարցին՝ պատրաստվում է հերքել այդ հայտարարությունը, նա պատասխանեց. «Ես կդիմեմ իմ փաստաբանին, եթե հայցը հետ չվերցնեն, մենք այն կլուծենք դատարանում»։

Armtimes.com

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.