«Եթե Հայաստանի իշխանությունները լավ աշխատած լինեին, գուցե այս փոփոխվող աշխարհում 2020 թ․գարունը մենք դիմավորեինք վավերացված (ՀՀ–ԵՄ–խմբ.) համաձայնագրով», – սա մեջբերում է «Հրապարակ» օրաթերթի ապրիլի 15–ի համարի` «Վիրուսից հետո մենք ավելի ենք ինտեգրվելու համաեվրոպական տարածքին» հոդվածից։ Վերնագրում արտահայտված միտքը զրուցակցի` արտաքին գործերի նախկին փոխնախարար Ռոբերտ Հարությունյանի կարծիքն է, և նույնիսկ այն դեպքում, երբ նա հերքում է, թե մենք խնդիրներ ունենք Եվրոպայի հետ, միևնույն է, հեղինակն իր նախաբանում պնդում է, որ Եվրոպայի հետ գործերը լավ չեն։ Ավելին, ըստ թերթի` «Հայաստանի քաղաքացիներից շատերի մտավախությունն այն է, որ այս անորոշ վիճակը մեզ ավելի ու ավելի է տանելու դեպի ռուսական ազդեցության գոտի ու էլ ավելի է կտրելու Եվրոպայից»։ Կողմնակալ մեկնաբանության փաստն արձանագրել ենք Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումները բացահայտելուն միտված մոնիտորինգի ընթացքում:
Հայաստան–ԵՄ համաձայնագրով նախանշված գործընթացներն արդյո՞ք շեղվել են հունից. հարցով դիմել ենք Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանին։
«Ի սկզբանե ասեմ, որ համաձայն չեմ հարցադրման բովանդակության հետ: Նախ՝ ԵՄ-ն, որպես կառույց, շարունակում է միլիոնավոր եվրոների օգնություն ցուցաբերել Հայաստանին, ինչի համար մենք պետք է շնորհակալ լինենք: Բացի այդ, այսօրվա դրությամբ, կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելու նպատակով ամենամեծ օգնություններից մեկը, ավելի քան 90 միլիոն եվրո, Հայաստանին ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել Եվրոպայի ամենամեծ տնտեսությունն ունեցող երկիրը՝ Գերմանիան: Չի բացառվում, որ հատկացումներ լինեն Ֆրանսիայից և այլ երկրներից ևս: Հետևաբար, եթե անգամ այս փուլում ինչ-որ գործընթացում ինչ-որ բան իր տեղում էլ չէ, ապա դա կորոնավիրուսի հարուցած իրողությունների և ոչ թե քաղաքական կամ աշխարհաքաղաքական մոտեցումների հետևանք է: Բրյուսելի, Փարիզի կամ Բեռլինի հետ Երևանի հարաբերություններում որևէ խզում, որ կունենար մարտավարական կամ առավել ևս ստրատեգիական բնույթ, գոնե ես չեմ նկատում»:
Ճիշտ նույն կերպ էլ «Հրապարակ»-ի վերոնշյալ հոդվածում զրուցակիցը, անդրադառնալով Եվրոպայից Հայաստանին տրվող օգնություններին, արձանագրում է, որ «սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Եվրոպան իրեն պատասխանատու է զգում ոչ միայն իր ներքին խնդիրների համար, այլև` գործընկերների ու, առհասարակ, աշխարհում տեղի ունեցողի համար… կարևորն այն է, որ այս ծանր փուլում մարդիկ ասում են՝ մենք մեզնից կկտրենք, մի մասը կտանք ձեզ»։ Ու անգամ այս պնդումը հետ չի պահում հոդվածի հեղինակի արտահայտված` Ռուսաստանին վերաբերող մեկ այլ դատողությունից, որը վերագրվում է ՀՀ քաղաքացիների մեծամասնությանը, թե` «շատերի մտավախությունն այն է, որ այս անորոշ վիճակը մեզ ավելի ու ավելի է տանելու դեպի ռուսական ազդեցության գոտի ու էլ ավելի է կտրելու Եվրոպայից»։
Ի վերջո, հիմքեր կա՞ն նման մտավախություն ունենալու։ Ըստ Արմեն Զաքարյանի` «Հայաստանն այս տարիների ընթացքում, ելնելով աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային էքսիզստենցիալ իրողությունների համադրման հանգամանքից, իր համար կենսական հարաբերություններում որոշակիորեն կարողացել է հավասարակշռություն պահել բոլոր կարևոր ուժային կենտրոնների հետ, թեպետ միշտ չէ, որ դա հանջողվել է այնպես, ինչպես ցանկալի կլիներ»: Բոլոր դեպքերում, ըստ մեր զրուցակցի, նույնիսկ հիմա կարող ենք դիտարկել, որ կորոնավիրուսի հաղթահարման հետկարանտինային ժամանակահատվածն աշխարհում, գոնե կարճաժամկետ հեռանկարում, ունենալու է համագործակցային բովանդակություն, որպեսզի հնարավորինս արդյունավետորեն հաղթահարվի այս մարտահրավերը: «Այդ պայմաններում չեմ պատկերացնում, որ որպես հրատապ օրակարգի հարց ձևակերպվի Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումն այս կամ այն կողմում խորացնելու խնդիրը, ուստի մեզ համար առաջնային է մնում համագործակցությունը բոլոր բարեկամների հետ, որպեսզի Հայաստանը նվազագույն կորուստներով, իսկ եթե հնարավոր լինի՝ անկորուստ, դուրս բերվի այս համավարակային մղձավանջից», – ամփոփում է Արմեն Զաքարյանը:
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
ԽԱՊԿ փորձագետ