«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծն ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Այսպիսով՝ եթե նախագիծը երկրորդ ընթերցմամաբ էլ ընդունվի, ապա Հանրային հեռուստաընկերությանը կոմերցիոն գովազդ հեռարձակելու հնարավորություն կստանա: Այս որոշման արդյունքում շատ մասնավոր հեռուստաընկերություններ, որոնք չունեն պետական ֆինանսավորում, հայտնվելու են ճգնաժամի մեջ։
Հանրային հեռուստաընկերությունը պետբյուջեից ամսական ստանում է 1․200․000 դոլար, այս ամենին գովազդի ավելացումը անհավասար պայմաններ է ստեղծելու մասնավոր հեռուստաընկերությունների համար։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովն Հանրային հեռուստաընկերության եթերում առևտրային գովազդն արգելող նախագիծն ընդունել էր 2014 թվականին:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ArmDaily.am -ի հետ զրույցում նշեց, որ իրենք լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ և ասել են, որ առհասարակ, երբ հանրային հեռուստառադիոընկերությունը սնվում է պետական բյուջեից և այնտեղից բավականին մեծ գումարներ է ստանում, անարդար է միաժամանակ թույլ տալ նաև գովազդ հհեռարձակի:
«Բացի այդ, եթե նույնիսկ այդպիսի անհրաժեշտություն կա, չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ և վստահելի հաշվարկներ, որ դա անհրաժեշտ է բնականոն գործունեության համար: Եթե մինչև հիմա Հանրային հեռուստատեսությունը կարողացել է աշխատել միայն պետական բյուջեից վճարվող գումարի հաշվին, ոչինչ չի խանգարում այդ կերպ շարունակել: Այն ժամանակ էլ, հիմա էլ ասում ենք, որ եթե Հանրայինը շարունակում է ստանալ պետական բյուջեից գումար և իրավունք է ունենում գովազդ հեռարձակել, դա անարդար մրցակցային պայմաններ է ստեղծում մնացած հեռարձակողների հետ: Մեծ հաշվով, մենք համարում ենք, որ դա չհիմնավորված և անարդար մոտեցում է: Հանրայինը ժամանակին այդ իրավունքն ունեցել է, փաստորեն վերանայվել է և որոշում է կայացվել, որ Հանրայինը պետք է սնվի միայն պետական բյուջեից»,-նշեց նա:
Հարցին՝ կարո՞ղ է սա բերել հեռուստաընկերություններում ֆինանսական ճգնաժամի, Մելիքյանը նշեց, որ ճգնաժամը դժվար դրանով պայմանավորված լինի. «Դա կարող է գործոններից մեկը լինել, բայց ընդհանուր առմամբ, երբ երկրի տնտեսությունը զարգացած չէ, երբ գովազդային շուկան կայացած չէ, դա ավելի լուրջ գործոն է ճգնաժամում հայտնվելու համար: Բայց դա կարող է լրացուցիչ գործոններից մեկը դառնալ: Հեռուստաընկերությունները վաղուց էին դժգոհում ֆինանսական և տնտեսական վիճակից, բայց դրա մասին ավելի մանրամասն իրենք պետք է ներկայացնեն»: Անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում քննարկվող օրինագծին, որով պատգամավորներն առաջարկում են արգելել սպառողական վարկերի ցանկացած գովազդ` ռադիոյով և հեռուստատեսությամբ, լրատվական միջոցներով, ԽԱՊԿ ղեկավարը նշեց, որ սպառողական վարկերի գովազդը լրատվական միջոցների աղբյուրների շատ չնչին մասն է կազմում: «Բայց ամեն դեպքում, քանի որ լրատվամիջոցները բավականին բարդ ֆինանսական վիճակում են գտնվում, դրա պակասը կզգան:Բայց մենք պետք է հարցին մոտենանք նաև սոցիալական տեսանկյունից: Այդ նախաձեռնությունը հենց այնպես չի ծնվել: Շատ հաճախ այդ գովազդը հասցնում է նրան, որ մարդիկ, նույնիսկ եթե շատ մեծ անհրաժեշտություն չեն տեսնում, չունեն այդպիսի վարկեր վերցնելու անհրաժեշտություն, այդուհանդերձ վերցնում են և ընկնում տոկոսի տակ: Խնդիրը պետք է դիտարկել տարբեր տեսանկյունից: Սա գրեթե նույնն է, ինչ ասենք արգելվի վիճակախաղերի գովազդը: Իհարկե, դրանք լրատվամիջոցների գովազդի մեծ մաս են կազմում, բայց մյուս կողմից էլ պետք է հասկանանք, որ դրանք ընտանիքներ քայքայելու, մարդկանց սնանկացնելու միջոց են դարձել և իշխանությունները պետք է ծանրութեթև անի և հասկանա, թե ինչպես է խնդիրը լուծում»,-շեշտեց նա: