«Մանկապղծության կոնվենցիան վավերացնելուն պատգամավորները տվեցին դրական եզրակացություն». վերնագիրը «Իրավունք» թերթի ապրիլի 28–ի համարից է։ Խոսքն այս անգամ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի, այլ կերպ ասած` Լանզարոտի կոնվենցիայի մասին է։ Վերնագիրը հիշեցնում է այն բառապաշարը, որը թերթը ժամանակին գործածում էր «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»-ի` Ստամբուլյան կոնվենցիայի թեման լուսաբանելիս։ Ու ամեն անգամ գտնվում են փորձագետներ, հոգեբաններ, որոնք կողմնակալ մեկնաբանություններով խեղաթյուրված պատկեր են ստեղծում։ Բայց մինչ այդ`
Ծանոթություն.
Դեռևս 2019թ. նոյեմբերին Կառավարությունը հավանություն է տվել 2007թ. Լանզարոտում ստորագրված ««Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ապա Կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ միջազգային այս պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով: ՍԴ որոշումը եղել է դրական, և նախագիծը մտել է ԱԺ` ապրիլի 27–ին այստեղ քննարկումներ են անցկացվել թեմայի շուրջ:
Ի դեպ, այս կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է 2010թ. սեպտեմբերի 29-ին: Այս պահին փաստաթուղթը Եվրոպական խորհրդի 47 անդամ պետություններից 45-ում ուժի մեջ է մտել։
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանն ԱԺ–ում ապրիլի 27–ին ներկայացնելով փաստաթուղթը` ասաց, որ այն «կոչված է ապահովելու երեխաների պաշտպանվածությունը սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից՝ հաստատելով ընդհանուր չափորոշիչներ ու սահմանումներ»: Այսօր` մայիսի 11–ին, Ազգային ժողովն ընդունեց ՀՀ Կառավարության ներկայացրած «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Իսկ հիմա մեջբերենք «Իրավունք»–ում արտահայտված կարծիքն ու համեմատենք փաստաթղթի հետ։ Այսպես` «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը թերթին տված հարցազրույցում ասում է. «…կոնվենցիայի վավերացումով պետությունը պարտավորվում է ապահովել երեխայի կողմից իր սեռական կողմնորոշումը ընտրելու և այդ հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքը»։ Մինչդեռ, Կոնվենցիայում նման միտք չկա, «սեռական կողմնորոշում» արտահայտությունը կիրառվում է միայն մեկ տեղ՝ խտրականության արգելման մասին հոդվածում, իսկ ընտրության մասին ընդհանրապես ոչ մի խոսք չկա։ Ահա հոդված 2-ում այդ հատվածը` «Խտրականության արգելման սկզբունքը. «Կողմերի կողմից սույն կոնվենցիայի դրույթների կիրարկումը, մասնավորապես՝ զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով միջոցառումների իրականացումը, երաշխավորվում է առանց որևէ հիմքով խտրականության, ինչպիսիք են սեռը, ռասան, մաշկի գույնը, լեզուն, կրոնը, քաղաքական կամ այլ համոզմունքները, ազգային կամ սոցիալական ծագումը, ազգային փոքրամասնության պատկանելությունը, գույքային դրությունը, ծնունդը, սեռական կողմնորոշումը, առողջական վիճակը, հաշմանդամությունը կամ այլ կարգավիճակ»:
Փորձագետը շարունակում է իր պնդումը. «Կոնվենցիան պարտադրում է դպրոցական ծրագրերում ներառել սեռական դաստիարակության նյութեր` երեխաների մոտ սեռական հարաբերությունների նկատմամբ վաղ տարիքից հետաքրքրություն առաջացնելու համար»։ Հիմա տեսնենք արդյո՞ք Կոնվենցիայում նման ձևակերպում կա։ Ահա`Կոնվենցիայի հոդված 6–ում`«Երեխաների կրթությունը» բաժնում, ասվում է. «Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց զարգացող կարողություններին: Ծնողների հետ համագործակցությամբ տրամադրված այդ տեղեկությունները պետք է անհրաժեշտության դեպքում տրվեն սեռական բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկությունների առավել լայն համատեքստում, և պետք է հատուկ ուշադրություն դարձվի վտանգավոր, հատկապես նոր տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործում ներառող իրավիճակներին»:
Այսպիսով` համոզվում ենք, որ փորձագետի միտքը հեռահար աղերս անգամ չունի Կոնվենցիայում արտահայտված սկզբունքի հետ։ Ակնհայտորեն այստեղ գործ ունենք փաստերի աղավաղման հետ։ Եվ հաշվի առնելով իրողությունը, որ 2010 թվականին նախորդ իշխանությունների կողմից ստորագրված կոնվենցիայի շուրջ նման մեկնաբանությունների ականատես ենք լինում հիմա, պարզ է դառնում, որ սա հերթական թեման է, որը մանիպուլյատիվ կերպով օգտագործվում է ներկա իշխանությունների դեմ։
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ,
ԽԱՊԿ փորձագետ