«Այս քայլերը պետք է արտառոց դեպք համարել եւ թույլ չտալ, որ ապագայում կրկնվեն»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումներին, որոնք նախատեսվել էին կառավարության որոշմամբ՝ մարտի 16-ին, այսպիսի կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը:
Հիշեցնենք՝ այդ որոշմամբ արգելվում էին հրապարակումները, որոնք չէին արտացոլում պաշտոնական տվյալները եւ դիրքորոշումը՝ կապված համավարակի հետ: Որոշմանը նաեւ հետեւեցին լրատվամիջոցներին պատասխանատվության կանչելու քայլեր: Խնդիրն արժանացավ լրագրողական կազմակերպությունների քննադատությանը, որոնք հայտարարություն տարածեցին եւ պահանջեցին ուժը կորցրած ճանաչել կառավարության որոշումը: Բոլոր այս քայլերի ձեռնարկումից հետո ՀՀ կառավարությունը որոշ փոփոխություններ մտցրեց որոշման մեջ:
Ըստ Աշոտ Մելիքյանի՝ միջազգային կազմակերպությունները միեւնույն ժամանակ հաշվի կառնեն այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները վերնայեցին որոշումը՝ ընդունելով իրենց սխալը:
Այս իրադարձությունների պատճառով BBC-ի «Կորոնավիրուսը` ԶԼՄ-ների եւ ընդդիմության վրա ճնշումներ գործադրելու պատրվակ» հրապարակման մեջ Հայաստանը համեմատվեց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Աշոտ Մելիքյանը կատարվածի առնչությամբ ասաց. «Հայաստանում մենք նույնպես ականատես եղանք շատ անհիմն եւ կոշտ սահմանափակումների, եւ մեծ հաշվով, իհարկե, այդ սահմանափակումները հարիր չէին ժողովրդավարական հասարակությանը եւ հետհեղափոխական Հայաստանին: Եվ դա խորը մտահոգություն առաջացրեց մեզ մոտ, դրա համար էր, որ 11 լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում նաեւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, հանդես եկանք եւ պահանջեցինք կառավարությանը չեղյալ համարել արտակարգ դրության որոշման մեջ այն 4 կետերը, որոնք վերաբերում էին ԶԼՄ-ներին»: