Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրականացրած՝ «Եվրոպական արժեքների վարկաբեկման դրսևորումները ԶԼՄ-ներում» հետազոտման արդյունքները (2019թ․ սեպտեմբեր- 2020թ․ ապրիլ) ոչ միանշանակ են ընդունվել հայաստանյան ԶԼՄ-ների մեր որոշ գործընկերների կողմից։ Նրանց մոտ հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ ենք ուշադրության արժանացրել հենց եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումները, այլ ոչ թե, ասենք, ռուսական, չինական կամ հենց հայկական։
Թե ինչ արժեքների վրա է հիմնված Եվրոպան, պարզ է՝ ազատության և ժողովրդավարության․ դրանք են՝ հարգանքը մարդու և նրա արժանապատվության նկատմամբ, հավասարությունը, իրավական պետությունը և մարդու իրավունքների պահպանումը՝ ներառյալ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքները, բազմակարծությունը, խտրականության բացառումը, հանդուրժողականությունը, արդարությունը, համերաշխությունը և կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը։ Այս արժեքներն արդյո՞ք ընդունելի չեն նաև հայերի, ռուսների ու չինացիների համար։
Իհարկե, մանիպուլյացիա միշտ կարելի է անել՝ նույնացնելով եվրոպական արժեքները միասեռ ամուսնությունների կամ սեռափոխության հետ, ինչին արդեն անդրադարձել ենք մեր հրապարակումներում։ Իսկ մեր հետազոտությունը հենց փաստերի խեղաթյուրումները հայտնաբերելուն էր միտված, ինչն ուղիղ կապ ունի լրագրողական էթիկայի ու ինֆորմացիայի բարեխիղճ մատուցման հետ։
Բերենք մի քանի օրինակ, որոնց չենք անդրադարձել մեր նախորդ հրապարակումներում։ Ողջ հետազոտության ընթացքում նկատելի էր որոշ լրատվամիջոցների ընդգծված նպատակը՝ ներկա իշխանություններին ներկայացնել իբրև Եվրոպայի դրածոներ։ Այսպես՝ «Երկիր մեդիա» հեռուստաալիքում այն թեզը, թե Փաշինյանին իշխանության են բերել արտաքին, այդ թվում՝ եվրոպական ուժերը, մատուցվում է հետևյալ դիտանկյունից. դա աշխարհաքաղաքական ուժերն արել են, որպեսզի ղարաբաղյան խնդիրը լուծեն իրենց սցենարով: Նման կարծիք է արտահայտել «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ փետրվարի 21-ին հեռարձակված և փետրվարի 25-ին կրկնված «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ:
Մյուս թեզը․ քանի որ Հայաստանի ներքաղաքական խնդիրները հաճախ առնչվում են եվրոպական կառույցների հետ հարաբերություններին, Նիկոլ Փաշինյանի հակառակորդները փորձում են վարկաբեկել և՛ նրան, և՛ այդ կառույցները: Այսպես՝ «Tert.am» լրատվական կայքը, որը նախկին խորհրդարանում ՀՀԿ չորս պատգամավորների պատկանող մեդիա հոլդինգի կազմում է, փետրվարի 7-ին հրապարակեց քաղաքացիական ակտիվիստ Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը, որում ասվում էր. «Նիկոլ Փաշինյանը գոյություն ունի ԵԽԽՎ-ի շնորհիվ: ԵԽԽՎ-ն է պատճառը, որ Նիկոլը ցմահ դատապարտված չէ»: Ավելին, ակտիվիստի կարծիքով՝ Փաշինյանը դառնալու է ԵԽԽՎ-ի բարոյազրկման պատճառը, քանի որ վերջինս արարողակարգային դատապարտող ձևակերպումներից զատ, Փաշինյանի դեմ այլ բան չի ձեռնարկելու:
Թեպետ այս դատողությունները որևէ փաստական հիմնավորում չունեն և զուրկ են տարրական տրամաբանական կապերից, այսուհանդերձ, դրանք օգտագործվում են այն հաշվով, որ հնարավոր կլինի ազդեցություն գործել լսարանի ոչ բավարար իրազեկ հատվածի վրա:
Կամ այս մեկը՝ իբրև փաստերի ակնհայտ խեղաթյուրում․ «Եվրամիությունը դրամաշնորհներ է տրամադրել Նիկոլի կառավարությանը, որպեսզի վերջինս թաղի «հայկական կոնյակ» հասկացությունը («Իրավունք», 20 մարտի, 2020)։ Իրականում եվրոպական շուկա «Հայկական կոնյակի» արտահանման պայմանները քննարկվում են արդեն մի քանի տարի, և խնդիրն այն է, որ «կոնյակ» անվանումն իբրև բրենդ ֆրանսիական է և համապատասխանում է Ֆրանսիայի քաղաքի աշխարհագրական անվանմանը: Միաժամանակ, «Հայկական կոնյակը» բրենդ է Հայաստանի համար: Այս խնդիրը կարգավորվում է ծագման վայրի անվանումների և դրանց միջազգային գրանցման մասին Լիսաբոնյան համաձայնագրով, ինչպես նաև՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում ընդունված՝ «Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագրով, որին միացել է նաև Հայաստանը: Այսինքն՝ այս գործընթացը կապել ներկա Կառավարության հետ՝ մեղմ ասած, անբարեխղճություն է։
Ի վերջո, եթե եվրոպական թեմատիկայով փաստերի խեղաթյուրումները կանխամտածված բնույթ չունեն և ստացված տվյալների հավաստիության մեջ համոզվելու ցանկություն կա, ապա ժամանակակից տեխնոլոգիաներով դրանք հեշտ է ճշտել: Ընդ որում, հարկ է ելնել նրանից, որ մեդիագրագիտության տարածմամբ ավելի ու ավելի շատ մարդիկ են ձեռք բերում փաստերը ստուգելու հմտություններ, և լսարանը, կիսաճշմարտության կամ ակնհայտ կեղծ տեղեկություններ հայտնաբերելիս, դադարում է վստահել կամ ծայրահեղ դեպքում սկսում է ավելի քիչ հավատալ տվյալ ԶԼՄ-ին: Նույնը վերաբերում է անանուն (ենթադրաբար՝ գոյություն չունեցող) աղբյուրներին արված հղումներին: Պետք է հաշվի առնել, որ «ըստ մեր աղբյուրների», «ինչպես մեզ հայտնի է դարձել» և նման այլ արտահայտությունները, որոնք օգտագործել են մի շարք հետազոտված ԶԼՄ-ներ, զգալիորեն կրճատում են հրապարակված տեղեկության նկատմամբ վստահությունը:
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ